«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2010-12-10 | #229, 2010-12-11 | #230, 2010-12-14


ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Թեթեւագույնքաշային կարգի 4 ուժեղագույն բռնցքամարտիկների մասնակցությամբ մրցաշարի առաջին մենամարտն անհաջող դասավորվեց Վախթանգ Դարչինյանի համար: 34-ամյա Վախթանգին չհաջողվեց հաղթել 25-ամյա մեքսիկացի Աբներ Մարեսին ու մտնել եզրափակիչ: Բավական համառ ու գրեթե հավասար մրցապայքարում մրցավարներից երկուսը հաղթանակը շնորհեցին Մարեսին (115-111, 115-112), իսկ 3-րդի կարծիքով հաղթանակին արժանի էր Դարչինյանը (115-111):

Վախթանգն իր մարտաոճին հարազատ մնալով, առաջին իսկ ռաունդներից ակտիվ գործողությունների անցավ եւ արդեն 2-րդ ռաունդում մրցակցին նոկդաունի ենթարկեց: Շուտով մեքսիկացի բռնցքամարտիկը վնասվածք ստացավ ու թվում էր, թե նրա համար դժվար կլինի շարունակել մենամարտը: Սակայն ի պատիվ նրա, Մարեսը ոչ միայն դիմացավ մինչեւ մրցամարտի ավարտը, այլեւ վերջին ռաունդներում բավական ակտիվ մարտ վարեց, ինչն էլ ի վերջո վճռեց մրցակցության ելքը: Մարեսն այս անգամ էլ ռինգից հեռացավ անպարտելիՙ տոնելով 21-րդ հաղթանակը: Իսկ ահա Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 39 մենամարտերում 3-րդ պարտությունը կրեց: Վախթանգ Դարչինյանը մենամարտից հետո իր դժգոհությունն է արտահայտել հանդիպման մրցավարությունից. «Դա պարզապես զզվելի էր: Բնականաբար, այս մենամարտում ես հաղթեցի: Իմ առավելությունը մրցակցի նկատմամբ 3-4 ռաունդներով ավելի էր: Մրցավարը թույլ չէր տալիս ինձ հանգիստ մենամարտել, անընդհատ բղավում էրՙ մի խախտիր, մի խախտիր: Ես չէի հրում մրցակցիս: Նման մրցավարության մարզական կարիերայում դեռ չէի հանդիպել»:

«Մենք այնպիսի մարտավարություն էինք ընտրել, որ կստիպեր մրցակցին նահանջել: Լավ էինք հասկանում, որ Դարչինյանը սիրում է գրոհել: Նա հուժկու հարվածների է տիրապետում, եւ ես ապացուցեցի, որ կարող եմ դիմագրավել նրան: Մշտապես նեղում էին նրան եւ ամեն մի հարվածից հետո լսում էի նրա տնքոցները: Դա շատ ծանր ու դժվարին մենամարտ էր, ամենածանրն իմ կարիերայում», նշել է Մարեսը:

Այսպիսով, Վախթանգ Դարչինյանը ստիպված կլինի պայքարել 3-րդ տեղի համար: Հաջորդ տարվա մարտին կայանալիք մենամարտում նրա մրցակիցը կլինի 31-ամյա կոլումբիացի Յոնի Պերեսը, որը նույն երեկոյի ընթացքում միավորներով (111-117, 112-116, 113-115) պարտվեց Ժոզեֆ Ագբեկոյին: Վերջինս նաեւ իրեն վերադարձրեց IBF-ի վարկածով թեթեւագույնքաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ագբեկոն եզրափակիչում կմրցի Աբներ Մարեսի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4