Հայաստանի ընդդիմությունը, իսկ արմատական ընդդիմությունն` էլ ավելի արմատապես, ղարաբաղյան թեմատիկան օգտագործում են տարբեր հարթակներում ակտիվություն պահպանելու եւ սեփական գոյության մասին հիշեցնելու համար: Դա նորմալ է: Աշխարհի բոլոր երկրներում էլ, եթե քաղաքականությամբ զբաղվելն արգելված չէ, ընդդիմադիր քաղաքական տարբեր ուժեր փորձում են ցավոտ ու հրատապ հարցերն այս կամ այն կերպ քննարկել, շահարկել ու, այդ ամենի արդյունքում, որոշակի քաղաքական օգուտ քաղել:
Սակայն, հայաստանյան ընդդիմությունը, ինչպես` հայկական ամեն բան, մի քիչ ուրիշ է: Ի տարբերություն աշխարհի այլ ընդդիմությունների, հայաստանյան ընդդիմությունը հատկապես աչքի է ընկնում մոտեցումների չհամակարգված բնույթով, հակասականությամբ ու տրամաբանական սխալներով լեցուն ցածրորակ քարոզչությամբ:
Այսպես, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն իր վերջին ասուլիսում միանգամից երկու մոտեցում է առաջ քաշել. ա) Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելն այսօր ժամանակավրեպ է, բ) եթե վաղը չէ մյուս օրը համապատասխան օրինագիծը հայտնվի օրակարգում, բոլորը միաբերան «կողմ» պետք է քվեարկեն:
Բայց սա դեռ ոչինչ: Թեմա է, որ արդեն մի քանի ամիս շրջանառվում է, եւ ՀԱԿ-ը որպես առանցքային ուժ չի կարող անմասն մնալ այդ քննարկումից, թեեւ` որեւէ արժեքավոր ներդրում չունենալու պայմանով: Հասկանալի է: Բայց տրամաբանական սխալներով քննարկման բովանդակությունը փոխելն ու սեփական շահերի հուն տեղափոխելն արդեն անթույլատրելի է:
Ո՞րն է սխալը: Վլադիմիր Կարապետյանն ու համախոհ այլ գործիչներ արդեն մի քանի օր թմբկահարում են, թե իբր Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ հնարավոր ագրեսիայի դեպքում Հայաստանը դե յուրե կճանաչի ԼՂՀ անկախությունը, այդ ճանաչումը կախման մեջ է դրել Ադրբեջանի ագրեսիայից: Եվս մեկ անհեթեթություն: Բայց այն հասկանալու համար դիմենք տրամաբանության օգնությանը:
Այս հարցադրումը տրամաբանական լուծում ստացել է գիտականորեն: Օրինակ` «եթե ձուկ է, ապրում է ջրում» դատողությունից անպայման չի բխում, որ ջրում ապրող բոլոր կենդանիները ձուկ են: Նույնկերպ` «եթե Ադրբեջանն ագրեսիայի դիմի, Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն» դատողությունից, ոչ մի կերպ չի բխում, որ Հայաստանը ԼՂՀ-ն կճանաչի բացառապես Ադրբեջանի ագրեսիայի դեպքում: Կրկնում եմ` սա տրամաբանական կանոն է, աքսիոմա, որը գիտենալու պարագայում Վլադիմիր Կարապետյանին ու մյուսներին սխալվելու մեջ բռնացնելը շատ հեշտ է:
Բայց մթությունը շահագործելու միջոցը իշխանություն իրացնելու նպատակին ծառայել է միշտ, ու Վլադիմիր Կարապետյանի այս մոտեցումը նորարարություն չէ: Ի վերջո, քաղաքականություն խաղալու համար մի փոքր էլ կեղծել պիտի կարողանաս:
Խոսքում հակասություններն ու տրամաբանորեն սխալ մտահանգումները հայ ընդդիմադիրների վերջին շրջանի միակ բացթողումը չեն: Քաղաքական առումով ամենախոշոր բացթողումը որեւէ տեսակետ չունենալն է: Ավելի ճիշտ` նույն խնդրի վերաբերյալ բազում տեսակետների առկայությունը:
ԼՂ հիմնահարցը հետխորհրդային անկախ Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է: Ստացվել է այնպես, որ անցնող երկու տասնամյակի ընթացքում մարդիկ միշտ էլ արտահայտվել են այդ խնդրի վերաբերյալ, հայտնել են տեսակետներ ու հնարավոր է եղել ուրվագծել նրանց մոտեցումներն ու դիրքորոշումները:
ՀԱԿ-ը, որն այսօր Լեւոն Տեր-Պետորսյանի տանիքի տակ հավաքել է 1998-ից ու 2008-ից հետո իշխանություններից դժգոհ ու նեղացած գործիչներին, որպես քաղաքական միավոր, այդպես էլ չի կողմնորշվել ԼՂ հարցում սեփական դիրքորոշման հարցում: Վաղուց սովորել ենք, որ այս քաղաքական ուժը ներկայացնող առանձին գործիչներ կարող են ԼՂ հարցում արտահայտել ծայրահեղ զիջողականից մինչեւ ծայրահեղ ազգայնական տեսակետներ: Եղել է նման բան:
Բայց Վլադիմիր Կարապետյանն այս առումով ուղղակի գտածո է: Նա ՀԱԿ-ում պատասխանատու է արտաքին քաղաքական օրակարգի հարցերով: Ու պետք է արտահայտի բոլոր ներգրավված ուժերի ու գործիչների քիմքին հարազատ որեւէ տեսակետ: Արդյունքում` ՀԱԿ ներկայացուցիչը հայտնվում է անհեթեթ վիճակում ու ստիպված է Լեւոն Տեր-Պետրոսյանին արդարացնելու համար պնդել, որ փոխզիջումն այլընտրանք չունի, սակայն մեկ քայլ հետո` օրվա իշխանություններին քննադատելու համար կուրծք է ճղում «ոչ մի թիզ հող թշնամուն» բանաձեւով: Եվ այս ամենին գումարած` նա մարդ է, ով եղել է Վարդան Օսկանյանի խոսնակն ու ի պաշտոնե արդարացրել ու հիմնավորել է անցած 10 տարիների քաղաքականությունը:
Ի դեպ, պարզվում է Վլադիմիր Կարապետյանը ոչ միայն քաղաքական տեսաբան է, այլ նաեւ` մարգարե: Իր վերջին ասուլիսում նա մի քանի մարգարեական կանխատեսումներ է արել. ա) Ադրբեջանը դուրս կգա ԵԱՀԿ-ից, բ) Ադրբեջանն այլ ատյաններում կփորձի բանաձեւ անցակցնել, գ) Մինսկի խումբը հունվարին կներկայացնի իր դիտարկման արդյունքները: Վլադիմիր Կարապետյանի խոսքով` բոլոր երեք դեպքում էլ զարգացումները կլինեն ոչ հայանպաստ:
Կարծում եմ, արժե անդրադառնալ առանձին-առանձին: ԵԱՀԿ-ից Ադրբեջանի դուրս գալու հարցում Կարապետյանն, ըստ ամենայնի, վրիպել է: Զարգացումները ցույց կտան, իհարկե` ինչքանո՞վ է դա խելքին մոտ, բայց, ցավոք սրտի, ՀԱԿ ներկայացուցիչը ժամկետներ չի նշել, թե երբ է ակնկալում այդ դեմարշը: Բայց բոլոր դեպքերում անգամ եթե նա ճիշտ է, Բաքվի այդ քայլը որեւէ հակահայկական զարգացման բերել չի կարող: Կարծում եմ` ընդհակառակը:
Ինչ վերաբերում է այլ ատյաններում բանաձեւեր անցկացնելուն, ըստ որում` հակահայկական, ապա այս դեպքում գործ ունենք ոչ թե «սկանդալային կանխատեսման», այլ արդեն առօրյա քաղաքական պրակտիկայի հետ: Այլ հարց է, թե դա ինչքանով ոչ հայանպաստ զարգացումների կհանգեցնի: Ես, օրինակ, գրեթե վստահ եմ, որ Իսլամական Կոնֆերանսի հաջորդ գագաթաժողովում ինչ-որ հակահայկական բանաձեւ է ընդունվելու, բայց դա ի՞նչ կտա Ադրբեջանին` ԼՂՀ-ի դեմ գործելու առումով, դժվարանում եմ ասել:
Գանք Մինսկի խմբի համանախագահների զեկույցին: Այն, որ այդ զեկույցը հասցեատերերին է փոխանցվելու հունվարին, տարածաշրջանային վերջին այցի ընթացքում հայտնել են իրենք` Մինսկի խմբի համանախագահները: Վլադիմիր Կարապետյանն այստեղ որեւէ բան չի կանխատեսել: Բայց թե ինչի՞ հիման վրա է նա դատողություններ արել զեկույցի բովանդակության մասին, դժվար է պատկերացնել:
Ինչպես տեսնում ենք, կանխատեսումների հարցում եւս Վլադիմիր Կարապետյանի գնահատականները, մեղմ ասած, խիստ կոնյունկտուրային են: Դրանք նաեւ անհաշվետու են: Որովհետեւ, այս էլ որերորդ անգամ, այս տեսաբանը կանխատեսումներ է անում, դրանք չեն իրականանում, բայց նա հարկ չի համարում պարզաբանել` թե ինչո՞ւ:
Հեռուն չգնանք: Ընդամենը մեկ ամիս առաջ նա ու ՀԱԿ-ի իր գործընկերները վստահեցնում էին Աստանայում պարտության, Հայաստանի վրա աննախադեպ ճնշումների ու չգիտեմ ինչի վերաբերյալ: Այսօր ինձ հետաքրքրում է` ինչու ականատես չդարձանք այդ ամենին:
Մ. ՍԵՄԵՐՋՅԱՆ