«Ճախրող թռչուն»: Երբ ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին առաջարկեցին նախագծել Ստեփանակերտում վերակառուցվելիք օդանավակայանը, ճարտարապետը շենքը պատկերեց հենց ճախրող թռչունի տեսքով:
«Դա ճախրանքի տրամադրություն կստեղծի նաեւ ուղեւորների մեջ, ազատություն եւ անկախություն կխորհրդանշի», ասում է ճարտարապետը:
1200 քմ ընդհանուր տարածք զբաղեցնող օդանավակայանը Ստեփանակերտից 8 կմ է հեռու: Տիգրան Բարսեղյանը նշում է. թեեւ այն փոքր օդանավակայան է, սակայն աշխատակիցները հոգացել են ուղեւորների ոչ միայն անվտանգ թռիչքի, այլեւ հարմարավետության մասին:
Երկհարկանի գեղեցկուհին կունենա նաեւ բար, սրճարան, ավտոկայանատեղի, բուժկետ, VIP սրահ հատուկ հյուրերի համար:
Շենքի կառուցումը կավարտվի դեկտեմբերի վերջերին. օդանավակայանից թռիչքներ կիրականացվեն գարնանը:
ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (ՔԱՎ) աշխատակազմի ղեկավար Դմիտրի Ադբաշյանն «Ազգի» հետ զրույցում պատմում է, որ օդանավակայանի վերակառուցման ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն դոլար. մինչ այժմ ծախսվել է 2 մլն դոլար:
«Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո օդանավակայանը կկարողանա ընդունել CRG 200 մակնիշի կանադական օդանավերը: Նման երկու ինքնաթիռ է նախատեսվում ձեռք բերել: Օդանավակայանը կկարողանա ընդունել նաեւ AIRBUS 320 տիպի ինքնաթիռներ, սակայն դրանք մեր օդանավակայանի համար մեծ կլինեն», ասաց Ադբաշյանը:
Չվերթերը կիրականացնի «Արցախավիա» պետական ձեռնարկությունը: Երեւան-Ստեփանակերտ թռիչքը կտեւի 35 րոպե, տոմսի արժեքն էլ չի գերազանցի 15.000 դրամը:
«50-տեղանոց օդանավի մեջ, եթե 35 ուղեւոր լինի, արդեն շահավետ է»:
Սկզբում նախատեսվում է օրական մեկ չվերթ իրականացնել: Հետագայում չվերթերի թիվը կշատանա: Ադբաշյանը փաստում է, որ Ղարաբաղում կան համապատասխան օդաչուներ, օդանավակայանի տեխնիկական աշխատողներ:
Կան հին աշխատողներ, ովքեր ժամանակին աշխատել են ավիացիայի ոլորտում: Դրսից որեւէ մեկին չեն հրավիրի: Շեշտը կդնեն երիտասարդ մասնագետների վրա, այժմ փորձառու ավագ գործընկերները դասընթացներ են իրականացնում եւ թռիչքի հմտություններն ու նրբությունները նրանց փոխանցում:
Ադբաշյանը հավաստիացնում է` ինքնաթիռներ գործարկելը տնտեսապես շահավետ կլինի: Անձամբ բիզնես պլան է մշակել, պարզվել է, եթե օդանավը թեկուզ 70 տոկոսով բեռնված լինի, ապա կարելի է թռիչքը շահավետ որակել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ