«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2010-12-02 | #223, 2010-12-03 | #224, 2010-12-04


ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ

«Արմենիայի» ուղեւորությունը շարունակվում է

Ճամփորդությունը միշտ, ամենայնից զատ, նաեւ ծրագիր է: Թեեւ, մանավանդ ծովային նավարկության ժամանակ, դժվար է դրա սահմանները պահպանել: Եղանակային պայմանները, առաջին հերթինՙ անհողմությունը: Վնասվածքները: Նույնիսկ հերթերը, ինչպես պատահեց Պանամայի ջրանցքով Ատլանտյան օվկիանոսից դեպի Խաղաղ անցման ժամանակ: Կարծես ամեն ինչ ծրագրված էր նաեւ մեր ճամփորդության դեպքում, որն ուղղակի հակադարձ համեմատության մեջ է ցանկացած այլ ճամփորդությունից, անցումից, ծովարշավից: Շատ անգամներ եմ նշել, որ մենք, գերիների պես, կախվածության մեջ ենք Սփյուռքի աշխարհագրությունից: Չենք կարող մեզ թույլ տալ ընտրել լավագույն, եթե չասենքՙ ավանդական երթուղի: Խոսքը հարաբերականորեն այն կարճ ուղու մասին է, որը թույլ կտար շրջանցել բնական ծովային հոսանքները եւ պասսատային քամիները, որոնք, իհարկե, լավագույն դեպքում կարող են համընթաց լինել:

Փորձը ցույց է տվել, որ մեր երթուղու առանձնահատկության պատճառով ստիպված ենք լինում կրկնակի ճանապարհ անցնել: Պատահական չէր, որ «Լիտերատուրնայա գազետա»-ն իմ ռեպորտաժներից մեկը վերնագրել էր բավական իրականՙ «Հայկական աշխարհաշուրջՙ երկու հասարակածի չափով»: Այն ժամանակ հաշվարկները ցույց տվեցին, որ մոտավորապես Հարավային Ամերիկայի արեւելյան ափեզերքին արդեն գրանցելու էինք առաջին քառասուն հազար կիլոմետրը, այսինքնՙ առաջին հասարակածը: Այդպես էլ եղավ: Մոտավորապես Բրազիլիայի եւ Արգենտինայի միջեւ: Իսկ աշխարհագրական ճշգրտությամբՙ Ուրուգվայում: Եվ հենց այնտեղից էլ պետք է ոչ միայն շարունակեինք երթուղին «երկրորդ հասարակածի» շրջանակներում, այլեւ այնտեղ պետք է կանգ առնեինք որոշ ժամանակ, որպեսզի նախապատրաստվեինք անցմանը տխրահռչակ Հորն հրվանդանով, որը մեծ «աշխարհաշրջիկ» սըր Ֆրենսիս Չիչեստերի բառերովՙ ծովագնացների ճանապարհի «Էվերեստն» է:

Հորն հրվանդանի մասինՙ հետո: Իսկ առայժմՙ մեր իսկական վշտի մասին: Հենց Բրազիլիայում էր, որ պատահեց այդ դժբախտությունը «Արմենիա»-ի անձնակազմի հետ: Այդ մասին հավանաբար արդեն շատերը գիտեն: Մեր կոկի, մեր Սամվել Սարգսյանի մահացու հիվանդության մասին: Ամեն ինչ տեղի ունեցավ անսպասելի,արագ ու հանկարծակի: Թվացյալ հզոր առողջության խորապատկերին: Նավում հաճախակի կատակների թեմա էր մեր խոհարարի մշտապես կատաղի ախորժակը: Մեկնարկի նախօրեին բոլորս բժշկական զննում էինք անցել: Եվ եթե չլինեին չորս կողոսկրերի կոտրվածքները հասարակածը հատելուց անմիջապես հետո վրա հասած ուժգին փոթորկի ժամանակ, մենք կարող էինք նաեւ չիմանալ ճակատագրական ախտորոշման մասին: Բրազիլական ամենամոտիկ Ֆորտալեզա նավահանգստային քաղաքում էխոսկոպիա անցկացրին: Քաղցկեղ: Համարյա բոլոր օրգաններում տարածված մետաստազներով: Ողբերգության կամ դրա արագացման պատճառ կարող էին լինել իհարկե նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթները, առանձնապես արեւադարձային գոտում երկարատեւ գտնվելու դեպքում:

Ռեպորտաժներից մեկում պատմել էի այն մասին, թե ինչպես տուն ճանապարհեցինք կոկին: Եվ այն մասին, որ մի քանի օր անց Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Հայրո Գալստյանը ինձ տեղեկացրեց, թե ինչ ողբերգություն է սպասում մեզ:

«Արմենիա»-ի վրա ոչ ոք կասկած չուներ, որ ես, որպես արշավախմբի պետ, անմիջապես որոշում էի կայացնելու ողջ անձնակազմով տուն վերադառնալ, որպեսզի լինեինք մեր ընկերոջ կողքին:

Դա 2009 թվականի դեկտեմբերն էր: Բոլորովին էլ պատահական չէր, որ հենց տարեվերջին, երբ հարավային կիսագնդում սկսվում է ամառը, «Արմենիա»-նՙ համաձայն ծրագրի, պետք է փորձեր շրջանցել Հարավային Ամերիկայի հարավային վերջամասը: Այն նույն Հորն հրվանդանը, որի մասին հուզմունքով են խոսում ողջ աշխարհի ծովայինները: Միայն «հարավային ամռանն» է հնարավոր անցնել, շրջանցել այն: Թեեւ ուժգին փոթորիկները, ծովային հոսանքները, պասսատային քամիները, միեւնույն ուղղությամբ փչող «ոռնացող քառասնականներն» այստեղ առկա են կլոր տարին: Մենք գիտեինք, որ ցանկանում ենք, թեՙ ոչ, կարող ենք վերադառնալ միայն մեկ տարի անց, երբ Հարավային կիսագնդում սկսվի ամառը:

Եվ համարյա մի տարի Սամվելի կողքին էինք: Նա մահանում էր տանջալիորեն երկար: Ամեն ինչ կատարվում էր մեր աչքի առջեւ: Սեպտեմբերի 5-ին նրա տանը նշեցինք իր 64-ամյակը: Միայն մեր ընկերոջ մահից հետո յուրօրինակ մրցույթ հայտարարեցին նրան փոխարինող գտնելու համար: Նոյեմբերի 21-ին նշեցինք քառասունքը: Իսկ հաջորդ օրը Բուենոս Այրես ճանապարհվեցինք արդեն նոր կոկիՙ Սարգիս Կուզանյանի հետ, որի մասին մանրամասն կխոսենք հետո: Իսկ առայժմՙ երկու բառով: Սաքոն մեր Ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ է, ծառայել է բանակում: Համապատասխան «փորձություն» է անցել վեստիբուլյար ապարատն ստուգող մարզասարքի վրա: Վերջին օրերին զորամասում սովորել է խոհարարական դասընթացներում, որտեղ մեր բանակի համար խոհարարներ են պատրաստում:

Հանուն արդարության պետք է խոստովանեմ, որ մենք լիովին հանգիստ էինք մեր «Արմենիա»-ի համար: Բաժանումը ձգվեց համարյա մեկ տարի, եւ սակայն մեր սրտերը խաղաղ էին այն գիտակցումից, որ օտարության մեջ «Արմենիա»-ի բախտը հուսալի ձեռքերում է: Կարո Արսլանյանի ձեռքերում:

Մի ողջ տարի Կարոն ու իր ընկերներ Արթուրո Կարագյոզյանը, Կիրկոր Սինասիրօղլին, Էդուարդո Քարամյանը պարբերաբար այցելել են «Արմենիա», օդափոխել են նավը, լիցքավորել ուժահավաքները, ժամանակ առ ժամանակ գործի գցել դիզել-գեներատորը, հիմնական շարժիչը, հետեւել են ջրհան մեքենաներին, մաքրել փոշին: Մի խոսքով, Կարոն այնպես էր գուրգուրել նավը, ինչպես կվարվեր իր «Պատագոնիա»-ի հետ: Սիրել էր «Արմենիա»-ն: Երջանկությունից կորցրել էր իրեն, երբ իմացել էր, որ Պանամայում նախապատրաստվում են հոբելյանական հանդիսություններիՙ ջրանցքի գործարկումից ի վեր դրանով անցած միլիոներորդ նավի հայտարարման առիթով: Տեղեկացել էր եւ այն մասին, որ այդ միլիոնի մեջ է ներառված նաեւ փոքրիկ «Արմենիա» առագաստանավըՙ հայկական դրոշով: Հենց այդ ժամանակ էր, Կարոյի բառերով ասած, որ իր մեջ միտք էր ծագել մեզ հետ ճանապարհ ընկնել մինչեւ ամերիկյան մայրցամաքի ամենահարավային վերջավորություն եւ իհարկե անցնել Հորն հրվանդանը: Կարծում եմ, եթե Կարոն իրոք ցանկանա մեզ հետ անցնել երթուղու այդ հատվածը, ապա ոչ առանց ուրախության կասեմ, որ նա կրկնակի վաստակել է մեր համաձայնությունը: Նախ, արդեն հարազատացել է անձնակազմի հետ նրանով, որ մեզ հետ ճանապարհի մի հատված անցել է: Երկրորդ, մի ամբողջ տարի իր ընկերների հետ հովանավորության տակ է վերցրել մեր նավը: Եվ վերջապես, կա նաեւ երրորդ փաստարկը: Ինչպես գիտենք անցած ռեպորտաժից, Կարոն փայլուն առագաստանավորդ էՙ անսահման սիրահարված իր օվկիանոսին, իր «Պատագոնիա»-ին: Ճիշտ է, ես այնքան էլ չեմ հավատում, որ Կարոն կմասնակցի մեր երթուղուն: Ինքն է խոստովանել, որ հազիվ էր ժամանակ պոկել նույնիսկ սեփական որդու հարսանիքի կազմակերպման համար: Իր «Պատագոնիա»-ով լողում է դեպքից դեպք: Բիզնեսը չափից ավելի ժամանակ է խլում: Մի խոսքով, կապրենքՙ կտեսնենք: Իսկ առայժմ նա, դարձյալ ժամանակ առ ժամանակ օգնում է մեզ նախապատրաստվելու Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ծովարշավի երկրորդ փուլի մեկնարկին: Իսկ նախապատրաստվել մեզ պետք է առանձնահատուկ պատասխանատվության առանձնահատուկ զգացումով: «Արմենիա»-ն մեկ անգամ արդեն Ատլանտյան օվկիանոսից մտել է Խաղաղ օվկիանոսի ջրեր: Հիշեցնեմ, որ նա անցել է Պանամայի ջրանցքով, փոխարկվելով առագաստները հավաքած մոտորանավակի: Դա ջրանցքի ծառայությունների պահանջն էր: Հիմա մեր առագաստանավին սպասում է Հորն հրվանդանը, որի պատմության, աշխարհագրության եւ բարքերի մասին կպատմենք առաջիկա ռեպորտաժներում:

Զուգադիպեց այնպես, որ այս գրառումներն ավարտելիս հզոր, բազմատոննանոց կռունկը սկսեց դանդաղ վեր բարձրացնել մեր «Արմենիա»-ն: Ինչքան չլինի, նրա վրա արդեն մի ողջ հասարակած ենք անցել, եւ թող օգնի մեզ Աստվածՙ անցնելու եւս մեկ ամբողջ հասարակած: Եվ մենք պետք է հանգամանորեն զննենք նավը, ստուգենք ու նախապատրաստվենք հանդիպման ոչ միայն Հորնի հետ:

Այստեղից էլՙ պատասխանատվության զգացում:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4