«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2010-12-03 | #224, 2010-12-04 | #225, 2010-12-07


ԱՏՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՙ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Երեկ կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 11-րդ նիստը, որի սկզբում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխ. դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ատյանի ակտիվ անդամ, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին հանձնեց նախարարության «Կոմիտաս» բարձրագույն շքանշանըՙ երգչախմբային արվեստում ունեցած մեծագույն ավանդի, ծննդյան առիթով եւ մաղթեց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Մաեստրոն շնորհակալություն հայտնեց նման պարգեւի արժանացնելու համար եւ խոստացավ աշխատել այնպես, որ արդարացնի բարձրագույն մեդալի արժանանալը:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրեց նախարարության պատվերով իրականացրած երեք գրքերըՙ «Հայ համայնքն ԱՄՆ-ում», «Հայկական համայնքների ինքնակազմակերպման խնդիրները Հարավային Ռուսաստանում» եւ «Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնության խնդիրները եւ տեղեկատվական ռեսուրսները», որոնք տպագրել են հիմնադրամի մասնագետները: Գրքերի շնորհանդեսը կայացավ եւ պրն Հարությունյանը ներկայացրեց իրենց հետազոտությունների արդյունքում մասնագետների հետեւությունները:

«Նշխարք Հայաստանից» ծրագիրը ատյանին ներկայացրեց երիտասարդ գեղանկարիչ Արեւիկ Պետրոսյանը, որը, ըստ հեղինակի, համայն հայության միասնության եւ համախմբման կոչ է: «Նշխարք Հայաստանից» 12 մեծածավալ աշխատանքներն Արեւիկ Պետրոսյանը նվիրաբերելու է սփյուռքի գաղթօջախներին, իսկ մեկըՙ Երեւանի ցեղասպանության թանգարանին: Այս ծրագիրն ընդունվեց ատյանի կողմից եւ նախարարը հատուկ նշեց, որ այն ֆինանսավորելու է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Ատյանի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր 2011 թվականին համազգային կարեւոր նշանակություն ունեցող հոբելյանիՙ Անի մայրաքաղաքի 1050-ամյակին: Նախարարի խորհրդական Արտակ Մովսիսյանը ներկայացրեց նախատեսվող միջոցառումների ցանկը եւ հատուկ նշեց, որ այն պետք է դառնա համայն հայության կարեւորագույն նշանակություն ունեցող գործոն, ի ցույց աշխարհին: Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ շուտով կկնքեն հուշագիր եւ համատեղ մի շարք միջոցառումներ կիրականացնենՙ Անիի 1050-ամյակին նվիրված: Նիստի ընթացքում քննարկվեցին 2011 թ. «Մեր մեծերը» եւ «Մայրենի լեզվի տարի» ծրագրերը, տրվեցին արդեն իսկ իրականացված միջոցառումների մասին հաշվետվություններ: Նիստի ավարտին Հրանուշ Հակոբյանը նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Գայանե Մխիթարյանին հանձնեց նախարարության պատվոգիրըՙ բարեխիղճ, հետեւողական եւ նվիրյալ աշխատանքի համար:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4