Թուրքիայի Բուրդուր քաղաքում վերջնագիծը հատեց մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադան: Ինչպես տեղեկացրել ենք նախորդ համարում, գերազանց ելույթների շնորհիվ Հայաստանի պատանեկան հավաքականը դեռեւս մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճել էր օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսըՙ եւս մեկ վառ էջ գրելով հայկական շախմատի տարեգրությունում: Ուստի ավարտական 10-րդ տուրում հայ պատանի շախմատիստներն այլեւս չփորձեցին 10-րդ անընդմեջ հաղթանակը գրանցել իրենց օգտին, այլ ընդամենը 6-8 քայլ կատարելով, բոլոր պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի Թուրքիայի 3-րդ հավաքականի հետ: Հաշտություն կնքեցին Կարեն Գրիգորյանն ու էնգին Թոպակը, Հովհաննես Գաբուզյանն ու Կանկուտ Էմիրօղլուն, Դավիթ Շահինյանն ու Էգե Օքայը եւ Տիգրան Պետրոսյանն ու Յիլմազ Կարաբայիրը:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը, որին մարզում էր գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, 10 տուրում վաստակեց 30,5 միավոր եւ գերազանցելով մրցակիցներին, վստահորեն նվաճեց օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը, որի առթիվ շնորհավորում ենք մեր պատանի շախմատիստներին: 27,5 միավորով 2-րդ տեղը գրավեց Հնդկաստանի հավաքականը, որը վերջին տուրում 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց Թուրքմենստանի առաջին հավաքականին: Բրոնզե մեդալները բաժին հասան Ռուսաստանի ընտրանուն, որը 3-1 հաշվով հաղթելով սիրիացիներին, եւս վաստակեց 27,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հնդիկներին: 25,5 միավորով 4-րդ տեղը գրավեց Թուրքիա-«Կարմիրների» թիմը, 24,5 միավորով լավագույն հնգյակը եզրափակեց Բելառուսի հավաքականը: Ընդհանուր առմամբ, օլիմպիադայում հանդես եկան 17 երկրների 22 հավաքականներ: Թուրքիան մասնակցում էր 4 թիմով, Թուրքմենստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացրել էին 2-ական հավաքականներ:
Բացի թիմային պայքարից, մեդալներ էին խաղարկվում նաեւ առանձին խաղատախտակների վրա լավագույն արդյունքի հասած շախմատիստների համար: Այստեղ եւս հայ շախմատիստները մրցակցությունից դուրս էին: Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Դավիթ Շահինյանը ոսկե մեդալների արժանացան նաեւ համապատասխանաբար 1-ին, 3-րդ եւ 4-րդ խաղատախտակների վրա ցույց տված լավագույն արդյունքի համար: Ընդ որում, Գրիգորյանի արդյունքը (9 միավոր 10 հնարավորից) լավագույնն էր մրցաշարի բոլոր մասնակիցների մեջ:
Պատանի շախմատիստների հաջողությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական շախմատում լավ հերթափոխ է աճում եւ որ հինավուրց ու իմաստուն այդ խաղը մեծ մասսայականություն է վայելում Հայաստանում: