«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2010-12-10 | #229, 2010-12-11 | #230, 2010-12-14


ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՄՏԱԴԻՐ ՉԵՄ ԿՅԱՆՔԻ ՄՅՈՒՍ ՀԱՃՈՒՅՔՆԵՐԻՑ ԻՆՁ ԶՐԿԵԼ»

Ինչպես տեղեկացրել ենք, շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոն Ավետիք Գրիգորյանը մասնակցելու է Բուլղարիայի Բանսկո քաղաքում կայանալիք մրցաշարին: Մեկնարկից առաջ Chess-news.ru կայքէջի թղթակից Հրաչ Ջանիկյանը հարցազրույց է ունեցել Ավետիքի հետ, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:


- Ավիկ, կխնդրեի պատմել շախմատային առաջին քայլերիդ մասին:

- Ասում են, որ ինձ շախմատ խաղալ է սովորեցրել տատիկս: Ղարաբաղում պատերազմ էր, եւ մասնագիտությամբ բժիշկ հայրս կամավոր մեկնել էր Արցախ: Շատ շուտ սովորեցի քայլերն ու սկսեցի տատիկիս հաղթել: Երբ Արցախից հայրս վերադարձավ, սկսեցի նրա հետ խաղալ: Սկզբում նա խաղում էր առանց թագուհու եւ երկու նավակի: Ես պարտվում էի նրան: Ինձ խոստացավ բիլիարդ նվիրել, եթե կարողանամ 3 անգամ իրեն հաղթել: Դա ինձ հաջողվեց, այնպես որ շախմատում իմ առաջին պարգեւը բիլիարդն էր:

Հետո շախմատի դպրոց հաճախեցի, 7,5 տարեկանում արդեն 1-ին կարգային էի: Մի պահ թողեցի շախմատը ու գրեթե մեկ տարի կարատեով զբաղվեցի: Սակայն 12 տարեկանում վերադարձա իմ սիրած զբաղմունքին, Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ մարզվեցի, որը ինձ շատ օգնեց վարպետությունս կատարելագործելու: 2002-ին, երբ բացվեց շախմատի ակադեմիան, տեղափոխվեցի այնտեղ, 2006-ից սկսեցի մարզվել Զավեն Անդրեասյանի հետ: 2004, 2006 եւ 2007-ին դարձա Հայաստանի պատանիների չեմպիոն: 2007-ին, երբ արդեն միջազգային վարպետ էի, ինձ շատ օգնեց Արթուր Չիբուխչյանը:

- Շատերի համար անսպասելի էր Հայաստանի մեծահասակների չեմպիոնի տիտղոսի նվաճումը, քանի որ մասնակիցների մեջ վարկանիշով դու միայն 6-րդն էիր:

- Մինչ առաջնության մեկնարկը մասնակցել էի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությանը: Շատ լուրջ էի նախապատրաստվել մրցաշարին, սակայն չհաջողվեց չեմպիոն հռչակվել: Այդ աշխատանքն օգնեց Հայաստանի առաջնությունում հաջող խաղալուն: 2009-ից սկսել էի մարզվել Վլադիմիր Հակոբյանի մոտ, որի ներդրումը մեծ է իմ հաջողություններում: Ընդ որում, ես Հայաստանի առաջնությանը չպետք է մասնակցեի: Սակայն վերջին պահին Աշոտ Անաստասյանը հրաժարվեց մասնակցությունից:

- Ըստ մրցակարգի, Հայաստանի չեմպիոնը դառնում է երկրի հավաքականի 5-րդ խաղացողը: Ոմանք գտնում են, որ դա ազգային հավաքականում ընդգրկվելու չափազանց խիստ կարգ է:

- Քանի որ առաջին 4-ն ընտրվում են վարկանիշով, կարծում եմ` 5-րդի ընտրության կարգն օբյեկտիվ է:

- Այս տարի հավաքականի կազմում մասնակցեցիր համաշխարհային օլիմպիադային: Այս անգամ կրկնակի չեմպիոնները միայն 7-րդ տեղը զբաղեցրին: Ո՞րն էր անհաջողության պատճառը:

- Կարծում եմ, որ ինչպես հավաքականը, այնպես էլ առանձին շախմատիստը մշտապես չի կարող հաղթել: Իմ կարծիքով, այս տարի մեր թիմը լավ մարզավիճակում չէր:

- Ինչպե՞ս ես վերաբերվում կայծակնային խաղին:

- Կարծում եմ, որ չափի մեջ այն օգտակար է, քանի որ սկսում ես արագ մտածել: Հաճախ եմ բլից խաղում, սակայն չափից ավելին կարող է վնասել:

- Քո խաղաոճը համաշխարհային շախմատի դասականներից ո՞ւմ ոճի հետ կարելի է համեմատել:

- Դժվարանում եմ պատասխանել: Հիշում եմ, որ կարողանում էի գուշակել Կորչնոյի քայլերը:

- Աշխարհի չեմպիոններից ո՞ւմ խաղն է քո վրա առավել մեծ տպավորություն թողել:

- Գուցե Անատոլի Կարպովի: Նրա գիրքը մեծ հետաքրքրությամբ էի կարդում եւ մի փոքր տխրեցի, երբ ավարտեցի:

- Ներկայումս ո՞վ է քո մարզիչը:

- Ցավոք, Արթուր Չիբուխչյանը ներկայումս Իրանում է: Հիմնականում աշխատում եմ Զավեն Անդրեասյանի եւ Վլադիմիր Հակոբյանի հետ:

- Ազատ ժամանակդ ինչպե՞ս ես անցկացնում:

- Ձգտում եմ ակտիվ հանգստի. լողավազան եմ հաճախում, ֆուտբոլ, թենիս եմ խաղում, ֆիլմ եմ դիտում, հանդիպում եմ ընկերներիս հետ:

- Գիտեմ, որ զբաղվում ես յոգայով:

- Յոգան մշտապես հետաքրքրել է ինձ: Վերջերս տեղեկացա, որ Անանդն էլ է յոգայով զբաղվել, եւ դա նրան շատ է օգնել: Սովորել եմ վերականգնել ուժերս եւ կենտրոնանալ: Ճիշտ է, յոգայով զբաղվելուց հետո առայժմ ոչ մի մրցաշարի չեմ մասնակցել: Բուլղարիայում կայանալիք մրցաշարը ցույց կտա, թե իմ մեջ ինչն է փոփոխվել:

- Պարտությունն ինչպե՞ս ես ընդունում:

- Առաջին պահին ինձ չափազանց վատ եմ զգում, աշխատում եմ զսպել, որպեսզի ավելորդություններ թույլ չտամ: Ավելի երիտասարդ տարիքում ցավագին էի ընդունում պարտությունը: Այժմ հասկանում եմ, որ առանց պարտության շախմատում հնարավոր չէ: Փորձում եմ վերլուծել սխալներս եւ հնարավորինս շուտ մոռանալ պարտությունը: Ընկերներիս հետ շփումը նման դեպքերում հանգստացնում է:

- Մի փոքր անդրադառնանք հայ պատանի շախմատիստներին, մասնավորապես Սամվել Տեր-Սահակյանին, որն այս տարի աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան առաջնություններում արծաթե մեդալներ նվաճեց:

- Հայաստանում շատ տաղանդավոր պատանի շախմատիստների սերունդ է աճում: Վերջերս Հայաստանի պատանեկան հավաքականը Թուրքիայում գերազանց ոճով համաշխարհային պատանեկան օլիմպիադայի չեմպիոն հռչակվեց: Իսկ Տեր-Սահակյանը, բացի լավ շախմատիստ լինելուց, նաեւ հիանալի անձնավորություն է: Կարծում եմ, նրան լավ ապագա է սպասում:

- Ներկայումս ուշադրության կենտրոնում հաջորդ տարի կայանալիք հավակնորդների մրցաշարն է: Ինչպե՞ս ես գնահատում Լեւոն Արոնյանի հաղթելու հնարավորությունները:

- Անկասկած, Լեւոնն աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է: Ներկայումս նա լավ մարզավիճակում է: Կարծում եմ, նա հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն է: Հուսով եմ, որ նրա հաղթական երթը Կազանում կշարունակվի:

- Ինչպիսի՞ն էր տարին հայկական շախմատի համար:

- Հավաքականի համար այնքան էլ հաջող չէր, սակայն առանձին շախմատիստներ մեծ հաջողությունների հասան:

- Հնարավո՞ր է, որ երբեւէ փոխես մասնագիտությունդ:

- Ոչ, շախմատն իմ հիմնական մասնագիտությունն է, եւ փոխելու մտադրություն չունեմ: Սակայն դա չի նշանակում, թե մտադիր եմ կյանքի մյուս հաճույքներից ինձ զրկել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4