«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2010-12-02 | #223, 2010-12-03 | #224, 2010-12-04


ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Վերջին օրերին մամուլն ու հեռուստաեթերները ողողված են WikiLeaks կայքում տեղ գտած հրապարակումներով եւ դրանց շուրջը ծավալվող բանավեճերով, պարզաբանումներով: Այդ կայքը, որը առավել հայտնի է գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծմամբ, եւ արդեն շուրջ 250 հազար տարբեր աստիճանի դիվանագիտական փաստաթղթեր է հրապարակել, այն էլ ամերիկյան աղբյուրներից, շատ փաստեր է ջրի երես հանել: Եվ ահա Ինտերպոլը WikiLeaks կայքի հիմնադիր, ավստրալացի Ջուլիան Ասանժին ձերբակալելու կարգադրություն է արելՙ պետական գաղտնի նյութեր հրապարակելու համար:

Նախորդ օրը Արարատի մարզի Խաչփառ համայնքի մանկապարտեզի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, եւ «Ազգը» խնդրեց դեսպանին կարծիք հայտնել կայքում զետեղված փաստերի առնչությամբ: «Կարծում եմ արդեն տեղյակ եք մեր կայքում զետեղված հայտարարությանը, նաեւ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի երկուշաբթի օրը արած հայտարարությանը: ԱՄՆ կառավարությունը դատապարտում է ցանկացած տեսակի տեղեկատվության ոչ օրինական եւ չարտոնված հրապարակումը: Դա վտանգում է մեր ազգային անվտանգության շահերը, նաեւ մեր դաշնակիցների, գործընկերների, բարեկամների հետ աշխատելու հարցում, խնդիրներ, խոչընդոտներ են ստեղծում: Մենք հագեցած արտաքին քաղաքականության օրակարգ ունենք եւ մեր այդ աշխատանքների ներքո աշխատում ենք մեր գործընկերներ, այլ պետությունների հետ: Մենք միայնակ չենք եւ այդ աշխատանքները ընթանում են տնտեսական, քաղաքական եւ անվտանգության ասպարեզներում: Երբ որ վտանգվում են մեր ազգային անվտանգության շահերը, դա նաեւ նշանակում է, որ վտանգվում են մեր գործընկերների ազգային անվտանգության շահերը: Աշխարհի մեր գործընկերների հետ մենք ունենք ամուր կապեր, եւ մեր այդ հարաբերությունները կարող են դիմանալ սրան եւ կարող է շարունակվել ու ամրապնդվել: Եվ կարծում եմՙ սա նաեւ իրավացի է Հայաստանի վերաբերյալ, որի հետ մեր հարաբերությունները, մեր գործընկերությունը շարունակվում են», պարզաբանեց Մարի Յովանովիչը:

  «Ազգի» հաջորդ հարցին պատասխանելով դեսպանը նշեց, որ 2010 թ. բացի մարդասիրական ծրագրերից, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված ընդհանուր աջակցությունը կազմում է 45 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղված է տնտեսական տարբեր ոլորտներին ու ծրագրերին, համատեղ աշխատելով Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների կարեւոր հարցերի շուրջը: Բազմաթիվ ու բազմազան են գրեթե բոլոր բնագավառներում իրականացվող ծրագրերը, լինե դրանք բարեգործական, ուսումնական, սոցիալական, անվտանգության եւ վերապատրաստման ուղղությամբ: «Մեր համագործակցությունը կայուն է ու շարունակական:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4