Ուժեղ, բայց ոչ գիշատիչ, արջի նման: Ըստ Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի տարածաշրջանային տեղեկատվական եւ հաղորդակցության ծրագրի պատվերով անցկացված հարցախույզի, այսպես են պատկերացնում Եվրոմիությունը Հայաստանում ի պատասխան հարցի, թե ինչ կենդանու կարելի է նմանեցնել այդ միությունը: Հարցախույզի մասնակիցները այսպես կոչված «կարծիք ձեւավորողներ»-ն եղել, Հայաստանում հիմնական դերակատարներ եւ գործիչներ համարվող անձինք, որոնք ազդում են հանրային կարծիքի ձեւավորման վրա:
Բավականին ընդգրկուն հարցերի անդրադարձող հարցմամբ պարզվել է, որ Հայաստանի համար Եվրոմիությունը «հարմարավետ» հարեւան է:
Նման հարցումներ են անցկացվել ԵՄ-ի գործընկեր բոլոր երկրներում, նաեւ մեր հարեւանների մոտ: Հանրային կարծիքի 100 լիդերների, նաեւ հասարակայնության 400 ներկայացուցիչների պատասխաններովՙ հայերի մեծամասնությունը համարում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ լավ հարաբերություներ ունի եւ որ ԵՄ-ն հետեւում է այն արժեքներին, որոնք թանկ են հայերի համար:
Նմանապես դրական է նաեւ ԵՄ` Հայաստանում ներգրավվածության առումով հարցվածների ընկալումը: Հարցվողների երկու խմբերի մեծամասնությունը գտել է, որ Եվրոմոիւթյունը կարող է խաղաղություն եւ կայունություն հաստատել Հայաստանում, այն դեպքում, երբ երկու խմբերում էլ ավելի քան 83 տոկոսը հավատում է, որ Եվրոմիությունը կարող է օգնել նաեւ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը:
Հայաստանում, ըստ հարցման արդյունքների, մեծամասնությունը կցանկանար ԵՄ-ի առավել մեծ դերակատարություն տեսնել, ընդ որում` ակնհայտ մեծամասնությունը կցանկանար այդ դերակատարության մեծացումը տեսնել տնտեսական զարգացման առնչությամբ:
Առավել հետաքրքրական է, որ Հայաստանում հանրային կարծիք ձեւավորողները, ըստ հարցման, ԵՄ կառույցներին եւ բովանդակությանը ամենից տեղյակ են «ստացվել» Եվրոպական հարեւանության ծրագրի գործիքի արեւելյան երկրների նույն հարցի միջին ցուցանիշի համեմատությամբ: Ու թեեւ արեւելյան գործընկեր երկրների հարցման արդյունքների համեմատությամբ, Հայաստանում իրականում ԵՄ առումով տեղեկացվածների թիվը առավել փոքր է ստացվել, քան իրենքՙ հարցվողները հայտարարել են, ամեն դեպքում այդ ցուցանիշը եւս ամենաբարձրն է հարցման երկրների արեւելյան թեւում:
Նմանօրինակ հարցման արդյունքներով, Ադրբեջանում, օրինակ, Եվրոմիությունն ասոցացվում է մեծ եւ բարեհոգի, աշխատասեր փղի հետ: Մնացյալում Հայաստանն ու Ադրբեջանն առանձնակի չեն տարբերվում, ըստ էության, զարմանալի կերպով, քանի որ, ասենք, եվրոպական արժեքների «սրտամոտությունը» հայերի եւ ադրբեջանցիների համար «դժվարությամբ է» արտահայտվում իրականության մեջ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ