Հանրապետությունում հաշմանդամ մարդկանց իրավունքների եւ շահերի պաշտպանությամբ մտահոգ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների է միավորում 2006 թ. դեկտեմբերից գործող «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» (ՀՄՇՊ) դաշինքը, որի նպատակն է պաշտպանել ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքներն ու արժանապատվությունը, խթանել այդ իրավունքների իրականացման համար անհրաժեշտ իրավահավասար հնարավորությունների ու պայմանների ստեղծումը: Դաշինքի անդամ կազմակերպությունները մի շարք միջոցառումներ են նախատեսել անցկացնել հաշմանդամ անձանց իրավունքների հայտարարված միամսյակի ընթացքում:
Այդ շրջանակներում երեկ` հաշմանդամների միջազգային օրը, խաղաղ երթեր էին կազմակերպվել Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում: Շիրակի մարզկենտրոն Գյումրիում Անկախության հրապարակից մինչեւ կենտրոնական հրապարակ տեղի ունեցած երթին, որի կազմակերպիչը հատուկ կարիքներով կանանց «Ագաթ» կենտրոն ՀԿ-ն էր, մասնակցում էին հաշմանդամներ, նրանց հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք, ուսանող երիտասարդներ:
«2010 թվականի մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, իսկ հոկտեմբերի 22-ից այն արդեն ուժի մեջ է մտել,- ասաց «Ագաթ» կենտրոնի ներկայացուցիչ Աննա Ղուկասյանը : - Դրանով Հայաստանը մեծ պարտավորություններ է ստանձնել մեր երկրում հաշմանդամ անձանց համար նպաստավոր պայմաններ ու մատչելիություն ստեղծելու, նրանց հասարակության մեջ ներգրավելու եւ իրենց ճակատագրի կերտմանը մասնակից լինելու հնարավորություն ընձեռելու ուղղությամբ»: Կայացած երթի նպատակը այս կարգի մարդկանց խնդիրների վրա հերթական անգամ հասարակության եւ իշխանությունների ուշադրությունը հրավիրելն էր:
Գ. Մ.