«Ազգ» օրաթերթի հարգելի խմբագրություն,
Սրանով հայտնում եմ իմ ջերմագին շնորհակալությունները Ձեր թերթի էջերում իրանահայ համայնքի անդրադարձների համար:
Ընթերցել եմ սույն թվականի նոյ. 24-ի, 25-ի եւ 26-ի համարներում տպագրված Հրաչ Միրզախանյանի, իսկ դեկ. 3-ինՙ Արմինե Մելիք-Իսրայելյանի գրությունները:
Խնդրում եմ որպես անդրադարձՙ ներքո գրությունը տպագրել օրաթերթի համարներից մեկում:
Կանխահայտ շնորհակալություններով ՙ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հարգելի տիկին Մելիք-Իսրայելյան, Ձեր փոթորկախառն բաց նամակըՙ «Անհաջող որսը», ուղղված պրն Հրաչ Միրզախանյանին ու «Ազգ» օրաթերթինՙ ի պաշտպանություն պրն. Լեւոն Ահարոնյանի «Փոթորկոտ կյանքիս օրերը» պարսկերեն լեզվով հրատարակված գրքի, կարդացինք:
Ըստ Ձեզ Լեւոն Ահարոնյանի մոտ ու նրա «գլուխ գործոց» գրքում ամեն ինչ կատարյալ է: Սակայն ժողովրդական իմաստությունն ասում էՙ «Եթե ամեն ինչ լավ է, անպայման մի բան սխալ է»: Իսկ այդ սխալն այս դեպքում այն է, որ Դուք մեր համայնքին եւ այդ գրքի տպագրված պարսկերեն տարբերակում շոշափված նյութերին բոլորովին անծանոթ եք եւ առանց անդրադառնալու Հրաչ Միրզախանյանի շոշափած թեմաներին ու մեջբերումներին եւ առանց բացահայտելու դրանց ոչ ճիշտ լինելը, հանգել եք սխալ եզրահանգումների:
Լեւոն Ահարոնյանն իր անձնական կյանքի ու որսորդական արկածների հետ իրեն թույլ է տվել նաեւ կամայականորեն «փոթորկի» ենթարկել իրանահայ համայնքի կյանքին վերաբերող հասարակական, քաղաքական ու մշակութային լրջագույն խնդիրները եւ անել այնպիսի եզրահանգումներ, որ իրականությանը չեն համապատասխանում:
Լ. Ահարոնյանի գրքում կան բազմաթիվ անճշտություններ, հերյուրանքներ, պիտակավորումներ... որոնցից, դժբախտաբար, դուք բոլորովին անտեղյակ եք:
Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական ու գրական վեճեր, հակադրություններ, քննադատություններ ու փոխադարձ կարծիքներ քննարկելու օրենք ու էթիկա գոյություն ունի: Սակայն քաղաքակիրթ լինելը երբեմն դրվում է հարցականի տակ, եւ ցավով անդրադառնում ենք, որ չեն պահպանվում այդ նորմերը:
Երկար տարիներ իրանահայ համայնքում ազգային որեւէ հարցի քննադատաբար մոտենալը կամ հակադրվելը համարվում էր «համայնք քանդելու արարք, օտարի ջաղացին ջուր լցնել ու ... »: Իրականության մեջ այդպիսով աշխատել են մարդկանց բերանը փակել, ձայները լռեցնել:
Կարդալով Ձեր «Անհաջող որսը», ես ցավով անդրադարձա, որ Դուք էլ զարմանալի զուգադիպությամբ խոսում եք այն լեզվով, որին տարիներ է, ինչ ծանոթ են մեր համայնքում: Այսինքնՙ շանտաժի ենթարկելով մարդկանց, ովքեր համարձակություն են ունենում բերան բացելու ճշմարտությունը ասելու համար, սուտ հերյուրանքներով ու ցեխարձակումներով լռեցնել ամեն մի այլախոհ ձայն, միտք ու մտածելակերպ: Ուստի այդ ոճով հանդես գալով պարզվում է, որ Դուք պատվեր եք կատարում:
Եվ այսպես, տիկին Մ. Իսրայելյանը իրեն իրավունք է տալիս սաստելու Հրաչ Միրզախանյանին. «Ո՞ր իրավունքով եք փորձում ընդդիմախոսական անհաջող ճառեր մոգոնել» կամ «ի՞նչ տրամաբանությամբ եք ժամանակ վատնել Լեւոն Ահարոնյանի պարսկերեն հրատարակված «Փոթորկոտ կյանքիս օրերը» երկհատոր գրքից մեջբերումներ կատարելու համար բավականին անհաջող թարգմանություն անելով»: Այսինքն, ոչ ոք իրավունք չունի քննարկելու պրն Լ. Ահարոնյանի պարսկերեն գրված երկհատոր գիրքը: Ուրիշ խոսքովՙ բոլորը պարտավոր են հնազանդվել եւ ընդունել այն ամենը, որ Ձեր բառապաշարով ասածՙ մոգոնված է գրքում:
Միջանկյալ ասեմ, որ պրն Ահարոնյանի երկհատորյակը, որպես հուշագրություն, հետաքրքրական տեղեկություններ է հաղորդում իր անձնական ու նաեւ Իրանի եւ իրանահայության քաղաքական-հասարակական կյանքի մասին:
Ի գիտություն Ձեզ պիտի հայտնեմ, որ Հրաչ Միրզախանյանը, հանդիսանալով Նոր Ջուղայի Իրանահայ ազգային ու մշակութային միության (ԻԱՄՄ) հիմնադիր անդամ ու իրանահայության պատմությանը քաջածանոթ, տիրապետելով պարսկերեն ու հայերեն լեզուներին, կատարել է իր հետազոտողի պարտականությունը, քննարկման է ենթարկել Լ. Ահարոնյանի մեծածավալ, պարսկերեն լեզվով գրված երկհատորյակը եւ էջ առ էջ մեջբերումներով քննարկել է: Նա անդրադարձել է իրանահայությանը հուզող դրվագներին ու կատարել է համապատասխան մեկնաբանումներ: Այդպես է կարգը քաղաքակիրթ մարդկանց մոտ: Որեւէ տպագրված գրքի համար կարող են լինել թեր ու դեմ կարծիքներ, ի՞նչ պախարակելի բան կա սրա մեջ: Սակայն հետազոտող Հրաչ Միրզախանյանի դիպուկ ու սպառիչ մեկնաբանումները եւ «Ազգ» օրաթերթը չգիտես ինչու արժանացել են Ձեր ցեխարձակումներին: Պրն Հրաչ Միրզախանյանը իրանահայ համայնքում իր ուրույն տեղն ու դերն ունի: Նա իր հետազոտական աշխատանքով կատարել է այն մնայուն գործը, որին դեռ շատերը կանդրադառնան: Որ դուք այդ համակողմանի փաստագրական ուսումնասիրությունը չեք ընդունում, դա Ձեր գործն է եւ դեռ ոչ մի բան չի նշանակում:
Եթե կարդաք Իրանի հայկական մամուլը, ապա այնտեղ կգտնեք նշված գրքի այլ քննարկումներ:
Վերջում, ըստ Ձեզ, անսխալականը միայն Աստված է: Լրիվ համաձայն եմ Ձեզ հետ, ուստի, շատ հավանական է, մարդ արարածը սխալվի, նույնիսկ Ձեր պաշտպանյալը: Ուրեմն էլ ինչի՞ համար եք անհանգստանում եւ հիստերիայի մեջ ընկնելով վիրավորում մի մարդու, ով քաջություն է ունեցել իր տեսակետներն ու մտքերը իր ապրած համայնքի վերաբերյալ հանրության սեփականությունը դարձնելու: Ի դեպ, Դուք Ձեզ իրավունք եք վերապահել խոսելու հենց նույն այդ համայնքի մասին առանց խոր ճանաչողություն ունենալու, հենվելով միայն Ձեր ունեցած կցկտուր ու կիսատ-պռատ տեղեկությունների վրա: Ո՞րն է Ձեր ազնվության չափանիշը:
Հարգելի տիկին Մելիք-Իսրայելյան, փոխանակ Ձեր ժամանակն ու եռանդը վատնելուՙ խառնվելով մեր համայնքի ներքին կյանքին, Դուք էլ կամք դրսեւորելով, միացեք հայրենի ժողովրդին ու ձեռք ձեռքի տված, համբերատար, մեկ առ մեկ վերացրեք այն բոլոր դժվարությունները, որ ներկայումս ծառացած են մեր բազմաչարչար հայրենաբնակ ժողովրդի առաջ:
Ինչի՞ համար մարդ պիտի խառնվի մի գործի, որ ընդհանրապես իրեն չի վերաբերում:
Կյանքում ավելի լայնախոհ եղեք ու ընդհանրապես մի խառնվեք Ձեզ չվերաբերող գործերին:
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, 9 դեկտեմբերի, 2010, Թեհրան