«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2010-12-14 | #231, 2010-12-15 | #232, 2010-12-16


ԷՏՅՈՒԴՆԵՐ «ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՏԱԽՏԱԿԱՄԱԾԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ

Եվ այնուամենայնիվ ռեպորտաժ նախապատրաստելը եւ մայրցամաք ուղարկելը շատ ավելի հեշտ է բաց օվկիանոսից, քան ափից: Այստեղ հարցը միայն զուտ աշխարհագրական կամ ֆիզիկական տարբերությունը չէՙ ջուր եւ ցամաք: Հարցը այն մարդու բուն հոգեվիճակն է, որը նավը նախապատրաստում է ծով դուրս գալուն եւ այն մարդու, որն անմիջականորեն նավարկության մեջ է գտնվում: Եվ գործն առավել բարդանում է նրանով, որ ո՛չ նավահանգստում, ո՛չ երկրում գործնականորեն ոչ ոք չի խոսում անգլերեն: Էլ չեմ ասում ցամաքային ծառայության հարուցած քաշքշուկների մասին, որը հպարտանում է իր բյուրոկրատիզմով: Ես չեմ կատակում:

Օրերս թարգմանչի օգնությամբ զրուցում էի բուենոսայրեսյան մաքսային մի աշխատողի հետ: Քառասնամյա բարեհոգի, ճաղատացող մի մարդ էր, երկար ու նեղլիկ այտամորուսով: Ես նրան պատմեցի, թե ինչպես է մեր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը արդեն մի քանի օր չարչարվում մեր բեռը ստանալու համար: Մեզ ուղարկել են նոր հեռուստախցիկՙ մի քանի տասնյակ հավելյալ հարմարանքներով, այդ թվումՙ շտատիվ: Եվ ոչ մի կերպ չենք կարողանում ստանալ դրանք: Իմ զրուցակիցն անմիջապես ընբռնեց հարցի էությունը եւ խոսքս կտրելով ասաց. «Ճիշտ է: Պետք է այդ բոլոր մասերի անունները թարգմանել իսպաներեն եւ տալ յուրաքանչյուրի բացատրությունը»: Ես հասկացա, որ դա անիմաստ երկխոսություն է եւ հենց այնպես ասացի. «Գիտե՞ք, բանն այն է, որ այդ խցիկը մեզ համար հաջողացրել է ինքըՙ Ռալֆ Յիրիկյանը»: Աստվա՜ծ իմ, այդ ինչ կատարվեց: Աչքերում կարդացի, որ նա ցավագին լրջությամբ ուշադրությունը կենտրոնացրեց իմ այդ տեղեկատվության վրա: Եվ ասաց. «Եթե նույնիսկ դա ուղարկել է Ռալֆ (այ ազգանունն արդեն չկարողացավ արտաբերել), ապա այդ դեպքում էլ պետք է հետեւել հրահանգին: Մենք, իհարկե, հարգում ենք Ռալֆին, բայց ցավոք, հրահանգը թույլ չի տալիս»:

Ես որոշեցի այնուամենայնիվ շարունակել այդ քաղցր երկխոսությունը եւ ասացի. «Բայց ինքըՙ Ռալֆ Յիրիկյանը անցյալ տարի ձեր նախնիների հայրենիքՙ Իսպանիա (շեշտեցիՙ Վալենսիա նավահանգիստ) ուղարկեց մեկ այլ խցիկ եւ կապի միջոց: Եվ այնտեղ առանց այլեւայլության մաքսավորներն իրենք մեր բեռը հասցրեցին տախտակամած»: Ինչին էլ իմ զրուցակիցը պատասխանեց ոչ առանց հպարտության. «Մեր նախնիների հայրենիքում վաղուց կապիտալիզմ են կառուցել, իսկ մենք առայժմ կառուցում ենք սոցիալիզմ»: Դա, իհարկե, հանճարեղ էր: Այդ ժամանակ, չգիտես որտեղից, վազելով մոտեցան միանման հագնված երկու անուշիկ աղջնակներ, եւ մաքսավորն ամբողջովին կերպարանափոխվեց: Նա խոնարհվեց ու քրքջալով գրկեց դստրիկներին: Հայրն ամբողջովին շողում էր: Նորմալ մարդ էր:

Ես գուցե այսքան երկար կանգ չառնեի արգենտինացի մաքսավորի հետ այդ պատահական հանդիպման վրա, եթե չլիներ մեկ մանրամասն, կապված Ռալֆ Յիրիկյանի հերթական նվերի հետ: Կասկածից դուրս է, որ հեռուստասարքավորումը մեր ծովարշավի դեպքում առանձնահատուկ կարեւորություն է ստանում: Այդ մասին շատ է նշվել: Չէ՞ որ խոսքը մեր ծովարշավի գլխավոր խնդրին է վերաբերում: Մեր երթուղում գտնվող հայկական եկեղեցիների եւ հին հուշարձանների նկարահանումներին: Հիշեցնենք, որ մեր հեռուստաօպերատոր եւ նավաստի Սամվել Բաբասյանի դերն այս անգամ, ինչպես նախկինում ասվել է, առանձնակի պատասխանատու է: Ասեմ նաեւ, որ նույնիսկ ծովարշավի ավարտից հետո նա նկարահանումներով շրջելու է հայկական այն գաղթօջախներում, որոնք գտնվում են ծովեզերք չունեցող երկրներում: Այդպիսի փորձ ունենք: Այդպես էր նաեւ «Կիլիկիա»-ի նավարկության ժամանակ:

Սա իմ վերջին ռեպորտաժն է շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլի մեկնարկից առաջ: Եվ այստեղ ես պետք է թերեւս մասնակիորեն կարգի բերեմ այն նյութերս, որ կուտակվել են Երեւանից թռչելուց ի վեր տեղի ունեցած տարբեր հանդիպումների առիթով:

Ամբողջ ինը ժամ նստած մնացինք Հռոմի օդանավակայանում, սպասելով արգենտինյան չվերթին: Բնականաբար մեզ որբերի պես չէինք զգում: Ինչքան չլինի, ավանդաբար թռել էինք «Արմավիա»-ի չվերթով: Դեռեւս օդանավում ուշադրությունս գրավեց շքեղ մատյանի կազմըՙ ֆրանսիացի լեգենդար կինոդերասան Ժերար Դեպարդիեի դիմանկարով: Խոշոր տառերով գրված էին նրա բառերը. «Արմավիա»-ի անձնակազմն ինձ հմայեց ապշեցուցիչ սրտալիությամբ»:

Օդանավակայանում մեզ դիմավորեցին Իտալիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները. հյուպատոս Բորիս Սահակյանը եւ դեսպանի օգնական Վալենտինա Կարախանյանը: Այսինքնՙ կային մարդիկ, որ պետք է օգնեին մեզ եւ նույնիսկ ապահովեին սնունդով: Բայց ահա թե որ դեպքը դարձավ մեր սեւեռուն ուշադրության առարկան: Համենայն դեպս ես չեմ կարող չանդրադառնալ դրան: Այդ բոլոր ժամերի ընթացքում մեզ հետ էր մի աղջիկՙ Լիլիթ Ներսիսյանը: Մեն-մենակ: Պարզվեց, որ թռչում է Մալթա: Մենք այնտեղ եղել ենք «Կիլիկիա»-ով: Արշիպելագ-պետություն է, բաղկացած Մալթա, Գոցո, Կոմինո եւ այլ կղզիներից: Ահա թե ուր էր թռչում երիտասարդ հայուհինՙ մասնակցելու գեղեցկության մրցույթին: Հեռու կմնամ իմ վերաբերմունքն արտահայտելուց նմանատիպ մրցույթների նկատմամբ, որոնցում, բացի ամենայնից, մարդկային արժանապատվությունը նսեմացնող ինչ-որ բան եմ տեսնում: Բայց քանզի աշխարհում դա կազմակերպվում է, ապա ակամա ցավում եմ յուրայինների համար, որոնք ելնում են բեմահարթակներ եւ ռինգեր: Եվ իհարկե, քանզի դա, ցավոք սրտի, օրինականացված է, ուզում եմ, որ մեր աղջիկները լինեն եւ՛ ամենագեղեցիկները, եւ՛ ամենաուժեղները եւ՛ թե ամենաուժեղ բռունցքներ ունեցողները: Բայց այս դեպքում ինչպե՞ս բացատրես, որ հայ աղջկան միայնակ, առանց ուղեկցության ուղարկում են Միջերկրական ծովում գտնվող մի կղզի, չմտածելով, թե ով է նրան դիմավորելու, տեղավորելու, ճանապարհելու: Գրո՛ղը տանի, չէ՞ որ այստեղ առկա է ռիսկի եւ վտանգի տարրը: Եվ, անշուշտ, ինչ-որ մեկը սրա համար կրում է իրավաբանական պատասխանատվություն ՙ հիմնված օրենքի վրա:

Ես վերցրեցի ու զանգեցի Հռոմի մեր դեսպանին: Բացատրեցի իրավիճակը: Եվ Ռուբեն Կարապետյանն անմիջապես գտավ կղզում վերջերս կազմավորված հայ համայնքի ղեկավար Վերա Բոյաջյանի հեռախոսահամարը: Ես զանգեցի Վերային, բացատրեցիՙ ինչն ինչոց է: Նա խոստացավ օգնել, կազմակերպել ամենն, ինչ անհրաժեշտ է:

Վաղ առավոտյան արդեն Բուենոս Այրես ինձ զանգահարեց Վերան եւ պատմեց, թե ինչպիսի դժվարություններ ու բարդություններ կլինեին, եթե չդիմավորեին Լիլիթին: Ապա զանգեց ինքըՙ Լիլիթը: Նա էլ նույնն ասաց: Մի խոսքով, մրցույթը տեղի ունեցավ: Գլխավոր խնդիրը լուծված էր: Լիլիթը հաղթել էր: Պետք էր երեսուն աղջիկներից ընտրել հինգ հաղթողների, որոնք գալիք տարվա գարնանը կմրցեն աշխարհի «Միսս Տուրիզմ» կոչման համար: Մի քանի օր անց պատմեցին եւ այն մասին, թե ինչպիսի դժվարություններով է նա վերադարձել տուն: Փա՜ռք Աստծո: Բայց ահա մնաց մեր հրապարակախոսության ուշադրությանն արժանի խնդիրը: Ո՞վ է մեր երկրում զբաղվում նման հարցերով: Չէ՞ որ կա հավանաբար նման կազմակերպություն, որը թերեւս գրանցված է արդարադատության նախարարությունում: Սա ի՞նչ անտերություն է: Իսկ եթե փորձանք պատահե՞ր: Կարծում եմ, այս հարցերը չեն մնա անպատասխան: Հուսանք:

...Անցյալ տարի հայկական առաջին աշխարհաշուրջի մեկնարկին իսպանական Վալենսիա ժամանեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Եվ ահա հիմա, տեղեկանալով, որ երկրորդ փուլի սկիզբը համընկնում է սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանի երաժշտական խմբի Հարավային Ամերիկայի երկրներով համերգային շրջագայությանը, կազմակերպեց հանդիպում «Արմենիա»-ի տախտակամածին: Անհամբերությամբ սպասում էինք խմբին, մտաբերելով, թե ինչպես էինք քսաներորդ դարի վերջին եւ քսանմեկերորդ դարի սկզբին ողջ ժողովրդով ուրախանում այդ հրաշամանուկով: Ավագ սերունդն այն ժամանակ հիշում եւ նույնիսկ զուգահեռ էր անցկացնում նրա եւ իտալացի լեգենդար տղայիՙ Ռոբերտինո Լորետտիի միջեւ: Եվ այն ժամանակ մեզ մոտՙ Հայաստանում մտածում էինք, թե ինչպես կդասավորվի Գուրգենի երաժշտական-երգչական ճակատագիրը անցումային տարիքի պահին: Փա՜ռք Աստծո, ձայնը, «վերապրելով» բնական փոփոխությունը, բոլորովին չկորցրեց իր հմայքը: Ողջ հանրահայտ Ֆերնանդո նավահանգիստը, ավելի ճիշտՙ «Արգենտինո» առագաստանավային ակումբը սրտի թրթիռով ունկնդրում էր Սայաթ-Նովայի, Կոմիտասի եւ ժողովրդական երգերի կատարումները: Նավամատույցին կառանված զբոսանավակների անձնակազմերը լսում էին հայ երգչին եւ երկար ծափահարում: Եվ ահա մտքովս անցավՙ ինչո՞ւ տարբեր երկրներ այցելելու ժամանակ Գուրգենը չսովորի եւ չկատարի նրանց ազգային երգերից գոնե մեկը:

Որքա՜ն հայ տաղանդավոր երգիչներ ու երաժիշտներ են փառավորել իրենց հայրենիքը եւ իրենք էլ արժանացել փառքի հենց այն պատճառով, որ իրենց երգացանկում ունեցել են ոչ միայն սեփական ազգային մեղեդիներ ու երգեր: Վերջ ի վերջո ինքըՙ Հարություն Սայադյանը չէր դառնա Սայաթ-Նովա, եթե իր երգերը կատարեր միայն հայերենով: Եվ դա եղել է տասնութերորդ դարում: Բայց չէ՞ որ հիմա ապրում ենք ամբողջովին ինտեգրացված ու «ինտերնետացված» քսանմեկերորդում:

...Երբ այս ռեպորտաժը լույս տեսնի, «Արմենիա»-ն արդեն կլինի հեռու-հեռու, դեռեւս բաց մնացող Ատլանտյան օվկիանոսում:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Բուենոս Այրես


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4