WikiLeaks կայքէջում հրապարակված մի փաստաթղթի համաձայն, ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, Հայաստանում չկա որեւէ օբյեկտ, որը կենսական է ԱՄՆ-ի ազգային շահերի տեսանկյունից: Կայքէջը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում սփռված այն օբյեկտների ցանկը, որոնք, ամերիկացի դիվանագետների գնահատմամբ, կենսական են ամերիկյան ազգային շահերի տեսանկյունից: Ցանկը ընդգրկում է նավթամուղներ, տրանսպորտային, հեռահաղորդակցական հանգույցներ եւ այլ օբյեկտներ: Ըստ այդ հրապարակման` 2009 թվականի փետրվարին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրահանգել է արտերկրում գտնվող ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին` կազմել Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսական օբյեկտների ցանկը, ինչը եւ արվել է: Հայաստանի հարեւան երկրներում առկա օբյեկտներից նշված են Ադրբեջանով, Վրաստանով ու Թուրքիայով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքվի մոտ գտնվող Սանգաչալի նավթային տերմինալը, Թուրքիայում` Բոսֆորի նեղուցը, Իրանում` Հորմուզի նեղուցը:
Հ. Ա.