«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2010-12-02 | #223, 2010-12-03 | #224, 2010-12-04


«ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԶԶՎԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ»

Այս խոսքերը պատկանում են Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ժան Պոմանսին : Նոյեմբերի 28-ին նա Բելգիայում մասնակցելով ֆլամանդական հանրային հեռուստատեսության ծրագրին, հաղորդավարի «Ո՞ր ժողովուրդն էր, ըստ Վոլտերի, աշխարհի ամենազզվելի ազգըՙ հրեանե՞րը, թուրքե՞րը, թե՞ ֆլամանդացիները» հարցին պատասխանելիս ասել էրՙ «թուրքերը»: Այնուհետեւ Պոմանսը իսկույն ավելացրել էր. «Եթե թույլ կտաք, ուզում եմ պարզաբանել: Ես` որպես Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ, ամենեւին էլ նպատակ չունեմ վիրավորելու Բելգիայի թուրքական համայնքին: Պարզապես հարցին պատասխանելիս լեզվի սայթաքում եմ ունեցել եւ տվել թուրքերի անունը: Մեծ հարգանք եմ տածում թուրքական համայնքի եւ նրանց մշակույթի նկատմամբ»:

Նրա այս պատասխանը բուռն հակազդեցություն էր առաջ բերել Թուրքիայում: Այդ ընթացքում Բելգիայում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավջին տխուր միջադեպի առիթով դժգոհություն էր հայտնել եւ հայտարարել, որ այս խոսքերի համար ակնկալում են Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ժան Պոմանսի ներողությունը:

Դեկտեմբերի 2-ին Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահությունը Պոմանսի անունից պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ, ըստ «Դունյաբուլթենի» կայքէջի, ասված է. «Վոլտերը ո՞ր ժողովրդին է բնութագրել որպես աշխարհի ամենազզվելի ազգը» հարցի ճիշտ պատասխանը «հրեաներինն» էր: Այդ բնութագիրը որքան էլ Վոլտերին պատկանի, չպետք է վերագրվի որեւէ ժողովրդի, հետեւաբար անընդունելի է: Եթե իմ պատասխանը, անկախ իմ ցանկությունից, վիրավորել է Բելգիայի թուրքական համայնքին, ապա ես բոլորից ներողություն եմ խնդրում»:

Թուրքական «Դունյաբուլթենի» կայքէջը ենթադրում է, որ Պոմանսը նախապես իմացել է հարցի պատասխանը, պարզապես հրեաների հակազդեցությունից խուսափելու համար թուրքերի անունն է տվել:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4