Ընթացիկ մրցաշրջանը բավական հաջող էր հայ պատանի շախմատիստների համար: Բոլորովին վերջերս Հայաստանի պատանեկան հավաքականը գերազանց ելույթներ ունեցավ Թուրքիայում անցկացված մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայումՙ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Սեպտեմբերին Բաթումում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանը (մինչեւ 18 տարեկանների մրցաշարում), Կարեն Գրիգորյանը (մինչեւ 16 տ.) եւ Շանթ Սարգսյանը (մինչեւ 8 տ.) դարձան արծաթե մրցանակակիրներ, ընդ որում առաջին երկուսը միայն լրացուցիչ գործակիցներով չեմպիոնի տիտղոսը զիջեցին մրցակիցներին: Իսկ հոկտեմբերին Հունաստանում Սամվել Տեր-Սահակյանը նվաճեց մինչեւ 18 տարեկանների աշխարհի պատանիների փոխչեմպիոնի կոչումը:
Շախմատային տարին ամփոփելու նպատակով հարցազրույցի հրավիրեցինք շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ, շախմատի ակադեմիայի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին:
- Պարոն Լպուտյան, վերջին տարիներին Հայաստանի պատանեկան շախմատում կարծես զգալի առաջընթաց է նկատվում, որի ապացույցն ընթացիկ մրցաշրջանում գրանցված նվաճումներն են: Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր իրավիճակը պատանեկան շախմատում:
- Լուրջ չէ, բայց որոշակի առաջընթաց իրոք նկատվում է: Մեզ հատկապես ուրախացրեց պատանեկան հավաքականըՙ Թուրքիայում նվաճելով օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Ասեմ, որ մինչեւ մեկնարկն էլ հավատում էի, որ մեր շախմատիստները վերելքով հանդես կգան, քանի որ տարիքային այդ խմբում ուժեղ շախմատիստներ ունենք: Դա ապացուցեց նաեւ Եվրոպայի առաջնությունը, որտեղ նրանցից 4-ը տեղ զբաղեցրին լավագույն տասնյակում: Գաղտնիք չէ նաեւ, որ մեր տղաներն ավելի համախմբված են հանդես գալիս թիմային մրցաշարերում: Հաղթանակը սպասելի էր: Թերեւս հաճելի անակնկալ էր, որ մեր թիմը 3 միավորով գերազանցեց մոտակա մրցակիցներին: Նման բարձր կարգի մրցումներում դա հազվադեպ է պատահում:
Մեր շախմատիստների գերազանցությունը մրցակիցների նկատմամբ արտահայտվեց նաեւ նրանով, որ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Դավիթ Շահինյանն իրենց խաղատախտակների վրա լավագույն արդյունքը ցույց տվեցին: Լավ հանդես եկան նաեւ Ռոբերտ Աղասարյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը: Կարծում եմ, որ մեր օլիմպիական չեմպիոնները բոլոր հնարավորություններն ունեն բարձրակարգ գրոսմայստերներ դառնալու: Դա կախված է նրանց աշխատասիրությունից, իսկ օժտվածություն բոլորն էլ ունեն:
Ընդհանրապես կան շնորհալի պատանիներ: Կնշեի Մանուել Պետրոսյանին, Կարեն Գրիգորյանին, Վահե Բաղդասարյանին: Աղջիկների մոտ էլ մի փոքր առաջընթաց է զգացվում: Սամվել Տեր-Սահակյանը, որի մոտ կարծես մի շրջան անհաջողություններ էին սկսվել, կրկին վստահ խաղ է ցուցադրում:
- Ի դեպ, Սամվել Տեր-Սահակյանն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում վերջին տուրում ձեռքից բաց թողեց չեմպիոն դառնալու հիանալի հնարավորությունը: Ինչո՞վ կբացատրեք դա:
- Եվրոպայի առաջնությունում ավարտական տուրում Սամվելը ոչ-ոքի խաղաց, մրցակիցը հաղթեց եւ միայն լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստին չհաջողվեց չեմպիոն հռչակվել: Աշխարհի առաջնությունում պատմությունը կրկնվեց: Այս անգամ Սամվելը պարտվեց ու ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Գուցե զգացնել տվեց հոգեբանական գործոնը: Մարզիչներին թերեւս չհաջողվեց հոգեբանորեն նախապատրաստել վճռորոշ հանդիպմանը: Նշեմ, որ պատանիների հետ մեծ ծավալի աշխատանք են կատարում մարզիչներ Արտաշես Մինասյանը, Արսեն Եղիազարյանը, Վահագն Խաչատրյանը, որոնց ներդրումը մեծ է գրանցված հաջողություններում:
- Ինչպե՞ս են գործերը շախմատային ակադեմիայում:
- Ակադեմիայի հիմնական նպատակն է զարգացնել մեր լավագույն պատանի շախմատիստների շախմատային ունակությունները, պայմաններ ստեղծել նաեւ մարզերի երեխաների հետ ինտերնետային ցանցի միջոցով պարապմունքներ անցկացնելու, շախմատը մասսայականացնելու համար: Ակադեմիայի շենքային նոր պայմանները հնարավորություն են ընձեռում կազմակերպելու մրցաշարեր, հավաքներ, մարզիչների եւ մրցավարների վերապատրաստման դասընթացներ: Ընդհանուր առմամբ 1000-1200 երեխա այս կամ այն կերպ շփվում է մեր ակադեմիայի հետ:
- Այս տարին մեր մեծահասակների հավաքականների համար արգասաբեր չէր: Աշխարհի թիմային առաջնությունում, համաշխարհային օլիմպիադայում չհաջողվեց նույնիսկ մրցանակակիր դառնալ: Ի՞նչ է սա. նահա՞նջ, թե՞ ժամանակավոր դադար: Գուցե ժամանակն է թարմ ուժեր ընդգրկել հավաքականում:
- Հավաքականում թարմ ուժեր արդեն կան: Արդեն 2-րդ տարին հավաքականում է հանդես գալիս Արման Փաշիկյանը: Նա այս տարի ավելի հաջող խաղաց: Ուրախալի է նաեւ Ավետիք Գրիգորյանի ընդգրկվելը հավաքականում: Առաջիկայում նման հնարավորություն ունեն Զավեն Անդրեասյանն ու Հրանտ Մելքումյանը:
Վերջին 2 մրցաշարերում իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան մեր հավաքականի հարվածային ուժերըՙ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը, ինչն ազդեց թիմի ընդհանուր արդյունքի վրա: Օլիմպիադայում Լեւոն Արոնյանը շատ լավ խաղաց, Փաշիկյանի արդյունքն էլ վատ չէր: Հարկավոր է խորհել, վերլուծել տեղի ունեցածը: Պետք է հասկանալ, թե ինչու է Գաբրիելի խաղը մի փորք խամրել: Գուցե դա ժամանակավոր բնույթ է կրում: Չէ՞ որ յուրաքանչյուր շախմատիստի մոտ էլ խաղային անկումներ լինում են: Սակայն ես լավատես եմ: Համոզված եմ, որ ապագայում կրկին մեծ հաղթանակներ ու նվաճումներ ենք ունենալու:
- Ի՞նչ կասեք կանանց հավաքականի ելույթների մասին:
- Կարծում եմ, որ վերջին տարիներին մեր հավաքականը շատ լավ է խաղում, առաջընթաց կա: Ինչ խոսք, դրանում իր ներդրումն ունի մեր փորձառու գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը, որն անհատապես պարապում է Լիլիթ Մկրտչյանի եւ Լիլիթ Գալոյանի հետ: Արդյունքն առկա է: Նա ներկայումս կանանց հավաքականի մարզիչն է եւ ժամանակի ընթացքում նրա փորձառությունը կօգնի մեր շախմատիստուհիներին ավելի բարձր արդյունքների հասնել: Հիմա արդեն հավաքականում 3 ուժեղ շախմատիստուհիներ ունենք: Մնում է լուծել 4-րդ խաղատախտակի եւ պահեստայինի հարցը: Իհարկե, եթե Նելլի Աղինյանը լավ մարզավիճակում է, ապա հաջող է խաղում, սակայն ամեն դեպքում նա իր խաղամակարդակով զիջում է առաջատարներին: Եթե հաջողվի լուծել վերը նշված խնդիրը, ապա շատ ուժեղ կանանց հավաքական կունենանք: Թեեւ ներկայումս էլ բավարարված եմ մեր շախմատիստուհիների ելույթներով:
- Բայց Էլինան ու Լիլիթն աշխարհի առաջնությունում հիասթափեցրին շախմատասերներինՙ առաջին իսկ փուլից հետո դուրս մնալով պայքարից:
- Ինչ արած, սպորտում, այդ թվում նաեւ շախմատում, հաջողություններն ու անհաջողություններն անբաժան են: Էլինայից ու Լիլիթից բարձր արդյունքներ էինք ակնկալում, սակայն նրանք վրիպումներ թույլ տվեցին, որոնք ճակատագրական էին: