«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2010-12-14 | #231, 2010-12-15 | #232, 2010-12-16


100 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ 35 ԵՎՐՈ ԱՐԺԵՑՈՂ ԱՆՑԱԳԻՐ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Երեկ Հայաստան-Եվրոպական միություն ասոցացման համաձայնագրի բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը:

Հայաստան-Եվրոպական միություն ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը եւս ընդգծել է, որ իրենք ամենայն ուշադրությամբ են հետեւում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Վիգանդը ընդգծել է, որ ԵՄ խնդիրը հակամարտության կողմերի համար հաղորդակցության ստեղծումն է եւ նպաստումը հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հայաստան-Եվրոպական միություն երեւանյան երեկվա բանակցություներում կողմերը համաձայնության են հասել ապագա ասոցացման համաձայնագրի 8 գլուխների շուրջը: «Ի դեմս Հայաստանի` մենք ունենք արդյունավետ գործընկեր», ասել է Վիգանդը: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի կողմերը կհասնեն բանակցությունների այն մակարդակին, որի ժամանակ կքննարկվեն Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագրին վերաբերող հարցեր:

ԵՄ-ն, ըստ ներկայացուցչի, պատրաստվում է որպես դրամաշնորհ 100 մլն եվրոյի միկրոֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Բացի այդ, Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում 2011 թվականից կսկսվեն վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները: Ըստ Գունար Վիգանդի, առայժմ խոսքը կարող է գնալ միայն վիզայի ստացման ընթացակարգի պարզեցման մասին: Դրա արդյունքում նախ եւ առաջ վիզայի ստացման համար մուծվող գումարի չափը կնվազի` 60 եվրոյից մինչեւ 35-ի: Բացի այդ, դասակարգման համաձայն` դիվանագետները, ավելի հաճախ ճանապարհորդողները եւ այլ խմբերի շրջանակներում ընդգրկված անձինք ավելի հեշտ վիզա կստանան:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4