«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2010-12-02 | #223, 2010-12-03 | #224, 2010-12-04


ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀՀԿ-Ի ԵՎ ԱՐՏԱԿՈԱԼԻՑԻՈՆ ՀՅԴ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Երեկ կոալիցիոն ՀՀԿ-ի եւ արտակոալիցիոն ՀՅԴ-ի ներկայացուցիչները, անդրադառնալով Աստանայում նախագահ Սարգսյանի ելույթին, կարելի է ասել` իրար մոտ կարծիքներ են հայտնել: Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը ճիշտ, ժամանակին արված հայտարարություն է անվանել նախագահ Սարգսյանի ելույթը: Ըստ նրա` եթե Ադրբեջանը փորձի պատերազմ վերսկսել, Հայաստանը ոչ թե պետք է ԼՂՀ-ն ճանաչելու մասին հայտարարի, այլ` ԼՂՀ-ի հետ միացման. «Հուսամՙ նախագահի ասածն այն չէ, որ միայն ռազմական ագրեսիայի դեպքում մենք կճանաչենք ԼՂ անկախությունը: Այդ դեպքում այլընտրանք չենք ունենա եւ պետք է միացում հայտարարենք ու վերջ», ասաց նա` կարծիք հայտնելով, որ ճանաչման հարցը պետք է ԱԺ օրակարգ մտնի նաեւ այն դեպքում, երբ ԼՂ խնդրով ընթացող բանակցությունները փակուղի մտնեն, իսկ ԱԺ-ն պետք է խելամիտ ելք գտնի ճանաչման ուղղությամբ, այնպիսի ելք, որպեսզի միակ շահողը լինի Ղարաբաղը:

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի խոսքովՙ Ալիեւի ելույթից պարզ է դարձել, որ նրանք նորից հին ճախարակն են մանում` «օկուպացրած տարածքներ», «տարածքային ամբողջականություն» հանգով, բնական է, որ Հայաստանի նախագահն էլ իր ելույթում պետք է հստակ ասեր, թե ուժի կիրառման դեպքում մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը: ԼՂՀ-ն ճանաչելու պարագայում ռազմական պայմանագիր կկնքվի փոխօգնության մասին, որով Հայաստանն իրավունք կունենա պատերազմի վերկսման դեպքում օգնելու Ղարաբաղին: Իսկ Հայաստանն էլ ռազմական պայմանագիր ունի Ռուսաստանի հետ, եւ Ռ. Զոհրաբյանի ասելով` Ռուսաստանն էլ անմասն չի մնա հակամարտության լուծման գործում: «Ժառանգության»` ԼՂՀ-ն ճանաչելու օրինագծի մասին էլ ասաց. «ՀՀ նախագահը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա մենք կճանաչենք Ղարաբաղի Հանրապետությունը: Եթե մինչեւ այդ օրը «Ժառանգությունը» նորից հարցը բարձրացնի, ու պատերազմը սկսված լինի, ապա մենք կճանաչենք ԼՂՀ-ն, բայց մինչ այդ չենք ճանաչի, որովհետեւ փորձելու ենք նորից բանակցությունների ճանապարհով հասնել փոխադարձ զիջումային տարբերակին»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4