«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2010-12-02 | #223, 2010-12-03 | #224, 2010-12-04


ԷԼԻՆԱՆ ՈՒ ԼԻԼԻԹԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԱԳԻ ՀԱՄԱՐ

Այսօր Թուրքիայի Անտաքիա քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի կանանց առաջնությունը: Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարում շախմատային թագի համար պայքարի մեջ կմտնեն 64 շախմատիստուհիներ, որոնք ըստ անհատական վարկանիշի վիճակահանությամբ զույգեր են կազմել: Մինչեւ կիսաեզրափակիչ փուլը ներառյալ մրցակիցները միմյանց հետ 2 պարտիայից բաղկացած մրցախաղ կանցկացնեն: Եթե դասական շախմատի կանոններով անցկացվելիք 2 պարտիաներում հաղթողը չորոշվի, ապա կնշանակվի լրացուցիչ մրցախաղ արագ շախմատի կանոններով: Եթե հաղթողը կրկին ի հայտ չգա, ապա հաջորդ փուլի ուղեգրի հարցը կվճռվի կայծակնային շախմատի մրցախաղում: Եզրափակիչում շախմատային թագի հավակնորդուհիները կանցկացնեն դասական շախմատի 4 պարտիա: Հարկ եղած դեպքում կնշանակվի լրացուցիչ մրցախաղ: Աշխարհի չեմպիոնուհին հայտնի կդառնա դեկտեմբերի 24-ին:

Հայաստանից շախմատային թագի համար պայքարելու իրավունք են ստացել Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: 1/32 եզրափակիչում Էլինա Դանիելյանի մրցակիցն է ռուսաստանցի Տատյանա Շադրինան, իսկ Լիլիթ Մկրտչյանը կհանդիպի Ժանն Սիաովենի հետ: Եթե մեր շախմատիստուհիներին ուղեկցի հաջողությունը, ապա հաջորդ փուլում Մկրտչյանի մրցակիցը կլինի Կամիլա Բագինսկայթե-Լուֆեյ Ռուան զույգի հաղթողը, իսկ Դանիելյանը կմրցի Հարիկա Դրոնավալի-Կրուտիկա Նադիգ հնդկական զույգի հաղթողի հետ:

Մրցաշարի հանդիպումները տեղի են ունենալու «Անեմոն» հյուրանոցում, որտեղ եւ բնակվելու են աշխարհի առաջնության մասնակիցները: Սակայն հյուրանոցի սրահում հնարավոր չի տեղավորել առաջին փուլի 64 մասնակիցներին, ուստի որոշվել է մեկնարկային տուրն անցկացնել այլ տեղ: Մրցումների վայր հասնելու համար մասնակիցներից 40 րոպե կպահանջվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4