«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2010-12-03 | #224, 2010-12-04 | #225, 2010-12-07


ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՆՕԹԵՎԱՆ ՏԱՍՆՅԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԶՐԿՎԱԾ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն դիմում-ուղերձ է հղել ՀՀ նախագահին եւ վարչապետին

Գյումրու «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը երեկ տարածել է հանրապետության նախագահին եւ վարչապետին ուղղված մի դիմում-ուղերձ, որում առաջարկում է երկրաշարժից անօթեւան ընտանիքների մի մասի խնդրի հետ կապված` փոփոխություն կատարել անօթեւանների հաշվառման կարգը սահմանող կառավարական որոշումներում:

«Բոլորիս է հայտնի,- ասվում է ուղերձում,- որ հետերկրաշարժյան տարիներին հիմնականում սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, գործազրկության եւ անօթեւանության պատճառով Հայաստանից ու հատկապես աղետի գոտուց հազարավոր ընտանիքներ արտագաղթեցին: Նրանց թվում կան հարյուրավոր այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժին բնակարան էին կորցրել, սակայն մինչեւ օրս պետության կողմից չեն փոխհատուցվել: Իսկ նման ընտանիքներից շատերը, վերահաշվառման ժամանակ բացակայելով Հայաստանից, հաշվառված չեն հերթացուցակներում եւ փաստորեն զրկված են բնակարան ստանալու իրավունքից, քանի որ աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հաշվառման կարգը սահմանող կառավարական որոշումներով դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2008 թ. դեկտեմբերի 15-ը:

Ավելին, նույն որոշումների համաձայն` սահմանված ժամկետում դիմում չներկայացրած անձանց նկատմամբ բնակարանների արտահերթ հատկացման մասով պետական աջակցության պարտավորությունները համարվում են դադարեցված: Ցավոք, այս որոշումը տարածվում է նաեւ 2008-ից հետո հայրենիք ներգաղթած տասնյակ անօթեւան ընտանիքների վրա, ինչի պատճառով աղետի գոտում վերջին երկու տարիներին հայրենիք վերադարձած փաստացի անօթեւան, սակայն անօթեւանի կարգավիճակից զրկված ընտանիքները պարտադրված են կրկին հեռանալ Հայաստանից: Ի դեպ, ներգաղթած ընտանիքներից շատերը չունեն անգամ ժամանակավոր կացարաններ եւ բնակվում են հարազատների կամ վարձակալած բնակարաններում»:

Դիմելով ՀՀ նախագահին եւ վարչապետին` «Շիրակ կենտրոնն» ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը շուտափույթ կերպով կանդրադառնա հիմնախնդրին եւ հաշվառման կարգի վերաբերյալ իր որոշումներում փոփոխություններ կատարելով` երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած, սակայն Հայաստանից ժամանակավորապես բացակայելու եւ տարաբնույթ այլ պատճառներով հաշվառումից դուրս մնացած ընտանիքներին հնարավորություն կտա օգտվելու անօթեւանների հերթացուցակներում հաշվառվելու եւ կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցվելու իրավունքից:

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4