Դեկտեմբերի 2-ին Էրզրումի «Աթաթուրք» համալսարանի գրականության ֆակուլտետում տեղի է ունեցել therealhistory.org եւ gercektarih.org կայքէջերի շնորհանդեսը: «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության եւ «Աթաթուրք» համալսարանի շրջանակում գործող «Երիտասարդական նախաձեռնության պլատֆորմի» ջանքերով ստեղծված այս կայքէջերը, ինչպես «Հաբերթուրք» թերթն է նշում, ունեն «ցեղասպանության հայկական պնդումներին» պատասխանելու առաջադրանք: Դրանք նախատեսում են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն եւ թուրքերեն հրապարակումներով չեզոքացնել հայերի այսպես կոչված հակաթուրքական քարոզչությունը:
Շնորհանդեսին, թուրքական թերթի վկայությամբ, մասնակցել են Էրզրումի նահանգապետ Սեբահաթդին Օզթուրքը, «Աթաթուրք» համալսարանի ռեկտոր պրոֆ. Հիքմեթ Քոչաքը, դասախոսական կազմի եւ ուսանողության ներկայացուցիչներ, ներկայությամբ «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ դոց. Սավաշ Էղիլմեզի:
Ինչպես թուրքական թերթն է նշում, շնորհանդեսին Էրզրումի նահանգապետը, անդրադառնալով կայքէջերի ստեղծմանը, այս նախաձեռնությունը համարել է ուշացած, բայց եւ այնպես տեղին, ընդգծելով, որ դա վայել էր հենց Քեմալ Աթաթուրքի անունը կրող համալսարանին: Նրան լրացրել է «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահը: Նա, համարելով հայկական հարցում առկա դժվարությունները արտաքին աշխարհի հետ հարաբերություններում Թուրքիայի գլխավոր խնդիրներից մեկը, ընդգծել է, որ հակառակ իրենց հակաթուրքական գործունեությունը ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ արաբական երկրներում ծավալող հայերի, թուրքերը հիմնականում կենտրոնանում են թուրքական հասարակական կարծիքի վրա, ինչը լուրջ բացթողում է:
Այնուհետեւ նա շարունակել է. «Այս բացը, թեկուզ մասնակի, լրացնելու համար ստեղծել ենք նշված պլատֆորմը, որի շրջանակներում գործելու է երկու կայքՙ հինգ լեզվով: Այս կայքերի միջոցով աշխարհին իրազեկելու ենք 1915 թ. իրադարձությունների, թուրքերի եւ նրանց պատմության վիճարկվող հարցերի մասին ճշմարտությունը, որպեսզի հնարավոր լինի բարենպաստ համաշխարհային հասարակական կարծիքի ձեւավորումը»:
Էրզրումի նահանգապետի եւ «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահի ասածները նորություն չեն, հետեւաբար բավարարվում ենք հիշեցնելով նրանց Թուրքիայում լայն տարածում գտած արեւելյան ասացվածքը. «Շունը հաչում, իսկ քարավանը առաջանում է»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ