ԱՄՆ-ի 9-րդ շրջանի վերաքննիչ դատարանը իր վճռով հաստատել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների` իրենց նախնիների ապահովագրական պոլիսներով ընկերությոններից փոխհատուցում ստանալու իրավունքը, այսինքնՙ չեղյալ է համարել ավելի վաղ այդ իրավունքը չընդունող իր իսկ վճիռը: Վճիռը կայացվել է անցած ուրբաթ Սան Ֆրանցիսկոյում: Փաստորեն, ըստ նոր վճռի, հայերի հետ պատահածը ցեղասպանություն անվանող Կալիֆոռնիայի օրենքը չի հակասում ԱՄՆ քաղաքականությանը, իսկ ահա անցած տարի դատարանը նույն կազմով վճռել էր, թե Կալիֆոռնիայի այդ օրենքը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը: Վերաքննիչ դատական ատյանի վերջին որոշումը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին թույլ կտա շարունակել պահանջ ներկայացնել գերմանական ապահովագրական ընկերություններին, մասնավորապես` Munich Re AG ընկերությունից իրենց հարազատներին վաճառված ապահովագրական պոլիսների դիմաց փոխհատուցում ստանալ: Ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը ներկայացնող Բրայան Քաբաթեքը, Մարկ Կիրակոսը եւ այլ փաստաբաններ, որոնք ավելի վաղ պաշտպանել են ժառանգների շահերը New York Life եւ ֆրանսիական AXA ապահովագրական ընկերությունների դեմ հայցերում, այս վճիռը հերթական հաջողությունը համարեցին Ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման գործընթացում, որի քաղաքական տողատակը եւս անտեսել չի կարելի:
Մ. Խ.