«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2010-12-03 | #224, 2010-12-04 | #225, 2010-12-07


ՀՐԱԲԽԻ ԾԱՂԻԿ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սպիտակի երկրաշարժից հետո ծնված երեխաներն այսօր 20-21 տարեկան են: Մի ողջ սերունդ մեծացավ` լսելով երկրաշարժի մասին ահասարսուռ պատմությունները, բնակարանի կորուստի հետեւանքով մաշկի վրա զգալով վագոն-տնակային կյանքի բոլոր «հաճույքները»: Այդ նոր սերնդից անգամ ամուսնացողներ եւ զավակ ունեցողներ կան, ու նրանց համար կարեւոր է իրենց զավակներին պատմել ոչ թե երկրաշարժի սարսափները, ինչպես իրենց էին պատմում, այլ գեղեցիկ ու լուսավոր պատմություններ: Այդ նոր սերունդը ձգտում է ազատագրվել «երկրաշարժի սերունդ» որակումից, ձգտում է ապրել սովորական, մարդկային կյանքով: Բայց դրա համար ավագները եւս պետք է ազատագրվեն երկրաշարժի դաջից, ճակատի գրից` «երկրաշարժեն հետո եւ առաջ», մինչդեռ այսօր էլ երկրաշարժի գոտու բնակիչների ամենառաջնահերթ` բնակարանային խնդիրներն այդպես էլ մինչեւ վերջ չեն լուծվել: Երկրաշարժի ժամանակ դեռեւս երիտասարդ, իսկ այսօր ծերության շեմին ոտք դնող մարդկանցից դեռեւս 4 հազարից ավելին Գյումրիում իր քանդված բնակարանի դիմաց տուն չի ստացել: Պատկերացրեքՙ 22 տարում փոխվել է ծրագիր ծրագրի հետեւից, երիտասարդները ծերացել են, երկրաշարժից հետո ծնվածները հասուն մարդիկ են դարձել, բայց նրանց մի զգալի մասը իր կյանքը քարշ է տվել առանց բնակարան, կորցրած հարազատի ցավը սրտում` կսկծալով եւ սրթսրթալով, այսինքն` մի կերպ գոյություն է քարշ տվել: Երկրաշարժի գոտու տարածքում առավել սրված են գործազրկության, արտագաղթի, իրավական արդարության խնդիրները` սոցիալական ողջ փունջը, որ կա երկրում, բայց առավել ցցուն է հենց Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում: Բավական է ոտք դնել տարածքի բնակավայրերը` միանգամից տեսանելի են դառնում բոլոր խնդիրները, որոնք դժվարացնում են երկրաշարժի գոտու հասարակ մարդկանց կյանքը: Այնուամենայնիվ` գյումրեցի պատգամավոր Արծրունի Աղաջանյանը «Ազգի» հետ զրույցում նկատեց, թե վերջին տարիներին հատկապես մեծ ուշադրություն է դարձվել աղետի գոտուն` տարիներ չլուծված խնդիրներին լուծում տալու առումով:

2008 թվականին աղետի գոտու բնակարանաշինության խնդիրը համարվեց քաղաքական առաջնահերթություն, աղետի գոտու վերաբերյալ մշակվեց հայեցակարգ, կառավարական որոշում ընդունվեցՙ 3-4 տարվա ընթացքում վերջնականապես բավարարել այն բնակիչների բնակարանային պայմանները, որոնք աղետի հետեւանքով մնացել են առանց բնակարանի: Արդեն երրորդ տարին էՙ բյուջեում նախատեսվում են գումարներ բնակարանային շինարարության համար` այս տարի 23 միլիարդ դրամ էր հատկացված, եկող տարվա բյուջեում ավելի` 27 մլրդ դրամ է նախատեսված:

Աղետի գոտու խնդիրներին ուղղված ծրագիրը կազմված է այնպես, որ մինչեւ 2014 թվականը երկրաշարժի հետեւանքով բոլոր բնակարան կորցրածները պետք է ապահովվեն բնակարանով: Հուսանք

Ա. Աղաջանյանը հիշում է, որ 2008 թվականին հենց Գյումրիի քաղաքապետարանի ունեցած ցուցակները մաքրելուց հետո դեռեւս 4500-ից ավելի բնակիչ բնակարանի պահանջ ուներ. վերջնական ցուցակը ներկայացվեց Հայաստանի նախագահին, ըստ դրա թարմացվեց աղետի գոտու ծրագիրը: Գյումրեցիք հատկապես բողոքում էին բնակարանների անարդար բաշխումից, կաշառքի դերակատարումից այդ խնդիրը լուծելիս: Այժմ ամեն ինչ փորձ է արվում իրականացնել թափանցիկ. քաղաքաշինության նախարարությունը ստեղծել է հանձնաժողով` պատգամավորների մասնակցությամբ, բնակարանները հատկացվում են վիճակահանությամբ. «Եթե այսքան բանից հետո էլի կան թերություններ` պետք է բարձրաձայնել, ուղղել այդ թերությունները»: Ե՞րբ կմոռանանք «Աղետի գոտի» տերմինը, եւ երկրաշարժի հետեւանքներն իրենց շոշափելի զգացնել չեն տա` գյումրեցի պատգամավորը գյումրեցիներին հատուկ երգիծական շեշտադրում արեց. «1926 թվականի երկրաշարժի հետեւանքները մինչեւ հիմա կան, խոսքը նախ բնակարանային առաջնահերթ խնդիրների լուծման մասին է, մնացածը կամաց-կամաց... Մինչեւ հիմա սարքվել է քանդված բնակարաններից ավելին»:

Իսկ այսօր կհիշենք երկրաշարժի 25 հազար զոհերին` ամեն մեկս մեր հարազատին եւ բոլորին միաժամանակ: «Հրաբուխի ծաղիկ». այդպես էր անվանել գյումրեցի բանաստեղծ Տանյա Հովհաննիսյանն իր առաջին եւ միակ գիրքը. ինչ էլ գիտեր տարերքի մասին` երկրաշարժ կամ հրաբուխ, ինքն էլ դրան զոհ գնաց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4