«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2010-12-04 | #225, 2010-12-07 | #226, 2010-12-08


ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Երեկ սոցիալական ցանցերը ողողված էին այն լուրերով (ի դեպ` լուրերը հղումներ ունեին նաեւ մամուլին), որոնք պատմում էին Պլասիդո Դոմինգոյի համերգին պատահած մի միջադեպի զարգացող իրադարձությունների մասին: Խոսքն այն մասին էր, որ համերգին ներկա Հայաստանի նախագահի հարեւանությամբ տեղավորված աթոռներին նստած է եղել Երեւանի քաղաքապետի տիկինն իր ընկերուհու հետ: Նրա եւ նախագահ Սարգսյանի արարողակարգի աշխատակից Արմեն Կանդանյանի միջեւ խնդիր է ծագել, քանի որ վերջինս խնդրել է տիկնոջն ու նրա ընկերուհուն մեկ աթոռ տեղափոխվել: Այս միջադեպը, ըստ այդ լուրերի, հետագայում շարունակություն է ունեցել, քանի որ քաղաքապետը նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին խնդրել է` իրեն հանդիպեցնել արարողակարգի տվյալ աշխատակցի հետ: Ըստ այդ լուրերի` քաղաքապետը, հանդիպելով Արմեն Կանդանյանի հետ, նրան ծեծի է ենթարկել: Վերջը ստացվել է մի կաթիլ մեղրի պատմությունը, որի հետեւանքով, իբր, երբ այդ բոլորի մասին իրազեկված նախագահ Սարգսյանը բացատրություն է պահանջել Կարեն Կարապետյանից, վերջինս ընդունել է, որ սխալ է թույլ տվել եւ պատրաստ է հրաժարականի դիմում գրել: Երեկ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Արմեն Արզումանյանը, սակայն, հերքել է Կարեն Կարապետյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրը` նշելով, որ դա իրականությանը չի համապատասխանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4