«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2010-12-03 | #224, 2010-12-04 | #225, 2010-12-07


Ո՞ՒՄ ԵՆ ՊԵՏՔ ԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ, ՍՈՑԻԱԼԻԶՄԸ ԿԱՄ ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄԸ

Եզրակացրել է Տեր-Պետրոսյանը

Շաբաթ օրը տեղի ունեցած ՀԺԿ համագումարում ՀԺԿ նախագահ կրկին ընտրվեց Ստեփան Դեմիրճյանը : Մինչ այդ նա ելույթ ունեցավ, եւ գնահատելով վերջին տարիները` նշեց, որ դրանք չդարձան երկրի առողջացման շրջան, իսկ նախագահական ընտրությունների կեղծումը մարտի 1-ի պատճառ դարձավ: Նա իր ելույթում հիշեց եւ «խայտառակ դատավարությունները», եւ մարտի մեկի դեպքերի «կոծկմանը մասնակցող» խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը` ի վերջո պահանջելով ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ մյուսներին: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի էջը փակված չհամարեց` դա պատճառ դիտելով նաեւ մարտի 1-ի համար: Նա եկավ հասավ մինչեւ երկրում իշխող քրեաօլիգարխիկ համակարգ, կոռուպցիայով վարակված իշխանություն, փակուղի մտած ֆուտբոլային դիվանագիտություն, ԼՂ-ի շուրջը զարգացումներ, որոնք նա մտահոգիչ անվանեց, նշելով մադրիդյան սկզբունքների անընդունելիության մասին` անցկացվելիք հանրաքվեի առումով:

Բնականաբար` ՀԺԿ համագումարի ամբիոնն ըստ կարգի օգտագործեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ` մի շարք «իդեոլոգիական» տեսակետներ հասարակության բաժին անելով: Նախ մի ծավալուն դասախոսություն կարդալով գաղափարախոսական պատմական ընթացքի եւ ներկա ուղղությունների մասին` հանգեց այն եզրակացության, որ «որեւէ գաղափարախոսության առավելություններն ու թերությունները տեսանելի են միայն այն գործադրող ուժերի գործունեության արդյունքում, ինչը նշանակում է, որ գաղափարախոսությունների գնահատման ուրիշ չափանիշ գոյություն չունի»: Ապա անցավ ՀԱԿ-ի գաղափարախոսությանը (որ տարբեր գաղափարախոսությունների կուսակցություններ են այնտեղ` ա՛յդ քննադատությանն էր պատասխանում), նկատելով, որ Կոնգրեսում Հայաստանի քաղաքական գաղափարախոսությունների ողջ ներկապնակն է ներկայացված, եւ «Կոնգրեսի հռչակագիրը ոչ միայն չի կաշկանդում իր անդամ-կուսակցությունների ինքնուրույնությունը, այլեւ երաշխավորում է նրանց գործունեության լիակատար անկախությունը` մի գերակա խնդրով` երկիրը կործանումից փրկելու հրամայականով, ավազակապետության կազմաքանդմամբ եւ սահմանադրական կարգի վերականգնմամբ»: Եվ ապա գաղափարախոսությունների վերաբերյալ մի տասը րոպե իր խոսածը «հեչ» անելով` հանկարծ հիշեց. «Ինչ վերաբերում է գաղափարախոսությանն առնչվող դատարկաբանություններին, ապա չպետք է մոռանալ, որ որեւէ պետության սրբություն սրբոցը սահմանադրությունն է, իսկ գաղափարախոսությունները կոչված են սոսկ դրան սպասարկելուն: Նրանք ընդամենը գործիք են սահմանադրությունը կյանքի կոչելու ու պահպանելու համար: Ո՞ւմ են պետք լիբերալիզմը, սոցիալիզմը կամ նացիոնալիզմը, երբ սահմանադրությունը պղծվում է կամ չի գործում: Կամ ի՞նչ նշանակություն ունի, թե ինչպես է լուծվում սահմանադրական կարգի վերականգնման խնդիրըՙ լիբերալիստաբար, սոցիալիստաբար, թե՞ նացիոնալիստաբար: Երբ տանը հրդեհ է բռնկվում, ո՞ւմ հոգն է, թե կրակն ինչ միջոցով ես հանգցնումՙ ջրո՞վ, փրփուրո՞վ, թե՞ ավազով: Անդունդ գլորվող երկրի համար կա՞ ավելի վեհ գաղափարախոսություն, քան ինքը սահմանադրությունը: Կա՞ն ավելի կարեւոր նպատակներ, քան ժողովրդի անվտանգության եւ բարօրության ապահովումը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարական ազատությունները, արդար ընտրությունները, իշխանության թեւերի հավասարակշռությունը, դատարանների անկախությունը, սեփականության անձեռնմխելիությունը, ազատ ձեռներեցությունը, հարեւան երկրների հետ խաղաղ գոյակցությունը եւ այլն: Սա այն ամենն է, ինչն արձանագրված է Հայաստանի սահմանադրության մեջ, եւ սա է այն ամենը, ինչն իր առջեւ խնդիր է դրել վերականգնել Հայ ազգային կոնգրեսը: Իսկ այժմ համեմատեք սահմանադրության ներկայացրած պատկերն այսօրվա իրականության հետ, եւ կտեսնեք, թե ինչպիսի ահռելի անունդ գոյություն ունի նրանց միջեւ»:

Ողջունելով շեֆի այս փոփոխությունները` նկատենք միայն, որ հայի հետին խելքը միշտ էլ ավելի իմաստուն է համարվում, մանավանդ` այն միայն տեսություն է առանց էմպիրիզմի:

Հայաստանի քաղաքական դաշտի դեգրադացիային հետեւում ենք եւ մեր դիտարկումները կանենք:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4