Ընդամենը տպագիր երկու էջերում Էլդա Գրինը կարողացել է ստեղծել հայ կնոջ հոգեբանական փխրուն մի կերպար: «Ձեռքերը» (այսպես է խորագրված պատմվածքը), ներընտանեկան փոխհարաբերությունների ուրվագծային պատկեր էՙ կենցաղային հիմքով, որ միաժամանակ հոգեբանական նուրբ ու թափանցիկ շերտեր է բացում, հաղորդակցելի դարձնում հատկապես կին ընթերցողին, որն ինչ-որ մասով կարող է իրեն գտնել «ձեռքերի» տիրոջ կերպարի մեջ: Ընտանեկան կեղծ պայմանականությունների (ո՛չ պատասխանատվությունների), կարծրացած մտայնությունների, դրացիական միջանկյալ կենցաղախեղդ հարաբերությունների (ավելի բնորոշ արեւելյան ժողովուրդներին) մեջ ձեւավորվում է կանացի մի հոգեբանություն, անցնում մարդկային մի կյանք, ու դրա խորհրդանիշը մարդկային մարմնի ամենաառեղծվածային մասերըՙ ձեռքերն են, այստեղ նուրբ, փափուկ վիճակից մինչեւ կյանք տեսած-կոշտացած, ինչն այդ կյանքի ճանապարհի մասին է խոսում:
Այս փոքրիկ ստեղծագործությունը ահա դարձել է ուշադրության կենտրոն հայ գրականությամբ հետաքրքրված բազմազգ ներկայացուցիչների համար, որոնք սիրահոժար հանձն են առել թարգմանել իրենց մայրենի լեզվով եւ արդյունքում ստեղծվել է իր տեսակի մեջ ինքնատիպ մի գիրքՙ տպագրված «Զանգակ-97» հրատարակչությունում, ճաշակավոր ձեւավորմամբ ներսիՙ գծանկարային եւ կազմիՙ գունային նուրբ համադրությամբ (նկարիչՙ Ա. Բաղդասարյան): Գրքի 159 էջերին հետաքրքրասեր ընթերցողը հնարավորություն ունի հանդիպելու աշխարհի 34 լեզուներով տեքստային գրերի, վիզուալ առումով տպավորիչ, ինչ-որ տեղ նաեւ խորհրդանշականՙ գլոբալիզացման ներկա փորձերին հակադարձող:
Գրքի մտահղացումը եւ իրագործումը Արծվի Բախչինյանինն է, որը բաց-հաղորդական մարդկային իր տեսակի, միջավայրային պայմանականություններից ու ազգայնական սահմանափակություններից զերծ բնավորության շնորհիվ այսպես ասած ինտերնացիոնալ հարաբերությունների ու շփումների միջավայր է ստեղծել եւ կարողացել է ներգրավել այս աշխատանքում ամենատարբեր ազգերի ներկայացուցիչների:
Պատմվածքը ներկայացված է նախ հայերեն եւ ռուսերեն բնագրերով, ապա թարգմանաբարՙ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռումիներեն, հունգարերեն, լյուքսեմբուրգերեն, հունարեն, դանիերեն, շվեդերեն, նորվեգերեն, իսլանդերեն, ֆիններեն, էստոներեն, լիտվերեն, լատվիերեն, բուլղարերեն, լեհերեն, չեխերեն, ուկրաիներեն, սերբերեն, մակեդոներեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, վրացերեն, եբրայերեն, ճապոներեն, չինարեն, հինդի:
Տարբեր մասնագիտությունների տեր թարգմանիչների բազմազգ խմբում կան նաեւ հայեր, մի մասը օտարազգիներ են, որոնց մեջՙ ինչպես փորձառու մասնագետներ (Վարդան Մատթեոսյան, Մադլեն Գարագաշյան, Էմմա Բեգիջանյան եւ ուրիշներ), այնպես էլՙ սիրողական մակարդակի: Գիրքը անշահախնդիր վերաբերմունքի, էնտուզիազմի ծնունդ է: Թարգմանական աշխատանքները համակարգել է Արծվի Բախչինյանըՙ ինքը անգլերենի եւ շվեդերենի թարգմանիչն է, կատարել է նաեւ արեւմտահայերենի փոխադրումը. «Այս գիրքը սիրո արտահայտություն է, դա նախ տարբեր լեզուների եւ գրերի հանդեպ ունեցած իմ վերաբերմունքն է: Միշտ հաճելի է տեսնել «մի հարկի տակ» գրի բազմազգ այսպիսի մշակույթ եւ իհարկե նաեւ Էլդա Գրինի արձակի հանդեպ մոտեցումներս. ինձ հանգստություն է պարգեւում նրա գրականությունը, որ մեզանում հազվադեպ է հանդիպում»:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ
Հ. Գ. Նախաբանում տեղեկացվում է հայ իրականության մեջ նմանաբնույթ նախընթաց այլ հրատարակությունների մասին, ինչպեսՙ Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան հայրերիՙ Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» պոեմի եւ «Որ օրհնես զայնոսիկ» աղոթքի, նաեւ Դավթակ Քերթողի «Ողբք ի վերայ Ջեւանշիրի» բազմալեզու երեւանյան տպագրությունները:
Հիշեցնենք, որ վերջերս լույս տեսավ նաեւ Նիկոլայ Հովհաննիսյանի «The Armenian Genocide» աշխատությունըՙ տասը լեզուներով: