Հայաստանում ԶԼՄ-ների ազատության մակարդակը պարզելու նպատակով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է փորձագիտական, սոցիոլոգիական հետազոտություն: Այս մասին երեկ «Հենարան» ակումբում լրագրողներին տեղեկացրեց նույն կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը . «Հարցումն անցկացվել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ տվյալներն ամփոփվել են հոկտեմբերին»: Սոցիոլոգ Վարդան Գեւորգյանի փոխանցմամբ` որպես փորձագետներ ընտրվել են Հայաստանի 50 առավել հայտնի ԶԼՄ-ների աշխատակիցներն ու ղեկավարները: Ընտրված փորձագետները ներկայացրել են 6 տարբեր խմբեր` տպագիր լրատվամիջոցներ, հեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ, ինտերնետային հրատարակություններ եւ այլն: Աշոտ Մելիքյանի խոսքով` դեռ 2002 թվականից միջազգային իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպությունների գնահատմամբ` հայաստանյան լրատվամիջոցները համարվում են ոչ ազատ: Միջազգային այդ կազմակերպություններից է օրինակ` «Freedom house»-ը, որի վերջին տվյալների համաձայն` Հայաստանը 66 միավորով համարվել է ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցող երկիր: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կատարած հարցման ու վերլուծության հիմքում ընկած է «Freedom house»-ի մեթոդիկան: «Որոշեցինք այդ մեթոդիկան հարմարեցնել տեղի պայմաններին եւ անցկացնել մեր հետազոտությունը, ըստ որի` հայաստանյան լրատվամիջոցները մասամբ ազատների ու ոչ ազատների եզրագծում են գտնվում», ասաց Աշոտ Մելիքյանը:
Կատարված հետազոտությունը մի մասն է այն ծրագրի, որն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Հետազոտության մեթոդիկայի համաձայն` ԶԼՄ-ների ազատության մակարդակը գնահատվել է իրավական, քաղաքական ու տնտեսական միջավայրերին վերաբերող հարցերի միջոցով: Փորձագետների ընդամենը 6 տոկոսն է ազատ գնահատել հայաստանյան լրատվամիջոցները, 46 տոկոսը գնահատել է մասամբ ազատ, իսկ 48 տոկոսը` ոչ ազատ: Սոցիոլոգի փոխանցմամբ` իրավական առումով մեր լրատվամիջոցներում ազատ վիճակ է միայն կիսով չափ. «Քաղաքական առումով նույնպես գնահատվել է մասամբ ազատ վիճակ, իսկ տնտեսական առումով` ոչ ազատ»: Մեր լրատվամիջոցներն ազատ չեն տնտեսապես, իսկ իրավական դաշտի վերաբերյալ Ա. Մելիքյանը հավելեց հետեւյալը. «Երբ ասում ենքՙ լավ օրենսդրություն ունենք, դա ասում ենք վերապահումով: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը լուրջ փոփոխությունների կարիք ունի»: Ընդհանուր առմամբ, որ օրենսդրությունը պրակտիկայում ամենեւին էլ հաջող չի կիրառվում, փաստ է»: Ինչ վերաբերում է գրաքննությանը, Աշոտ Մելիքյանն ասում է, որ մեզանում թեեւ գրաքննությունը պաշտոնապես արգելված է, սակայն լրատվամիջոցների աշխատակիցները զգում են քողարկված գրաքննության ներկայությունը: Այնուհետեւ կրկին անդրադառնալով հետազոտության նպատակներին` Ա. Մելիքյանը նշեց, որ նպատակը եղել է իրավիճակի գնահատումը. «Իսկ կանխատեսումների առումով որեւէ նպատակ չենք ունեցել»: Այնուամենայնիվ, Աշոտ Մելիքյանի կարծիքով` առաջիկա տարիներին իրավիճակը կարող է վատանալ, քանի որ ընտրությունների ժամանակ միշտ արձանագրվում է լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ բռնությունների ու ճնշումների աճ:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ