«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2010-12-10 | #229, 2010-12-11 | #230, 2010-12-14


ՀԱՅԵՐԻ ԱՌԱՏ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՆԵՐԻ ԲԵՄԵՐՈՒՄ

Համարյա ամեն օր տեղական մեծ ու փոքր լրատվամիջոցներում հանդիպում ենք հայ երաժիշտների անունների: Երբ անդրադարձը փոքր էր լինում, նոթատետրիս մեջ պահ էի տալիս միայն կատարողի անունը, հրապարակմանը սովորաբար չէի անդրադառնում: Այսուհետեւ «Ազգում» , թեկուզ համառոտ, կհավաքենք այդ անունները:

Էլսֆլեթի սուրբ Նիկոլայ եկեղեցում դեկտեմբերի 3-ին, ժամը 19-ին տեղի ունեցավ դաշնամուրային մի առանձնահատուկ համերգ: Հայաստանում ծնված եւ այժմ Գերմանիայում բնակվող մենակատար Մհեր Մկրտչյանն իր մեծ վարպետությունն արդեն բազմաթիվ համերգների ժամանակ է ապացուցել: Մհերի համերգային ծրագրում Բեթհովենի, Դեբյուսիի, Ռախմանինովի, Առնո Բաբաջանյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ էին, հաղորդում է NWZ online-ը:

«Մյունսթերլենդիշե ֆոլքսցայթունգը» փոխանցում է, թե Ծննդյան տոներին ընդառաջՙ կիրակի, դեկտեմբերի 5-ին, Զենդենհորսթում երկու փայլուն արվեստագետների համերգն է տեղի ունեցել, որոնք հանդիսատես են կախարդումՙ միջազգային մրցույթների դափնեկիրներ 22-ամյա ջութակահարուհի Լիվ Միգդալ եւ 1985-ին Հայաստանում ծնված դաշնակարուհի Լիլիթ Գրիգորյան: 2007-ի մարտից Լոնդոնում գործող The Keyboard Charitable Trust դաշնամուրային միջազգային հիմնադրամը աջակցում է Լիլիթինՙ 3 տարում դաշնամուրային 18 համերգ կազմակերպելովՙ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում: Դրանց կգումարվեն ելույթները Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, ինչպես նաեւ եվրոպական տարբեր երկրներում: Կիրակնօրյա համերգին հնչել են Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Գրիգի եւ Ռավելի ստեղծագործություններից:

Ալթենբուրգ-Գերայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դեկտեմբերի 1, 2, 3-ի համերգը կարելի է անվանել յուրօրինակ ողջույն Հայաստանից, իրազեկում է գերմանալեզու ինտերնետային մեկ ուրիշ տեղական լրատվամիջոց: Նվագախումբը ղեկավարել է Հայլբրոնի Վյուրթեմբերգյան կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր, 1971-ին Երեւանում ծնված Ռուբեն Ղազարյանը, մեկնաբանելով Խաչատրյանի «Սպարտակ» բալետի N1 սյուիտը, Շոստակովիչի N2 Ջազ սյուիտը, Բորոդինի N2 h-moll սիմֆոնիան, Խաչատրյանի «Գայանե» բալետից հատվածներ:

«Հայաստանը նոր աշխարհում էլ իր տանն է» նոյեմբերի 30-ին այս վերնագրով փոքրիկ հրապարակման մեջ «Ֆրանկֆուրտեր նոյե փրեսսե»-ն հիացմունքով գրում է նոյեմբերի 28-ին Ֆրանկֆուրտի Ալթե օփերում Գերմանիայի ամենամեծ տրանսպորտային ակումբիՙ ADAC-իՙ Ծննդյան տոների առիթով կազմակերպված համերգի մասին, որին մասնակցել է Հայաստանի ֆիլհարմոնիկըՙ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երկու անգամ էլՙ թե կեսօրից առաջ, թե երեկոյան, համերգի տոմսերը լավ սպառվել էին: Երիտասարդ մենակատար կլարնետահար Սաբինե Գրոֆմայերի մեկնաբանությունն ունկնդրելուց հետո բնական հարց է ծագումՙ ինչո՞ւ է այսքան հազվադեպ կատարվում Կարլ Մարիա ֆոն Վեբերի նվագախմբի համար գրված ստեղծագործությունը: Օրվա նվագախումբը Հայաստանից էր եկել, գրում է թերթը ու բացատրումՙ կովկասյան այդ երկիրը երաժշտական է համարվում.Հերբերտ ֆոն Կարայանն է այնտեղ ընտանեկան արմատներ ունեցել: (Հնաբնակ գերմանահայերը հիշում են, թե տեղական ռադիոն մի անգամ պատմել է հանրահայտ դիրիժորի հայկական ծագման մասին: Մեզ տակավին չի հաջողվել վերոբերյալ հրապարակումից բացի Կարայանի հայկական ծագման մասին որեւէ տող գտնել-Ան. Հ.) [*]: Թոփչյանի չափավորության զգացումով ղեկավարած Հայաստանի ֆիլհարմոնիկը Բորոդինի «Պոլովեցյան պարեր» ստեղծագործության հենց սկզբից հոգացել էր, որ Մեծ դահլիճում հետաքրքրություն արթնանա: Իսկ Դվորժակի «Նոր աշխարհից» 9-րդ սիմֆոնիան իր կոչմանը վայել բարձունքի եւ վերջակետի հասավՙ հրաժեշտի հնարավորություն տալով երաժիշտներին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

* Ընդհակառակն, Փարիզի «Յառաջ» օրաթերթի 80-ական թ.թ.-ի համարներից մեկում կա Վիեննայի Մխիթարյանի հայրերից մեկի վկայությունն այն մասին, որ Հերբերտ ֆոն Կարայանը, պատասխանելով իր հայկական ծագման մասին հարցմանը, ասել էՙ «դժբախտաբարՙ ոչ»: Ծ. խ.:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4