Այսպիսի վերնագրով հրապարակում է տպագրել գերմանական «Զյուդդոյչե ցայթունգը» դեկտեմբերի 15-ի համարում:
Խոսքը Ստամբուլում անցյալ շաբաթ տեղի ունեցած մի դեպքի մասին է, որ ցնցել է շատերինՙ մի հայ տղա սպանել է քրոջն ու նրա մահմեդական ամուսնուն:
Սոնեյը 26 տարեկան էրՙ ընտանիքի 5 զավակներից ամենակրտսերը: Զեքերիան նրան տեսել էր Ստամբուլի դեղատներից մեկում, ուր աղջիկն աշխատում էր: Առաջին հայացքից իրար դուր եկան: 29-ամյա ոսկերիչ Զեքերիան հարավանատոլիական Բաթմանից էր: Ուզեցին ամուսնանալ: Խնդիրը մեկի քրիստոնյա, մյուսի մահմեդական լինելն էր: Սոնեյի ընտանիքն իրար անցավ, եղբայրն ասացՙ մեզ մոտ ընդունված էՙ ամուսնությունը միայն եկեղեցում է լինում: Զեքերիայի ընտանիքը դեմ չէր: Տղայի հոր ասելովՙ նրանք իրար խենթի պես էին սիրում: Երկու շաբաթ առաջ տեղի է ունեցել քաղաքացիական ամուսնությունը: Հարսը ոտքից գլուխ սեւ էր հագել: Նրա ընտանիքը Մարդինից է, 20 տարի առաջ են Ստամբուլ եկել, հայրը հայ է, մայրնՙ ասորի: Աղջկա ընտանիքը փեսայից պահանջել է քրիստոնյա դառնալ, բայց սիրահարները համաձայնել էին, որ ամեն մեկն իր հավատքին կմնա: Անցյալ շաբաթ Սոնեյի եղբայրըՙ Գյորալ Էողմենը, որի զբաղմունքն աղավնիներ բուծելն էր, հանդիպում է քրոջն ու փեսային, վեճի բռնվում: «Մենք էլ պատիվ ունենք: Ըստ այդմՙ ամուսնությունը եկեղեցում է լինում», եղբորՙ մամուլում տպագրված հայտարարությունն է ներկայացնում «Զյուդդոյչե ցայթունգը»: Փեսայի մերժումը ստանալուց հետո Գյորալը հանում է զենքն ու կրակում նրա գլխին, այնուհետեւ մի գնդակ էլ ուղղում քրոջը: Ոստիկանությունը ձերբակալում է նրան:
Հայ համայնքի անդամները, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ցնցված են, գրում է գերմանական լրատուն: «Գյորալն առանց մեր գիտության է սպանություն կատարել: Մեզ մոտ հանուն պատվի սպանություններ չկան», ասել է Սոնեյի ազգականներից մեկը: Իսկ Մարդինի ասորական մշակութային միության նախագահ Յուհաննա Աքթաշը թեեւ դատապարտել է սպանությունը, բայց նաեւ ասել էՙ քրիստոնյա աղջիկն, իհարկե, մահմեդական տղայի հետ ամուսնանալու իրավունք չունի: Այդպիսի աղջիկներին մերժում, նրանցից հրաժարվում ենք»:
Սոնեյն ու Զեքերիան ուղիղ 10 օր էին միասին: Նրանց թաղեցին առանձին գերեզմանատներում: Փեսայի դագաղի վրա ամուսնության օրը հագած նրա ճերմակ վերնաշապիկն էր:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա