Աստանայի հռչակագրում նշել այդ մասին «Ազգի» հարցազրույցը ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանի հետ
- Պրն Հովակիմյան, որպես Աստանայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ակտիվ մասնակից` ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը` գագաթաժողովի հռչակագրի ընդունման առումով:
- Նոր ենք եկել Աստանայից, աշխատանքը ծանր էր այն առումով, որ չգիտեինք` ինչ արդյունք է լինելու: Մեր առաքելության համար Աստանան, առաջին հերթին, այն փաստաթուղթն էր, որ պիտի ընդունվեր գագաթաժողովում: Կար փաստաթղթերի մի շարք, որոնցից ի վերջո մնաց միայն ընդհանուր հռչակագիրը: Գագաթաժողովը չէր անցկացվել տասնմեկ տարի, իսկ նախորդ տարիների նախարարական հանդիպումներում ընդհանուր որոշման գալու բոլոր փորձերը չէին հաջողվում: Արդեն այն, որ Աստանայում ընդունվեց կոնսենսուսային փաստաթուղթ` նույնիսկ ընդհանուր ձեւակերպումներով, կարելի է համարել ոչ միայն գագաթաժողովի արդյունք, այլեւ հաջողություն: Երկրորդ փաստաթուղթը գործողությունների ծրագիրն էր, որ չընդունվեց: Պետք է լինել իրատես, որ այնքան հակասություններ կան այս կազմակերպության անդամ երկրների միջեւ, հիմնականում` հակամարտությունների, մարդու իրավունքների խնդիրներով, որ մեկ ընդհանուր ծրագրի գալը ծանրագույն գործ է: Ամբիցիաներ կային, թե կարելի է ընդունել գործողությունների ծրագիրը, սակայն իրականությունն այլ էր: Ամեն դեպքում, հակամարտությունների կարգավորման կտրվածքով հռչակագիրը կարելի է գնահատել որպես մի քայլ, որ հաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը պնդում էր. մնում ենք խաղաղ կարգավորման ջատագովներ, որ ԵԱՀԿ-ն պետք է զսպի նրանց, ովքեր այլ պատկերացումներ ունեն, եւ համապատասխան լեզու գտնվեց, որ այդ պատգամը տրվի ողջ միջազգային հանրությանը: Գագաթաժողովի այս արդյունքը չի կարելի թերագնահատել: Հռչակագրում հատուկ ուշադրություն դարձվեց նաեւ հակամարտությունների կարգավորման ձեւաչափերին, շեշտադրմամբ, որ դրանք պետք է պահպանվեն:
- Ադրբեջանական պատվիրակությունը եւս աշխատել է այդ փաստաթղթի վրա, չնայած Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե ԵԱՀԿ ձեւաչափը սպառել է իրեն: Ինչպե՞ս է նման վերաբերմունքն արտահայտվել գագաթաժողովում:
- Այն, ինչ կատարվում էր Ադրբեջանի պատվիրակության հետ, շատ դեպքերում մեզ համար անհասկանալի էր, չնայած մենք անընդհատ վկա ենք գրեթե նույն գործելաոճին` մի բան ընդունել, հետո հրաժարվել, կամ ընդունվում է մի փաստաթուղթ, բայց որոշ ժամանակ անց արվում են հակառակ հայտարարություններ եւ նույնիսկ քայլեր: Կար երկու ուղղություն, որոնցով աշխատանք էր տարվում նաեւ ադրբեջանական պատվիրակության կողմից ԵԱՀԿ կտրվածքով` գագաթաժողովի հռչակագիրը եւ գործողությունների ծրագիրը, իսկ ղարաբաղյան թեմայով` համանախագահող երկրների ու Հայաստանի եւ Ադրբեջանի հնգակողմ հայտարարությունը: Երբ ընդունվեց հնգակողմ հայտարարությունը, դրանից հետո Ադրբեջանը դժվարություն ուներ գագաթաժողովի ընդհանուր հռչակագրում այն հիշատակելու: Այսինքն` հայտարարության հրապարակումից հետո, մի քանի ժամ անց Ադրբեջանը մերժում էր որեւէ տեսքով հռչակագրում նշել, որ նույն օրը ընդունվել է նման հայտարարություն: Եվ սա անբացատրելի էր բոլորի համար:
- Գագաթաժողովի հռչակագրի ընդունումը բավականին երկար ձգձգվում էր: Արդյո՞ք դա նաեւ ադրբեջանական պատվիրակության դժվարությունների պատճառով էր:
- Այնտեղ կային շատ հարցեր, որոնց առնչությամբ համաձայնությունը դժվար էր կայացվում: Հիմնականում դա կապված չէր Հայաստանի հետ, քանի որ Հայաստանը կառուցողական մոտեցմամբ հավանություն էր տվել փաստաթղթին: Իսկ Ադրբեջանը պատանդ էր պահում փաստաթղթի զգալի մասը, նաեւ գործողությունների ծրագրի նախագիծը: Նման պրակտիկա կա, երբ պատվիրակությունները համաձայն չեն ինչ-որ դրույթների, սկզբում դժգոհում են, բայց ի վերջո գնում են բանակցությունների, հասնում կոնսենսուսի: Ադրբեջանը տպավորություն էր ստեղծում, որ նրանց պետք չէ ոչ մի փաստաթուղթ, կամ դա պետք է լինի բացարձակապես իրենց համար նախընտրելի դրույթներով: Բացի այդ, ընդհանուր առմամբ, առկա էր Ադրբեջանի պատվիրակության ոչ դրական տրամադրվածություն, որ զգալի էր բոլորի համար եւ կարող էր թերեւս ունենալ ամեն ինչ տապալելու նպատակ: Այս անհանգստացնող իրավիճակը դեռեւս հստակ էլ չէ, թե ուր է տանելու: Հույս ունեմ, որ ԵԱՀԿ ընդունած հռչակագիրը, որի համաձայն` հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով, բանակցություններով, առկա ձեւաչափերում, հաշվի առնելով ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ հելսինկյան տասը սկզբունքները, կարող է կայունացնել իրավիճակը:
- Ադրբեջանի արտգործնախարարությունից օրերս հայտարարություն արվեց, թե նույն հռչակագրի մեկնաբանությամբ ԵԱՀԿ գործող նախագահը ընդգծել է տարածքային ամբողջականության սկզբունքի` հելսինկյան մյուս սկզբունքների հետ ընդհանրության մեջ դիտարկելու մասին: Արդյո՞ք սա ԵԱՀԿ մեկնաբանությունն է հռչակագրի:
- Երբ հռչակագիրն ընդունված էր 56 երկրների կողմից, գագաթաժողովի փակմանը հռչակագրի ընդունման հարցում մեծագույն ջանքեր ներդրած Ղազախստանը, ի շարս գագաթաժողովի նյութերին կցվող մի քանի հայտարարությունների, մեկնաբանեց ընդունած փաստաթուղթը: Այդ հայտարարության մեջ եւս նշված են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները: Ի վերջո, կա գագաթաժողովի հռչակագիրը, եւ այնտեղ ամեն ինչ սեւով սպիտակի վրա գրված է: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բավականին մանրամասն մեկնաբանություններով հանդես եկավ գագաթաժողովի վերաբերյալ, որոնք արտացոլում են այն իրականությունը, որ ստեղծվել էր գագաթաժողովից հետո:
- Եվս մեկ կարեւոր խնդիր ԵԱՀԿ շրջանակներում սպառազինությունների հարցն է, նկատի ունենալով, որ Ադրբեջանը տարիներ շարունակ խախտում է այդ առնչությամբ սահմանված սահմանափակումները: Ի՞նչ աշխատանք է տարվում ԵԱՀԿ-ում այս ուղղությամբ:
- Աստանայում պետք է ընդունվեին նաեւ փաստաթղթեր նույն ռազմաքաղաքական թեմատիկայով, որոնք, փաստորեն, հռչակագրում անցան ընդամենը մի քանի նախադասությամբ, մինչդեռ նախապատրաստվում էր մի ողջ փաստաթուղթ, որ նախաձեռնել էր Ռուսաստանը, իսկ Ադրբեջանը դեմ էր շատ դրույթների: Այդ փաստաթուղթը պետք է մաս կազմեր գործողությունների ծրագրի, որի չընդունմամբ դուրս եկավ նաեւ ռազմաքաղաքական ողջ բլոկը:
Բացի Աստանայի գագաթաժողովից, նոր նախաձեռնություն է գտնվում շրջանառության մեջ` ԵՍԶՈՒ պայմանագրի վերանայման կամ նորացման: Ադրբեջանը, մնալով ԵՍԶՈՒ պայմանագրի կողմ, չի կատարում պահանջները: Հայաստանն այդ հարցը բարձրացնում է բոլոր հնարավոր ատյաններում: Երբ շփման գծում տեղի ունեցան վերջին միջադեպերը, մենք շեշտադրում էինք նաեւ Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ պահանջները չկատարելու խնդիրը: Դրան ի պատասխանՙ տարբեր երկրների կողմից կոչեր են հնչել` պահպանելու զինադադարը: Մենք ահազանգել ենք նաեւ այն դեպքերում, երբ տեղեկություններ են ստացվել Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ: Դրան եւս ի պատասխան կոչեր են արվել, ընդհանուր պատասխաններ: ԵԱՀԿ-ն իրապես չունի կոնկրետ մեխանիզմներ, թե բացի կոչերից ինչ կարելի է անել նման իրավիճակում: Սակայն ԵԱՀԿ-ում հարցի բարձրացումն անիմաստ չի կարող դիտվել, քանի որ նախ եւ առաջ դա հակամարտությունների հարցով ամբիոն է: Բացի այդ, հայտարարությունների, հարց բարձրացնելու արդյունքում ձեւավորվում է վերաբերմունք, դիրքորոշում Ադրբեջանի նկատմամբ: Դա տեսանելի էր նաեւ Աստանայում, երբ ելույթ ունեցող տարբեր երկրների ղեկավարների խոսքում շեշտադրվում էր, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Եթե չլիներ ձեւավորված վերաբերմունք, գուցեեւ այդպիսի հայտարարություններ չարվեին: Եթե Հայաստանը երկար տարիներ չլիներ կառուցողական, այլ հրաժարվեր պայմանավորվածություններից, չգնար բանակցությունների, դիրքորոշումը Հայաստանի հանդեպ համարժեք վատ կլիներ:
- Այսպիսի մի իրավիճակում արդյոք առավել չի՞ մեծանում վտանգը, թե՞ կարող է փորձ արվել ռազմական լուծում տալու ղարաբաղյան հակամարտությանը:
- Ես հույս ունեմ, որ նման իրավիճակ չի լինի: Հենց այս առնչությամբ էլ մեծ կարեւորություն է ստանում Աստանայի հռչակագիրը: Այսպիսի փաստաթղթերը որոշակի զսպող ազդեցություն են ունենում: Նման հռչակագրով բոլորը պարտավորություններ են վերցնում եւ դյուրությամբ չեն կարող հրաժարվել դրանից: Աստանայում ադրբեջանական պատվիրակության դրսեւորած դիրքորոշումը, ըստ անձնական շփումների, զարմանք է պատճառել շատերին, նաեւ ափսոսանք էր հայտնվում ներդրված ջանքերի, կատարած աշխատանքի համար: Ընդ որում, այդպիսի ջանքեր ու աշխատանք է կատարել նաեւ ադրբեջանական պատվիրակությունը:
- Ի՞նչ նոր զարգացումների կարելի է սպասել ԵԱՀԿ-ում այս առնչությամբ:
- Աստանայով, ըստ էության, ավարտվեց Ղազախստանի նախագահությունը ԵԱՀԿ-ում, բավականին ծանր աշխատանքի արդյունքում ունենալով նաեւ Աստանայի հռչակագիրը: Հաջորդը նախագահությունը ստանձնելու է Լիտվան, որը պետք է շարունակի արդեն իսկ ընթացքի մեջ դրված ծրագրերը եւ նախագծերը` աշխատելով այն խնդիրների վրա, որոնց առնչությամբ չհաջողվեց հասնել կոնսենսուսի` հիմնականում դրանք են հակամարտությունները, ռազմաքաղաքական որոշ հարցեր եւ բավականին մեծ շերտ` մարդու իրավունքների ոլորտում եւ ընդհանրապես ԵԱՀԿ ապագայի առնչությամբ: Նշեմ միայն, որ Լիտվան եւս լուրջ ծրագրեր ունի ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Վիեննա