Ամերիկայի Լոս Անջելես քաղաքում 2010 թվականին տպագրվել է Վահե Գաբուչյանի հուշերի գիրքըՙ «Մի հայրենադարձի աշխատանքային գործունեությունը» խորագրով: Հեղինակը գիրքը նվիրել է իր ծնողներիՙ Միքայելի եւ Արտեմիսի հիշատակին, որոնք Արեւմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքից էին եւ 1917-ին հազիվ փրկվել էին ցեղասպանության արհավիրքներից ու հանգրվանել Եգիպտոսում: Հայրը միջնակարգ կրթությունն ստացել էր Սեբաստիայի Արամյան ազգային վարժարանում, եղել ապագա մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի ընկերն ու համադասարանցին: Վահե Գաբուչյանը հետագայում, երբ միասին աշխատում էինք Հայաստանի բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությունում, հարմար առիթներով վերհիշում ու պատմում էր հորՙ Միքայելի հիշողությունները Դանիել Վարուժանի աշակերտական տարիների մասին, պատմում էր հուզմունքով:
Նշեմ նաեւ, որ գրախոսվող հատորը հրատարակվել է իրավաբաններ Վարդգես եւ Ռիտա Եղիայանների մեկենասությամբ:
Վահե Գաբուզյանը ծնվել է 1930 թ. օգոստոսի 28-ին Կահիրեում: Սովորել եւ ավարտել է Կահիրեի Նուպարյան ազգային վարժարանը, ուսումը շարունակել Կահիրեի Ամերիկյան համալսարանի Լինկոլն քոլեջում: Գրքում Վահե Գաբուչյանը մանրամասնորեն ներկայացնում է իր եւ հարազատների կյանքը Կահիրեում: Հոգսերի, դժվարությունների հաղթահարում, ինքնության, ազգային ինքնագիտակցության պահպանում, կարոտ Հայաստան երկրի նկատմամբ:
1948-ին Գաբուչյաններն ընտանյոք հանդերձ շատ սփյուռքահայերի հետ միասին ներգաղթում են Հայաստան, ուր դիմագրավում են այն դժվարությունները, որոնք այդ տարիներին բաժին հասան շատ ներգաղթողների:
Բայց Վահե Գաբուչյանը, ուսումը զուգորդելով աշխատանքի հետ, գերազանցության դիպլոմով ավարտեց Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության բաժինը, հետո ավարտեց նաեւ ասպիրանտուրան եւ նույն համալսարանում անցավ դասախոսական աշխատանքի: Ռեկտոր, արժանահիշատակ Նագուշ Հարությունյանի օրոք Գաբուչյանը նշանակվեց Երեւանի մայր բուհի պրոռեկտոր: Գրքում մանրամասնություններ կան Վ. Գաբուչյանիՙ այդ տարիներին գիտամանկավարժական եւ դասախոսական գործունեության մասին:
Հուշագրության մեջ սիրո ջերմ տողեր կան ընտանիքի, տիկնոջՙ Մարգարիտ Մամուլյանի, որդիներ Վարուժանի, Վիգենի, հարսների ու թոռների մասին: Իսկ ընտանիքը շատ բան է ասում Վահե Գաբուչյանի կերպարի մասին, նրա ծնողների մասին: Զարմանալի սիրով միաբանված ընտանիք, հայասեր, հայրենասեր, հայեցի, իսկական հայկական ընտանիք:
1962 թ. Վահե Գաբուչյանը աշխատանքի է անցնում ՀԽՍՀ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությունում: Սկզբում նա զբաղեցնում է գիտության եւ հրատարակչության բաժնի վարիչի, ապա բուհերի վարչության պետի պաշտոններըՙ լիովին դրսեւորելով իր գիտական, կազմակերպչական կարողություններն ու հմտությունները: Հետո աշխատում է որպես նախարարի տեղակալ, այնուհետեւՙ առաջին տեղակալ: Այդպիսի աստիճանական բարձրացումը պատահական չէր. հաշվի էին առնում Վ. Գաբուչյանի փորձը, հիմնավոր գիտելիքները, կազմակերպչական շնորհները, մի քանի լեզուների (հայերենի մաքուր իմացությունը, արաբերենին, անգլերենին եւ այլ լեզուներին տիրապետելը) իմացությունը, մարդկային հատկանիշները եւ այլն: Հիրավի, Վ. Գաբուչյանը կիրթ ու շնորհալի մտավորականի տիպար է, ընդգծվող հայասեր մտավորականի:
Եվ այսպեսՙ Վահե Գաբուչյանին բախտ է վիճակվում աշխատել անվանի գիտնականների, պետական նշանավոր գործիչներ, նախարարներ Գեւորգ Հայրյանի, Աշոտ Ասլանյանի, Լյուդվիգ Ղարիբջանյանի հետ: Վ. Գաբուչյանը իր գրքում փաստարկված, ստույգ իրողություններով ներկայացնում է ՀԽՍՀ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության եւ իր բազմաբովանդակ գործունեությունըՙ 1960-1980-ական թվականներին:
Այն, ինչի մասին տրամաբանված ու գիտական-մանկավարժական սկզբունքներով նկարագրում է Վ. Գաբուչյանը, իրական է ու հույժ վավերական: Եվ 28 տարի անընդմեջ Վահե Գաբուչյանն աշխատել է հիշյալ նախարարությունում ու խոր հետագիծ թողել բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության ճանապարհին:
Տողերիս հեղինակը 1978 թ. հունվարից մինչեւ 1988 թ. հոկտեմբերը գլխավորել է Հայաստանի բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների վարչության պետի աշխատանքներըՙ անմիջական ղեկավարներ ունենալով Վահե Գաբուչյանին, Լյուդվիգ Ղարիբջանյանին, որոնք գիշերուզօր անում էին ամեն ինչՙ մասնագիտական կրթության որակը բարելավելու, բարձրորակ մասնագետներ պատրաստելու համար: Եվ այդ գործի հիմնական ու արդյունավետ դերակատարներից մեկը Վահե Գաբուչյանն էրՙ իր արդյունարար աշխատանքով եւ կազմակերպչական շնորհքով:
ՀԲԸՄ վարչության հրավերով Վ. Գաբուչյանը 1990 թ. աշխատանքի է անցել Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում որպես տնօրեն, հետո ազատվել: Գրքում հիմնավոր անդրադարձ կա Մելգոնյան կրթական հաստատությունում աշխատած տարիների եւ կատարած աշխատանքների մասին:
Այժմ որդիների ընտանիքների հետ միասին Վահե Գաբուչյանն ապրում է ԱՄՆ-ում: Վահե Գաբուչյանին կարոտն ու սերը հաճախ բերում են Հայաստան...
Գրախոսվող գրքում, որ գրված է ներշնչանքով, խոսքի գուներանգներով ու պատկերավորությամբ, հիմնականում ներկայացված է Վահե Գաբուչյանի աշխատանքային գործունեությունը: Կան նաեւ կենսագրական բնույթ կրող առանձին դրվագներ, տարբեր մարդկանց հետ ունեցած փոխհարաբերությունների պատկերներ, որոնք գրեթե ամբողջական են դարձնում մի շնորհալի սփյուռքահայի անչափ ուսանելի կերպարըՙ մարդկային ու քաղաքացիական դիմանկարով, ազգասիրական-հայրենասիրական հատկանիշներով:
Վահե Գաբուչյանի «Մի հայրենադարձի աշխատանքային գործունեությունը» վերտառությամբ աշխատությունը ուսանելի շատ դասեր կարող է պարգեւել գիտությամբ ու կրթությամբ զբաղվող մարդկանց:
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ