«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2010-12-10 | #229, 2010-12-11 | #230, 2010-12-14


ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԸ` «ՄԱՆԵԺՆԱՅԱ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

70-ամյա Վազգեն պապը Աբովյան քաղաքից «անհիշելի ժամանակներից» Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի համակիր է: Նույնիսկ ժամանակ կար, երբ ինքը մեկնում էր Մոսկվա` «Սպարտակի» կարեւորագույն խաղերին ականատես լինելու: Այժմ Վազգեն պապը հնարավորություն ունի հետեւելու սիրելի թիմին բացառապես հեռուստատեսությամբ, իսկ երբ հանդիպում են «Սպարտակն» ու «Դինամո» Կիեւը, Վազգեն պապի տունը վերածվում է իսկական «տոնական» միջավայրի. նրա ընկերը` 67-ամյա Արկադին, «Դինամոյի» երկրպագուն է, եւ միասին են հետեւում «սովետական էլ-կլասիկոյին»:

Ընդամենը պատրվակ

Մոսկվայում ապրող կովկասցիները շատ լավ գիտեն, որ տարվա մեջ առնվազն երկու օր, երբ հանդիպում են մոսկովյան ԲԿՄԱ-ն եւ «Սպարտակը», տնից դուրս գալը, մարդաշատ վայրերում` մանավանդ մարզադաշտերի մոտակայքում երեւալը վտանգավոր է կյանքի համար: Իսկ եթե երբեմն «Սպարտակ»-ԲԿՄԱ «հակամարտությունը» զուգատիպում է նաեւ օգոստոսի կեսերին Ռուսաստանում նշվող «դեսանտայինի» օրվան, կամ մոսկովյան «գրանտներից» մեկը հանդիպում է կովկասյան որեւէ թիմի հետ, ապա առհասարակ նույնիսկ մեքենայով խրախուսելի չէ դուրս գալը:

Անցած շաբաթ օրը Մոսկվայի Կրեմլին հարակից Մանեժնայա հրապարակում երիտասարդների բազմահազարանոց ամբոխը «խիստ ֆուտբոլային» «Ռուսներ, առաջ», «Ռուսաստանը` ռուսների համար», «Լուծենք կովկասյան հարցը» եւ այլ վանկարկումներով մեծամասշտաբ անկարգություններ է կազմակերպել: Ընդամենը մի քանի օր առաջ` դեկտեմբերի 6-ին, Հյուսիսային Կովկասից ինչ-որ երիտասարդներ, ինչպես իրենք են պնդումՙ ինքնապաշտպանությունից դրդված, կրակել եւ սպանել են «Սպարտակի» համակիր Եգոր Սվիրիդովին:

Ինչպես պնդում են որոշ ռուսական աղբյուրներ, սպանվել է մի ռուս ֆուտբոլասեր եւս, սակայն Մոսկվայի ոստիկանությունից պաշտոնապես հերքում են երկրորդ սպանվածի մասին տեղեկությունները: ՌԴ Հետաքննչական ծառայության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն արդեն իսկ հանդիպել է «Սպարտակի» երկրպագուների հետ: Սակայն, ինչպես ոստիկանությունում ու Ռուսաստանի ֆուտբոլային միությունում, այնպես էլ «Սպարտակ» Մոսկվա ֆուտբոլային ակումբում վստահ են, որ «նրանք, ովքեր անկարգություններ են իրականացրել Մանեժնայա հրապարակում, որեւէ կապ չունեն ֆուտբոլի հետ»:

Եթե այլ խոսքերով ասենք, ապա ՌԴ «երկու մայրաքաղաքներում» (Պետերբուրգում նույնպես անկարգություններ եղել են) ծայրահեղ ազգայնական տրամադրություններով երիտասարդներին ընդամենը պատրվակ էր պետք` հերթական անգամ «ցույց տալու կոնկրետ կովկասցիներին իրենց տեղը»: «Ես վստահ եմ, որ անկարգները որեւէ կապ չունեն սպորտի հետ եւ միայն իրականացրել են իրենց ինչ-ինչ քաղաքական ծրագրերը», ասել է Մոսկվայի ոստիկանության պետ Վլադիմիր Կոլոկոլցեւը ՌԴ ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի հետ հանդիպումից հետո: Իր հերթին Ֆուրսենկոն նշել է. «Առանց որեւէ կասկածի` սա ծայրահեղականների ձեռքի գործն է»:

Դեպքերին նման գնահատական է տվել նաեւ ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը` խստորեն դատապարտելով դրանք: Իսկ մայրաքաղաքի դատախազությունը, գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Զախարովի խոսքերով, Մանեժնայա հրապարակի դեպքերի կապակցությամբ հարուցել են 10 քրեական գործեր. «Կպատժվեն բոլոր նրանք, ովքեր բռնություններ են կիրառել հրապարակում կովկասցիների ու միջինասիացիների նկատմամբ», ասել է Զախարովը:

Մոսկովյան բոլոր թիմերի, հիմնականումՙ «Սպարտակի», «ֆան-ակումբների» ներկայացուցիչները չեն դարարում կրկնելուց, որ իրենք բռնություններ, այն էլՙ ազգամիջյան, չեն հրահրել: «Երբ մենք հրապարակում լուռ սգում էինք երիտասարդ Սվիրիդովի մահը, ամեն ինչ ընթանում էր առանց ցնցումների: Ես ընդամենը կուզենայի, որ տարբեր կուսակցական երիտթեւեր չմիջամտեն մեր գործերին: Մենք, ընդհակառակը, կոչ ենք արել մեր երկրպագուներին չմասնակցել բռնություններին», ասել է «Սպարտակի» ջերմ երկրպագուներից հյուսիսկովկասցի Ամիր Խուսյուլդանովը:

Գրեթե նույն բառերն ասել են «Սպարտակի» պաշտոնական ներկայացուցիչները` Մոսկվայի ոստիկանության եւ ՌԴ ֆուտբոլային միության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ, որոշ ռուս բլոգերներ Մանեժնայա հրապարակում «ամենաակտիվ» դերակատարմամբ ճանաչել են որոշ երիտասարդների` ռուսաստանյան «Նաշի», «Երիտասարդ Ռուսաստան», շարժումների ակտիվիստներին:

«Բոլորին պատժելու ենք, չկասկածեք»

Դեպքերից հետո, որոնցից տուժել են հրապարակով անցնող սովորական, «ֆուտբոլի հետ ոչ մի կապ չունեցող բազմաթիվ կովկասցիներ», Կովկասում ամրապնդվելու քաղաքական կուրս վերցրած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր բլոգում գրեց. «Մոսկվայում եւ ամբողջ երկրում ամեն ինչ կարգին է: Բոլոր սրիկաներին պատժելու ենք, բոլորին, չկասկածեք»:

Մինչդեռ սոցիալական ցանցերը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին Մոսկվայում տեղի կունենա միանգամից երկու ցույց. մեկը` կրկին «ֆուտբոլասերների», մյուսը` կովկասցիների, որոնք Մոսկվայումՙ մանավանդ վերջին իրադարձություններից հետո, բողոքելու շատ պատճառներ ունեն: Այս տեղեկությունը, սակայն, մոսկովյան ոստիկանությունը հերքել է. «Ո՛չ երկրպագուները, ո՛չ էլ կովկասյան համայնքները բողոքի ակցիաներ չեն նախապատրաստում», նշել է ոստիկանության ներկայացուցիչ Վիկտոր Բիրյուկովը:

Մոսկովյան վերջին իրադարձություններն, ի դեպ, կարող են եւ հրահրված լինել, ինչպես ընդունված է ասել, «դրսի ուժերից». Ռուսաստանն օրեր առաջ շահեց իրավունքը` անցկացնելու իր մոտ 2018-ի աշխարհի առաջնությունը, իսկ նման միջադեպերը, մանավանդ դրանց շարունակական լինելը, բնականաբար, կարող են ստիպել ՖԻՖԱ-ին վերանայել որոշումը:

Այնուամենայնիվ ակնհայտ է, որ անցած շաբաթ Մանեժնայա հրապարակում ամենեւին էլ «ֆուտբոլ» չէին խաղում ու առհասարակ` արդեն վաղուց «Սպարտակի» կովկասցի երկրպագուների համար իրենց սիրելի թիմը ֆուտբոլ խաղում է բացառապես հեռուստացույցով. մարզադաշտում, հատկապես դրա սահմաններից դուրս նրանց «այնքան էլ չեն սպասում»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4