«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2010-12-03 | #224, 2010-12-04 | #225, 2010-12-07


ՀՈՒՅՍԸ ՄԵՌՆՈՒՄ Է ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Որ Աստանայում «ճեղքում չի լինի», ակնկալվում էր ղարաբաղյան կարգավորման բանակցությունների «տրամադրվածությունից», բայց դա գրեթե անառարկելի դարձավ, երբ ՆԱՏՕ-Ռուսաստան երկխոսությամբ հանդերձ` կողմերը «մնացին յուրաքանչյուրն իր տեսակետին»:

Դրանից հետո էր, որ Միացյալ Նահանգների նախագահը որոշեց Աստանա չմեկնել: Նրան հետեւեց Նիկոլա Սարկոզին, իսկ Դմիտրի Մեդվեդեւը Ղազախստանի մայրաքաղաքում «աշխատեց» հազիվ մի քանի ժամ: Գումարվելու լիներ ԵԱՀԿ գագաթաժողովը մեկ այլ, ոչ հետխորհրդային մայրաքաղաքում, Ռուսաստանն այնտեղ ներկայացված կլիներ առավելագույնը արտգործնախարարի մակարդակով. Մեդվեդեւի ներկայությունն Աստանայում ե՛ւ տուրք էր «ընդհանուր անցյալին», ե՛ւ գուցե ակնարկ, թե ո՞վ է «եղանակ ստեղծում» աշխարհի այդ հորիզոնականներում:

Թերեւս ճշմարտությանն ավելի մոտ են փորձագետները, ովքեր գտնում են, որ «Աստանան արձանագրեց Եվրասիական տարածքում վերադարձ երկբեւեռայնությանը»: Մեդվեդեւի ասածը, որ «կողմերից յուրաքանչյուրը մնում է իր տեսակետին», դրա վկայությունն է, ինչը զգացվեց նաեւ նրա եւ ԱՄՆ պետքարտուղարի` Աստանայում ունեցած ելույթների ենթատեքստում. Ռուսաստանի նախագահը խոսում էր հակամարտությունների կարգավորման ընդհանուր սկզբունքների որոնման, պետքարտուղարը` դրանց լուծման ջանքերի մեծացման անհրաժեշտությունից:

Բայց դա իհարկե չի նշանակում, թե Ռուսաստանը չէր ցանկանա, որ որոշ հարցերի լուծում գտնվեր կամ, ընդհակառակը, ԱՄՆ-ը հակված է ամեն ինչ հենց «այստեղ եւ այժմ» կարգավորելու առաջնահերթությանը:

Վաշինգտոնն, ի դեպ, ավելի սառնասիրտ եւ շահագրգիռ լինելու դեպքում կարող էր քննարկել Ռուսաստանի համար ոչ այնքան ցավոտ խնդիրներում համաձայնության տարբերակը: Ի դեպ, այդպիսի ակնկալիք Ադրբեջանում կար` որ Մոսկվան, Վաշինգտոնը եւ Փարիզը, հնարավոր է, մի կողմ են թողնելու տարաձայնությունները Վրաստանի եւ Մերձդնեստրի խնդիրներում եւ սեւեռվելու են ղարաբաղյան կարգավորման բանակցություններում լուծումներ առաջարկելու վրա:

Դա, սակայն, տեղի չունեցավ:

Փոխարենն, այդուհանդերձ, ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների անունից տարածվեց համատեղ հայտարարություն, ինչը թերեւս կարելի է համարել Աստանայի միակ դրական արդյունքը:

Եվ այսօր, երբ խոսվում է ԵԱՀԿ գագաթաժողովի «կատարյալ ձախողման մասին», ապա տպավորություն է ստեղծվում, թե փորձ է արվում նվազեցնելու համատեղ հայտարարության նշանակությունը: Բայց այդ դեպքում նույնը կարելի է ասել նաեւ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների երկու հայտարարությունների մասին եւ հանգել եզրակացության, որ առհասարակ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում միջնորդները ոչինչ չեն ձեռնարկել եւ չեն ձեռնարկում:

Այդ դեպքում, սակայն, ինչի՞ վրա է հենվում բանակցային գործընթացը: Ինչո՞ւ են հանդիպում նախագահներ Սարգսյանը եւ Ալիեւը, ինչո՞ւ են համանախագահները պարբերաբար այցելում Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ, ինչո՞վ է, առհասարակ, զբաղվում ԵԱՀԿ-ն:

Կարելի է քննադատական պահվածք ունենալ, յուրովի մեկնաբանել ամեն պահ, բայց եզրահանգել, որ միջնորդները «կողմերին մղում են պատերազմի», թվում է, ճիշտ չէր լինի: Քանի որ այդ պատերազմն առաջին հերթին իրենց` միջնորդ երկրներին պետք չէ: Պատերազմը մեկ անգամ եղել է եւ չի բերել այնպիսի արդյունքի, որ բավարարեր բոլորին կամ ստեղծեր իրավիճակ, երբ կողմերից մեկն ստիպված լիներ մոռանալ իր հետաքրքրությունները եւ, կոպիտ ասած, մի կողմ քաշվեր: Ի՞նչ երաշխիք կարող են ունենալ նրանք, որ նոր պատերազմը բերելու է ուժերի` իրենց համար ավելի նպաստավոր հարաբերակցության:

Նման երաշխիք չկա: Իսկ այլ պարագայում ո՛չ առանձնաբար, ո՛չ միասին, դա էական չէ, միջնորդները «պատերազմ չեն հրահրի»: Մանավանդ, որ Ռուսաստանն իր «21-րդ դարի կովկասյան պատերազմն արդեն մղել է» եւ կարծես արդյունքներից դժգոհ չէ, իսկ Միացյալ Նահանգների ուղղակի միջամտության համար Հարավային Կովկասը եղել եւ շարունակում է մնալ փակ:

Պատերազմի հաջողության երաշխիք չունի նաեւ Ադրբեջանը: Դա ակնհայտ իրողություն է: Հակառակ պարագայում Բաքուն որեւէ հորդորի չէր անսա, որեւէ արգելքի առաջ չէր երկնչի: Դրանք գեղեցկախոսություններ են: Իրականն այն է, որ Ադրբեջանն արդարացիորեն զգուշանում է, որ պատերազմը միջազգայնորեն կօրինականացնի ԼՂ փաստացի անկախությունը: Եվ հարցը կփակվի: Պատերազմի առիթ չունի ԼՂՀ-ն: Ճիշտ է, նրա տարածքի զգալի մասը օկուպացված է, բայց փոխարենը միշտ էլ կա Ադրբեջանի հետ սահմանազատման հարցը բանակցություններով կարգավորելու տարբերակը:

Այս իրավիճակում բնական է, որ Ադրբեջանում Աստանայից հետո խոսում են ոչ այնքան պատերազմի հավանականության, որքան` Հելսինկիի փաստաթղթի մասին: Սա, իհարկե, «տեսության» ոլորտի թեմա է: Բայց պետք է հաշվի առնել, որ Բաքվում այն դիտարկվում է «պատերազմի իրավունքի» հարթությունում:

Այսինքն, Ադրբեջանը փորձում է Հելսինկիի փաստաթուղթը մեկնաբանել այնպես, որ նրանում տարածքային ամբողջականության սկզբունքը իբր գերակա է ինքնորոշման իրավունքի հանդեպ: Ու եթե այդ «սրբազան կովը չպաշտվի», ապա ինքը կունենա դա «պատերազմով պարտադրելու իրավունքը»:

Միջազգային իրավունքը, սակայն, ապրիորի «տարածքային ամբողջականություն» չի ճանաչում եւ, բնականաբար, չի կարող այն անվերապահորեն հարգել: Բոլոր դեպքերում, թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում, միջազգային իրավունքը ճանաչում եւ հարգում է բոլոր քաղաքացիների ազատ կամքով ընտրված, օրինական իշխանության իրավազորությունն այն ամբողջ տարածքում, որտեղ նա գործում է: Եվ, ընդհակառակը, մերժում է բռնությամբ իրավազորություն հաստատելու եւ այդպիսով «տարածքային ամբողջականություն» հաստատելու փորձերը:

Եթե Հելսինկիի փաստաթուղթը «սրբազան կովի պաշտամունքի» գերակայություն պարունակեր, ապա այն ստորագրող Խորհրդային Միությունը չէր փլուզվի, Գերմանիան չէր վերամիավորվի, Հարավսլավիան եւ Չեխոսլովակիան չէին տրոհվի:

Խոսքը, կրկնենք, ընդհանուր համաձայնության հիման բոլոր քաղաքացիների կամքի ազատ արտահայտությամբ ձեւավորված օրինական իշխանության իրավազորության տիրույթի, այլ ոչ թե հիպոթետիկ «պետական տարածքի» ամբողջականության մասին է:

Ադրբեջանի ներկա իշխանությունը, անկախ նրա ժողովրդավարական կամ ավտորիտար բնույթից, ձեւավորվել է այն տարածքի քաղաքացիների կամքով, որտեղ ձեռք է բերվել համաձայնություն պետական կյանքի կազմակերպման սկզբունքների եւ մեխանիզմների շուրջ: Այդ տիրույթից դուրս Ադրբեջանի պետական իշխանության իրավազորությունն օրինականորեն չի գործում: «Վերահաստատել» այն բռնությամբ, ուժի կամ ուժի սպառնալիքի, տնտեսական եւ կոմունիկացոն հարկադրանքի, մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակման ճանապարհով, այն քայլերով, որոնց դիմել, դիմում եւ սպառնում է դիմել Ադրբեջանը, նշանակում է չհարգել միջազգային իրավունքը, համադրվել քաղաքակրթությանը եւ արդի աշխարհակարգի հիմնական միտումներին:

Այլ բան, որ Ադրբեջանն ինչ-որ ժամանակ ունեցել է ԼՂ հայ արմատական մեծամասնության հետ համաձայնության եզրեր փնտրելու հնարավորություն: Բայց այն չի օգտագործվել: Հակառակը, ԼՂ-ի դեմ գործի են դրվել հարկադրանքի եւ պարտադրանքի, ներառյալ` զինված ագրեսիայի լծակները: Դրանով իսկ Բաքուն կորցրել է ԼՂ-ի նկատմամբ իրավազորություն ունենալու նաեւ բարոյական իրավունքը, իսկ քաղաքական եւ իրավական «հիմնավորումների» մասին, թվում է, եւս մեկ անգամ խոսելու անհրաժեշտություն չկա:

Ի վերջո, միջազգային հանրությունը, միջնորդները փորձում են Ադրբեջանի համար հնարավորություն ստեղծել, որպեսզի նա ԼՂ-ի հետ հարցերի քննարկման «պատուհան ունենա», իսկ Բաքուն ամեն անգամ մանկամտորեն թաքնվում է «նավթադոլարային պարիսպների հետեւում» եւ այնտեղից սպառնալիքներ հնչեցնում` անհասկանալի է` միջնորդների՞, միջազգային հանրությա՞ն, Հայաստանի՞, թե՞ միայն ԼՂ-ի հասցեին:

Ասում են` հույսը մեռնում է ամենավերջինը: Բայց պետք է նկատի ունենալ, որ հույսի հետ «մեռնում է նաեւ հուսացողը»: Պաշտոնական Բաքուն հետեւողականորեն իրեն մղում է անհուսալիորեն հուսացողի «վերջին դերակատարության»: Այդ ճանապարհին նրան թերեւս չարժե հաջողություններ մաղթել, քանի որ, ինչպես իրենց խոսքն է հուշում` «դժոխք գնացողը ընկեր շատ կուզենար»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4