«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2010-12-14 | #231, 2010-12-15 | #232, 2010-12-16


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Դեկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երեւանում մեկնարկված «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներինՙ ցեղասպանագիտության բնագավառում ճանաչված շուրջ 20 գիտնականների` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի:

Նորին Սրբությունը ողջունելով գիտնականների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինՙ կարեւորեց ու խրախուսեց նրանց առաքելությունը ցեղասպանության ճանաչման գործում։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշեց. «Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ ցեղասպանության դատապարտման եւ հետեւանքների վերացման ոլորտից ներս ձեր կատարած աշխատանքի համար: ...Այսօր ցավի եւ վրեժխնդրության զգացումով եւ ոգով չէ, որ առաջնորդվում է մեր ժողովուրդըՙ պահանջելով ցեղասպանության ճանաչումը։ Մեր ցանկությունն է, որպեսզի ճանաչումը նպաստի նմանատիպ ողբերգությունների կանխարգելմանը: Մարդկությունը պետք է ավելի խիստ օրենքներ որդեգրի նման ոճիրների կանխարգելման համար։ Մենք եւս` որպես եկեղեցի եւ եկեղեցականներ, մեր կողմից իրականացվող կարեւոր առաքելություն ենք տեսնում` կրթելու մարդկանց հոգին, որպեսզի յուրաքանչյուր ոք ընկալի, որ նման հանցագործություններն առաջին հերթին ուղղված են Աստծո արարչագործության դեմ: Մենք հավատում ենք, որ պիտի տեսնենք այն ժամանակները, երբ մարդկությունը պիտի զերծ մնա նման ողբերգություններից եւ ցավերից եւ այս իմաստով վերստին մեր գնահատանքն ենք բերում ձեր ջանքերի եւ աշխատանքի համար: Մեր աղոթքն ու հայցն ենք երկինք բարձրացնում, որ Տերն արդյունավորի, հաջողությամբ պսակի եւ բարի արդյունքների առաջնորդի ձեր աշխատանքը»:

Հանդիպումն ավարտվեց աղոթքով, որից հետո գիտաժողովի մասնակիցները այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ եւ ծանոթացան հայ ժողովրդի հոգեւոր արժեքներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4