2011թ. հունվարին սպասվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցելությունը Ադրբեջան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել Ադրբեջան-Թուրքիա անցագրային ռեժիմի վերացման համաձայնագիր: Թուրքական աղբյուրները նշում են, թե Էրդողանի այցելության ընթացքում տեղի կունենա նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը:
Ներկայացուցչական թուրքական պատվիրակության այցելությունը Բաքու կարող է նշանավորվել ավելի քան 20 միջպետական համաձայնագրերով:
Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ Թուրքիան հայտարարեց անցագրային ռեժիմի վերացման իր պատրաստակամության մասին, մինչդեռ Ադրբեջանը նշում էր, թե նման հարցի քննարկումը նպատակահարմար չի համարում: Այն ժամանակ այս առնչությամբ հնչած մեկնաբանությունները առավելապես վերաբերում էին Թուրքիայի հետ հարաբերություններում «ոչ բարյացակամ» իրավիճակին:
Թերեւս ինչ-որ բան կրկին փոխվել է ադրբեջանա-թուրքական հարաբերություններում, քանի որ բարձրաձայնել են անցագրային ռեժիմի վերացման համաձայնագրի ստորագրման հավանականության մասին: Ամեն դեպքում, ամեն ինչ չէ, որ հարթվել է այս երկու երկրների միջեւ, քանի որ ադրբեջանական արտգործնախարարությունը այս տեղեկատվության առնչությամբ հայտարարել է, թե նման բան կարող է լինել, սակայն դրա ժամկետները հստակեցված չեն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ