«Ամերիաբանկը» պայմանագիր ստորագրեց Եվրասիական զարգացման բանկի հետ
Երեկ Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Մարատ Ջաուքենովը եւ «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ստորագրեցին պայմանագիր 30 մլն դոլարի վարկային գծի բացման մասին` Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար: Միջոցները տրամադրվում են 5 տարի ժամկետով եւ Եվրասիական զարգացման բանկի` փոքր եւ միջին բիզնեսին աջակցության ծրագրի շրջանակներում, ֆինանսական հաստատություններին տրամադրվող նպատակային վարկային գծով:
Ինչպես նկատեցին ե՛ւ Հանեսյանը, ե՛ւ Ջաուքենովը, նախագծի իրականացումը կնպաստի Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ զարգացմանը, ներքին եւ արտաքին շուկաներում դրանց մրցունակության բարձրացմանը եւ առհասարակ` շուկայական տնտեսության ենթակառուցվածքային եւ ինստիտուցիոնալ հիմքերի զարգացմանը:
Հաշվի առնելով, որ փոքր եւ միջին բիզնեսը, որի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է մոտ 40 տոկոս, ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, «Ամերիաբանկը»` որպես իր վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություն է վերցրել դրա վարկավորումը: Իսկ Եվրասիական զարգացման բանկից ստացած վարկը էլ ավելի կօգնի երկրի փոքր եւ միջին ձեռնարկություններինՙ լուծելու կապիտալ ներդրումների համար անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսավորման խնդիրը. «Նկատելով, որ մեր երկրի փոքր եւ միջին ձեռնարկատերերի շրջանակում կա վարկերի մեծ պահանջարկ, մենք դեռ 2009-ի երկրորդ կեսից սկսեցինք ակտիվորեն ֆինանսավորել այս ոլորտը: Այս նպատակով «Ամերիաբանկը» համագործակցում է 5 միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, եւ միայն անցնող տարվա ընթացքում ոլորտին տրամադրել ենք 30 մլն դոլարի վարկեր` ապահովվելով 600-ից ավելի աշխատատեղեր Հայաստանում: Կոնկրետ Եվրասիական զարգացման բանկից ստացած այս միջոցները մենք վարկերի տեսքով կբաշխենք մինչեւ առաջիկա փետրվար, եւ կարծում եմ, դրանք հասանելի կլինեն հայրենական ձեռնարկությունների համար», ասաց Արտակ Հանեսյանը` հավելելով, որ «Ամերիաբանկի» ընդհանուր վարկային փաթեթի 25 տոկոսն ուղղված է հենց փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորմանը: Իր հերթին Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Մարատ Ջաուքենովը, ընդգծելով, որ սա Հայաստանում իրականացրած իրենց բանկի երկրորդ նմանատիպ նախագիծն է, ասաց. «Ավելորդ է նշել անգամ, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը ձեր երկրի համար ռազմավարական կարեւորություն ունի: Մեր բանկից ստացած վարկը կխթանի նաեւ «Ամերիաբանկի» ներդրումային գրավչության աճին, որը հեռանկարում թույլ կտա մեր հայ գործընկերոջը ներգրավել նորանոր արտաքին ներդրողների»:
Հավելենք, որ Եվրասիական զարգացման բանկը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի եւ Ղազախստանի նախաձեռնությամբ: Բանկի հիմնական նպատակն է` մասնակից պետությունների շուկայական տնտեսությունների զարգացումը, նրանց կայուն տնտեսական աճի ապահովումը եւ փոխադարձ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը: Այժմ բանկի մասնակից պետությունները, բացի ՌԴ-ից եւ Ղազախստանից, նաեւ Հայաստանն է, Տաջիկստանը եւ Բելառուսը: Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը:
Հ. Ա.