«Փյունիկը» չի մասնակցի «Համագործակցության գավաթին»
Երեկ ֆուտբոլի ակադեմիայում լրագրողները հանդիպեցին «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի եւ թիմի ու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ:
Կարեն Հարությունյանը տեղեկացրեց, որ ելնելով «Փյունիկի» նախապատրաստական ծրագրերից եւ հավաքականի շահերից, թիմը չի մասնակցի հունվարին Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Համագործակցության գավաթի» մրցաշարին: Ինչ վերաբերում է թիմում տեղի ունեցած եւ սպասվող փոփոխություններին, ապա դրանց մասին հնարավոր կլինի խոսել մի փոքր ուշ, երբ «Փյունիկը» վերադառնա արձակուրդից եւ սկսի մարզումները: Առայժմ կարելի է նշել, որ դարպասապահ Արթուր Լեսկոն շահավետ առաջարկ ստանալով «Մինսկից», հեռացել է թիմից: Վահագն Մինասյանի պայմանագրի ժամկետը ավարտվել է ակումբի հետ, ցանկության դեպքում այն կարող են երկարաձգել: Մինասյանը մեկնել էր Իրան բանակցությունների, սակայն վերադարձել է Երեւան: Ինչ վերաբերում է բրազիլացի Ռենատոյին թիմ հրավիրելուն, ապա Կարեն Հարությունյանը նպատակահարմար չի գտնում նրա վրա մեծ գումարներ ծախսել: Ըստ նրա, ակումբի քաղաքականությունը սեփական մարզադպրոցի սաներով «Փյունիկը» համալրելն է:
Կարեն Հարությունյանը նշեց, որ անցյալ տարի տարբեր պատճառներով չհաջողվեց «Փյունիկի» կազմն ուժեղացնել եվրոգավաթների խաղարկության ժամանակ: Ուստի այս տարի որոշել են ավելի շուտ սկսել թիմի համալրման գործընթացը:
Վարդան Մինասյանն ընդհանուր առմամբ գոհ է մրցաշրջան-2010-ում «Փյունիկի» մրցելույթներից, մանավանդ որ թիմը յուրօրինակ հեթ տրիկի հեղինակ դարձավՙ նվաճելով երկրի չեմպիոնի տիտղոսը, գավաթն ու Սուպերգավաթը: Սակայն նա կարեւորում է նաեւ խաղի որակը, արդյոք երիտասարդ ֆուտբոլիստների մոտ առաջընթաց նկատվե՞ց, թե՞ ոչ: Այս առումով եւս ուրախանալու առիթ կա, քանի որ երիտասարդական հավաքականի մի խումբ ֆուտբոլիստներ իրենց լավ դրսեւորեցին նաեւ ազգային հավաքականում: Վարդան Մինասյանը կողմ է 9 թիմով առաջնությունը 4 շրջանով անցկացնելուն, ինչը հնարավորություն կտա ֆուտբոլիստներին շատ հանդիպումների մասնակցել եւ լավ մարզավիճակ ձեռք բերել: Հայտնի է, որ հավաքականի շահերից ելնելով, այս տարվա առաջնությունը սկսվելու է մարտի 1-ին: Ըստ Մինասյանի օպտիմալ կլինի, եթե մինչեւ մարտի 26-ին կայանալիք ՌԴ հավաքականի հետ ընտրական մրցախաղը թիմերը գավաթի եւ առաջնության 2-ական խաղ անցկացնեն:
Դեկտեմբերի 10-15-ը փյունիկցիներն անհատական ծրագրով են մարզվելու, իսկ հիմնական մարզումները կսկսվեն հունվարի 6-ից: «Փյունիկն» ուսումնամարզական 3 հավաք է նախատեսել, որոնցից մեկն անցկացվելու է Կիպրոսում փետրվարի սկզբին, երբ ազգային հավաքականն ընկերական մրցախաղեր է անցկացնելու այդ երկրում: Դրանցից մեկն արդեն հայտնի է. փետրվարի 9-ին մրցելու ենք վրացիների հետ: Գլխավոր մարզիչը ցանկանում է, որ մինչ այդ հանդիպումը եւս մեկ խաղ հավաքականն անցկացնի: Նա կարեւորում է այդ խաղերում դրական արդյունքի հասնելը, ինչը կոգեւորի հավաքականի ֆուտբոլիստներին:
Խոսելով ազգային հավաքականի ելույթների մասին, Վարդան Մինասյանը նշեց, որ իրոք լավ արդյունքի է հասել: Դեռեւս տարեսկզբին Բելառուսի հավաքականի հետ ընկերական խաղից հետո Վարդան Մինասյանը հասկացել էր, որ անհրաժեշտ է սերնդափոխություն կատարել հավաքականում, քանի որ ոչ բոլոր ֆուտբոլիստներն են նվիրված խաղում: Ըստ նրա, հավաքականի ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է հայրենասեր ու ազգասեր լինի, խաղա երկրի պատվի համար:
2-րդ խնդիրը հավաքականի կորիզի ընտրությունն էր, որն արդեն ձեւավորվել է: Ճիշտ է, սելեկցիոն աշխատանքը շարունակվելու է, փորձարկվելու են նոր ֆուտբոլիստներ: Օրինակ, Վարդան Մինասյանին շատ է դուր եկել «Այաքսում» հանդես եկող Արազ Օզբիլիսը: Ամռանը Մինասյանը գտնում էր, որ նա կարող է օգնել Հայաստանի երիտասարդական հավաքականին, իսկ այժմ այն կարծիքին է, որ ֆուտբոլիստը հաջողությամբ կխաղա նաեւ ազգային հավաքականում: Ընդ որում նա կարող է խաղալ ինչպես եզրերում, այնպես էլ ենթահարձակվողի գոտում:
Գլխավոր մարզիչը նշեց, որ հավաքականի յուրաքանչյուր խաղում ֆուտբոլիստների առջեւ խնդիր է դրվում հաղթելու մրցակցին: Եվ եթե Հայաստանի ընտրանին հաղթի ռուսներին, ապա բնավ էլ սենսացիա չի համարի: Վարդան Մինասյանը հասկանում է, որ ժողովուրդը ցանկանում է հավաքականին տեսնել Եվրո-2012-ի մասնակիցների թվում: Սակայն այդ խնդրի լուծմանը պետք է քայլ առ քայլ հասնենք: