Դեկտեմբերի 10-ին Աթենքում` Հունաստանի հին խորհրդարանի սրահում կայացավ «Հայ-հունական ռազմական առնչությունները եւ համագործակցության պատմությունը» գրքի երկլեզու` հայերեն եւ հունարեն հրատարակության շնորհանդեսը: Գրքի հեղինակը Հունաստանում եւ Կիպրոսում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանն է: Շնորհանդեսին ներկա են եղել Հունաստանի ազգային հերոս Մանոլիս Գլեզոսը, խորհրդարանի նախկին նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը, հայ-հունական բարեկամության խմբի անդամ, ներքին գործերի նախկին նախարար Պրոկոպիուս Պավլոպուլոսը, ներկայացուցիչներ Հունաստանի պաշտպանության նախարարությունից, օտարերկրյա հյուրեր, հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթ ունեցած բանախոսներն ընդգծել են, որ Ռամազյանի աշխատությունը գալիս է լրացնելու այն բացը, որտեղ թերացել է պատմագրությունը` շարադրելով հայ-հունական դարավոր հարաբերությունները: Ընդգծվել է, որ մինչ այսօր չկար ծավալուն աշխատություն` հայ-հունական կոնկրետ ռազմական հարաբերությունների վերաբերյալ: Գրքում հեղինակը ներկայացրել է պատմությանը հայտնի բոլոր փաստերը` սկսած վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը: Փաստերի վրա հիմնված աշխատությունը վերհանել է հայկական ու հունական զինվորական ու պատմական արխիվները, մեջբերումներ են կատարված մասնավոր հավաքածուներից, ներկայացված են լուսանկարներ, որոնք առանձին կարեւորություն են հաղորդել գրքին: Իր ելույթում Սալոնիկի Արիստոտելյան համալսարանի նորագույն պատմության դոկտոր Իոաննիս Կ. Խասիոտիսը հատկապես կարեւորել է գրքի հաղորդած ազդակը երիտասարդ սերնդին` «խորհրդածելու, թե ի՞նչ ճանապարհով են անցել հայ-հունական հարաբերությունները եւ ինչպե՞ս պետք է առաջնորդվել սրընթաց զարգացումներով ու աշխարհա-քաղաքական զարգացումներով, արդի աշխարհում»:
Շնորհանդեսի ավարտին հուշանվերներով են պարգեւատրվել գրքի հրատարակությանն աջակցած եւ ներդրում կատարած անձինք` Պատերազմական թանգարանի նախկին տնօրեն, գրքի մեկենաս Հայ Զաքյանը, հրատարակիչ` Աթանասիոս Ստամուլիսը եւ բարերար Հովսեփ Քասիսյանը:
Հ. Ա.