«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2010-12-15 | #232, 2010-12-16 | #233, 2010-12-17


ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՈՎԸ ԷՆՎԵՐԻՆ ՈՉՆՉԱՑՆՈՂ ՀԵՐՈՍԸ

Լրանում է հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկի` Հակոբ Առաքելի Մելքումյանցի (Մելքումով) ծննդյան 125-ամյակը:

Հակոբ Առաքելի Մելքումովը ծնվել է 1885 թվականի դեկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Խիրխան գյուղում, գյուղացու ընտանիքում: Հոր մահից հետո պատանի Հակոբը մոր հետ տեղափոխվում է Աշխաբադ` հորեղբոր մոտ: Աշխաբադում Հակոբն ընդունվում է տեղի արական գիմնազիան, որն ավարտելուց հետոՙ1907 թվականին զորակոչվում է ցարական բանակ:

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Հակոբի զորամասը գտնվում էր Արեւմտյան ռազմաճակատում: Այստեղ նա աչքի է ընկնում քաջությամբ, արժանանում է Գեորգիեւյան խաչի ու մի շարք այլ պարգեւների, եւ, որպես բացառություն, նշանակվում է կազակային հեծյալ դիվիզիայի էսկադրոնի հրամանատար:

Հակոբ Մելքումովը գտնվում էր արեւմտյան ռազմաճակատում, երբ 1918 թ. հունվարին ստացվեց Հայաստանի ուղղությամբ թուրքական զորքերի հարձակման լուրը: Այդ ժամանակ Կովկասի գործերով արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանը դիմում է Սովետական Ռուսաստանի Ժողկոմսովետին` խնդրելով թույլ տալ արեւմտյան ռազմաճակատում գտնվող հայ զինվորներից կազմել կամավորական ջոկատներ եւ ուղարկել Հայաստան` թուրքերի առաջ շարժվելը կասեցնելու նպատակով:

Շուտով հրապարակվում է ազգությունների ժողկոմ Ստալինի ստորագրությամբ մանդատը հայկական կամավորական ջոկատներ կազմակերպելու եւ Հայաստան ուղարկելու մասին:

Կամավորական ջոկատների կազմակերպման գործը իր վրա է վերցնում Սովետական Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնակատար Ալեքսանդր Մյասնիկյանը: Վերջինիս աջակցությամբ էլ Ռիգայում գտնվող Հ. Մելքումովը կազմակերպում է ջոկատ, որի մեջ մտան 200 հայ կամավորներ:

Հաղթահարելով ճանապարհի դժվարությունները, Մելքումովի ջոկատը հասնում է Դոնի Ռոստով: Սակայն այդ ժամանակ ճանապարհը դեպի Կովկաս փակել էին Կալեդինի եւ Դենիկինի զորքերը: Այդ պատճառով էլ Մելքումովը որոշում է անցնել Ցարիցին (այժմՙ Վոլգոգրադ), Կասպից ծովով հասնել Բաքու եւ շարժվել դեպի Հայաստան: Դա եւս չի հաջողվում, որից հետո Հ. Մելքումովն իր ջոկատով մտնում է Կարմիր բանակ: 1918 թ. կոմկուսի անդամ դարձած Մելքումովը նշանակվում է համահավաք հեծյալ բրիգադի հրամանատար եւ մինչեւ 1919 թ. վերջը մասնակցում է հարավային ռազմաճակատում ծավալված գործողություններին:

Թուրքեստանում հակահեղափոխական, բասմաչական ուժերին ջախջախելու գործում վճռական բեկում մտցնելու նպատակով կազմակերպվել էր թուրքեստանյան ռազմաճակատՙ Մ. Ֆրունզեի հրամանատարությամբ: Հաշվի առնելով, որ Մելքումովը տիրապետում է միջինասիական ժողովուրդների լեզվին, ծանոթ է տեղի պայմաններին, Ֆրունզեի պահանջով 1920 թ. Հ. Մելքումովն ուղարկվում է թուրքեստանյան ռազմաճակատ եւ նշանակվում առաջին հեծյալ բրիգադի հրամանատար:

1920 թ. սկսած բասմաչների հակասովետական ելույթներին զուգահեռ, մեծ ակտիվություն էր դրսեւորում Բուխարայի էմիրը, որի բանակի մեջ էին մտել կովկասյան ռազմաճակատում գերի ընկած եւ Թուրքեստան տեղափոխված մի քանի հազար նախկին թուրք ռազմագերիները:

Բուխարան գրոհող զորքերի մեջ էր նաեւ Մելքումովի առաջին բրիգադը: 1920 թ. օգոստոսի 31-ինՙ համառ մարտերից հետո սովետական զորքերը կոտրեցին հակառակորդի դիմադրությունը եւ մտան Բուխարա:

Բուխարայի ազատագրմանը եռանդով մասնակցելու համար Հ. Մելքումովը եւս պարգեւատրվում է Կարմիր դրոշի շքանշանով:

Բուխարայի նախկին էմիրը, հաստատվելով Դուշանբեում, իր զորքերի թիվը հասցրել էր 15 հազարի եւ անգլիացիների աջակցությամբ փորձում էր վերականգնել կորցրած գահը: Հ. Մելքումովի բրիգադը մասնակցեց Էմիրի խոշոր բանակի դեմ ռազմական գործողություններին:

1921 թ. փետրվարի 16-ին Մելքումովը ծանր հարված է հասցնում Դենաուի մոտ դիրքավորված Էմիրի բանակին: Ամրանալով Գիսար ամրոցում, հույսը դնելով ամրոցի ամուր պարիսպների վրա, Էմիրը դեռ փայփայում էր Մելքումովին դիմադրելու միտքը, սակայն փետրվարի 20-ին խուճապահար փախավ եւ փորձեց ամրանալ Դուշանբեում:

Ի վերջո, իր հարեմը թողնելով Մելքումովի ողորմածությանը, լիովին ջախջախված Էմիրը փախչում է Աֆղանստան:

Էմիրի բազմահազարանոց բանակը ջախջախելու համար Մելքումովը պարգեւատրվում է Կարմիր դրոշի 2-րդ շքանշանով:

1921 թ. հոկտեմբերի սկզբին Նարիմանովի աջակցությամբ թուրքական նախկին ռազմական մինիստր, միջազգային ավանտյուրիստ, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկըՙ Էնվեր փաշան անցնում է Բուխարա: Նա նպատակ էր դրել անգլիացիների աջակցությամբ Թուրքեստանն անջատել Ռուսաստանից եւ Միջին Ասիայում հռչակել թուրքական պետություն: Կապվելով Աֆղանստանում գտնվող Բուխարայի նախկին Էմիրի հետՙ Էնվերը համախմբում է բասմաչական բոլոր բանդաները եւ ստեղծում 40-հազարանոց բանակ:

Բուխարայի նախկին Էմիրը Էնվերին հռչակում է մուսուլմանական զորքերի գլխավոր հրամանատար:

1922 թ. հունվարին, մի շարք հաղթանակներ տանելուց հետո, ոգեւորված Էնվերը սովետական կառավարությանը Նարիմանովի միջոցով ներկայացնում է վերջնագիր` պահանջելով սովետական զորքերը դուրս բերել Թուրքեստանից:

Էնվերի ավանտյուրայի լիկվիդացումը ղեկավարելու համար կուսակցության կենտկոմը Միջին Ասիա է գործուղում Գ. Օրջոնիկիձեին: Էնվերի դեմ ռազմական գործողությունների հիմնական ծանրությունը դրվում է Մելքումովի բրիգադի վրա:

«Էնվեր փաշան, - գրել է Հ. Մելքումովը, - սովորական բասմաչական կուրբաշի (հրամանատար. -Վ.Պ.) չէր, որոնց հետ մինչ այդ ինձ վիճակվել էր գործ ունենալ: Զինվորական ակադեմիական կրթությունը, իմպերիալիստական պատերազմի մարտական փորձը եւ վերջապես ուժի վիթխարի գերազանցությունը նրան դարձրել էին վտանգավոր հակառակորդ»:

Բայց Հ. Մելքումովն էլ պակաս փորձ չուներ: «Մենք էլ Էնվերին կջարդենք մեր խելքով», այսպես էր պատասխանել Մելքումովը նոր նշանակում ստանալիս:

Առաջին ծանր հարվածը Մելքումովը հասցնում է Էնվերի բանակի խոշոր բանդաներից մեկին եւ դրանով վերացնում Բուխարա քաղաքի հետ նրա ունեցած կապը: Այս հաղթանակը նկատի ունենալովՙ Գ. Օրջոնիկիձեն Մելքումովին գրել է. «Անսահման ուրախ եմ Ձեր հաջողություններով: Հարկ կլինի Էնվերի դեմ կռվել լրջորեն, բայց վստահ եմ, որ կոլորեք նրա վիզը: Իմ կողմից խոստանում եմ, որքան կներեն ուժերս, օգնել Ձեզ այդ կարեւոր եւ ծանր գործում»:

Այս անհաջողությունից կատաղած, Էնվերը բասմաչական բոլոր զորախմբերի հրամանատարներին ուղարկած հրամանում նշել էր. «Մելքումովն իմ անձնական թշնամին է: Նա ինձ կենդանի է պետք: Ես նրան իմ ձեռքերով ցցին եմ նստեցնելու»:

Հ. Մելքումովն էլ իր հերթին էր հրաման արձակել. «Էնվերին կենդանի բռնել»:

1922 թ. հունիսի 15-ի վաղ առավոտյան Բայսունի մոտ Մելքումովը դեմառդեմ հանդիպում է Էնվերին: Այստեղ Էնվերն իր 17-հազարանոց զորախմբով պատրաստվում էր Մելքումովի զորամասին ծուղակը գցել:

Մելքումովը կարողացել էր կարճ ժամանակում ծանոթանակ կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած Էրզրումի եւ Սարիղամիշի 1914-1915 եւ 1915-1916 թթ. ձմռանը տեղի ունեցած ճակատամարտերի ժամանակ Էնվերի գործողություններին: Էնվերը գերմանական ռազմական դպրոցի հետեւորդ էր, եւ Մելքումովի համար պարզ էր, որ նրա մտահղացումները նույնն էին լինելու: Եվ Մելքումովը չսխալվեց:

Կռահելով Էնվերի նպատակըՙ Մելքումովը կարողացավ շեշտակի գրոհով հարկադրել նրան հեռանալ Բայսունից:

Չդիմանալով ճնշմանըՙ Էնվերը հարկադրված նահանջում է դեպի Կոֆրուն: Կոֆրունն անառիկ ամրոց էր, այստեղ Էնվերն իրեն ոչ միայն ապահով էր զգում, այլեւ համոզված էր, որ կջախջախի Մելքումովին: Կռահելով Էնվերի մտադրությունը, չնայած վերջինիս ուժերի գերակշռությանը, Մելքումովը վճռում է չդադարեցնել հարձակումը եւ դահիճին զրկել նոր ուժեր հավաքելու հնարավորությունից:

Մելքումովն Էնվերին ապակողմնորոշելու նպատակով իր զորքերին հունիսի 14-ին «գաղտնի» հրաման արձակեց` այնպես առաջ շարժվել, որ հունիսի 19-ին հասնեն Կոֆրուն, միաժամանակ հոգ տանելով, որ այդ հրամանի մասին լուրը հասնի Էնվերին:

Լրտեսների միջոցով տեղեկանալով Մելքումովի հրամանի մասին, Էնվերը համոզվում է, որ վեց օրվա ընթացքում Մելքումովի զորքերը հազիվ Կոֆրուն կհասնեն հոգնած վիճակում, եւ նրանց առանց դժվարության կհաջողվի ոչնչացնել:

Իսկ Մելքումովն իր զորամասերի առջեւ դրել էր խնդիր` շարժվել միայն գիշերը, հունիսի 15-ի գիշերը` ժամը 3-ին հասնել Կոֆրուն եւ սկսել հանկարծակի գրոհ:

Այդ ժամանակ Էնվերն իր հրամանատարների հետ խրախճանքով էր զբաղված, եւ նրա մտքով չէր անցնում, որ Մելքումովը կհաղթահարեր Պամիրի խոր կիրճերն ու կհասներ Կոֆրուն:

1922 թ. հունիսի 15-ի գիշերը Մելքումովի զորամասը հասավ Կոֆրուն: Սրընթաց գրոհով գրավելով Էնվերի առաջապահ դիրքերըՙ Մելքումովի հեծյալները մտնում են ամրոց: Իսլամական զորքերի գերագույն գլխավոր հրամանատար Էնվերը հանկարծակի գալով, չկարողացավ համախմբել իր ուժերը եւ օգտվելով գիշերվա խավարից, կիսամերկ ու ոտաբոբիկ մի կերպ ճողոպրեց:

Էնվերի ննջարան մտած կարմիր բանակայինները տարբեր կողմերից հավաքում են Էնվերի անձնական իրերը, կնիքը, նոր կարված անգլիական գեներալի համազգեստը, ինչպես նաեւ Էնվերի ստացած նամակները եւ ներկայացնում Մելքումովին:

Երկար ժամանակ այս խայտառակ պարտությունից հետո Էնվերն ուշքի չէր գալիս: Իր բոլոր ուժերը համախմբելով Դուշանբեումՙ Էնվերը որոշում է այստեղ վճռական մարտ տալ Մելքումովի հեծյալ բրիգադին, հաղթել նրան եւ վերականգնել իր «պատիվը»: Նա միաժամանակ օժանդակ ուժեր է ստանում Աֆղանստանում գտնվող Բուխարայի էմիրից:

Կոֆրունից դեպի Դուշանբե ճանապարհն անցնում էր խոր կիրճով: Դրանից էլ օգտվելով, Էնվերը որոշում է Մելքումովին թույլ տալ մտնել կիրճ եւ երկու կողմից շրջապատելով, վերցնել աքցանի մեջ ու ոչնչացնել:

Տեղեկանալով Էնվերի մտադրության մասին, Մելքումովը մշակում է գործողությունների այնպիսի համարձակ պլան, որի ձախողման դեպքում Էնվերը ոչ միայն փրկվելու էր, այլեւ նախաձեռնությունն անցնելու էր նրա ձեռքը:

Մելքումովը որոշեց հուլիսի 17-ին ամեն գնով դուրս գալ Դուշանբեի մոտ եւ գրոհը սկսել ոչ թե գիշերը, այլ ցերեկվա ամենաշոգ ժամին, երբ թշնամին դրան չէր սպասում:

Հուլիսի 17-ին, ցերեկվա ժամը 12-ին, երբ Էնվերի զինվորները շոգից թաքնվել էին տարբեր տեղերում, Մելքումովի հեծյալները սկսեցին հանկարծակի գրոհ: Էնվերի զինվորները չկարողացան ուշքի գալ: Իսկ Էնվերը 300 թուրք հեծյալ սպաների պաշտպանությամբ դուրս եկավ շրջապատումից եւ շարժվեց դեպի Աֆղանստանի սահման:

Այս խայտառակ պարտությունից հետո Էնվերն այլեւս ուշքի չեկավ: Խուսափելով Մելքումովի հետապնդումիցՙ Էնվերը անցնում է Բոլջուան, նպատակ ունենալով փախչել Աֆղանստան:

Սակայն այս անգամ էլ նրան ձախողում էր սպասում, այն էլ անդառնալի, վերջնական: 1922 թ. օգոստոսի 4-ին Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող Չագան ղշլաղում Մելքումովի բրիգադի մարտիկները շրջապատում են Էնվերի բանդայի մնացորդներին: Մելքումովը տվել էր հրաման` թույլ չտալ Էնվերին անցնել սահմանը եւ կենդանի բռնել նրան:

Էնվերի հրամանատարությամբ բանդան կատաղի դիմադրում էր, փորձելով ամեն կերպ ճեղքել շրջապատումը, ճողոպրել դեպի Աֆղանստանի սահմանը: Վերջին պահին Էնվերին հաջողվեց միայնակ, ձիու վրա նստած, սրընթաց մոտենալ սահմանին: Մի քանի րոպե եւ գուցե Էնվերին հաջողվեր անցնել սահմանը: Այլեւս հնարավոր չէր նրան կենդանի բռնել: Եվ Մելքումովի գնդացրորդ Իվան Սավկոն կրակն ուղղում է Էնվերի վրա: Կրակահերթը ձիու հետ գետին է տապալում Էնվերին` հինգ տեղից վիրավորված: Նրա բանդայի մնացորդները գերի են հանձնվում: Երբ Մելքումովը մոտենում է Էնվերին, նա արդեն մեռած էր:

Այսպիսի վախճան ունեցավ Էնվերիՙ արյունով ու ոճիրով ծանրացած կյանքը, որը տարվել էր իր տիրակալությամբ միջինասիական թուրքական մեծ պետություն ստեղծելու երազանքով:

Էնվերի 40-հազարանոց կանոնավոր բանակի ջախջախման մարտական գործողությունները հմտորեն ղեկավարելու համար Մելքումովն արժանանում է Կարմիր դրոշի 3-րդ շքանշանին: Նա պարգեւատրվում է նաեւ Բուխարական Սովետական Ժողովրդական Հանրապետության բարձրագույն շքանշանով:

Քաղաքացիական կռիվներից հետո Հ. Մելքումովը շատ էր ցանկանում Հայկ Բժշկյանի նման գալ Հայաստան, մասնակցել Հայկական կարմիր բանակի ստեղծմանը: Սակայն նրան պահեցին Միջին Ասիայում:

1926 թ. սկզբներին անգլիացիներից մեծ օգնություն ստանալով, Էնվերին փոխարինած Իբրահիմ բեկը խոշոր բանդայով անցավ Տաջիկստան, ամենուրեք տարածելով սարսափ, ավերելով ղշլաղները, սպանելով ու թալանելով մարդկանց: Իբրահիմ բեկի դեմ պայքարը կոորդինացնելու համար Տաջիկստան ժամանած Ս. Բուդյոննու առաջարկով Տաջիկստան է մեկնում նաեւ Հ. Մելքումովը, որը ստանձնեց ռազմական գործողությունների ղեկավարումը: Իբրահիմ բեկին գլխովին ջախջախելու համար Հ. Մելքումովն արժանանում է Կարմիր դրոշի 4-րդ շքանշանին:

Ուշագրավ է, որ դատարանում, վերջին խոսքն ասելիս, Իբրահիմ բեկը խնդրում էր իրեն հնարավորություն տալ տեսնելու Յակոբ Տյուրեինՙ Հակոբ Զորավարին, այն մարդուն, որը ջախջախել էր Էմիրի, Էնվերի եւ իր զորքերին:

Հակոբ Մելքումովին մեծ համակրանքով էին վերաբերվում ուզբեկները, տաջիկները, թուրքմենները: Իբրեւ հարգանքի նշան նրան անվանում էին «Յակոբ Տյուրե»` «Հակոբ Զորավար»:

Մինչեւ այժմ էլ այդ ժողովուրդները սիրով ու հարգանքով են հիշում հայ ժողովրդի արժանավոր զավակ Հակոբ Մելքումովին:

1934 թ. ավարտելով Մ. Ֆրունզեի անվան ակադեմիան, Հ. Մելքումովը նշանակվում է Միջին Ասիայի զինվորական օկրուգի հրամանատարի տեղակալ:

1937 թվական: Հ. Մելքումովը անհիմն զրպարտության հետեւանքով հանվում է պաշտոնից եւ բանտարկվում:

1956 թ. Մելքումովը լիովին արդարացվում է եւ վերադառնում իր ընտանիքի մոտ:

Սովետական բանակի պահեստի գեներալ-լեյտենանտ Հ. Մելքումովը մահացել է 1962 թվականին:

Մոսկվայում Նովոդեւիչի գերեզմատանը գտնվող նրա շիրիմի վրա ՍՍՀՄ պաշտպանության նախարարության կողմից կանգնեցվել է խիզախ զորահրամանատար, լեգենդար հերոսի հուշարձանը:

1989 թ. Երեւանի քաղաքային սովետի գործկոմի որոշմամբ Հակոբ Մելքումովի անունով է կոչվել Աջափնյակի հիվանդանոցի մոտից մինչեւ Աշտարակի խճուղի ընկած փողոցը: Բայց, ցավոք, 1990-ական թվականների սկզբին, երբ հհշականներն այնպես հախուռն ոչնչացնում էին ամեն ինչ, մոռացության տրվեց նաեւ Մելքումովի անունով փողոցը: Ոչնչացվել է նաեւ Հակոբ Մելքումովի սխրանքի մասին պատմող վավերագրական կինոֆիլմը:

Չնայած այդ ամենին, այժմ, երբ լրանում է հայ ժողովրդի ականավոր զավակ Հակոբ Մելքումովի (Մելքումյանց) ծննդյան 125-ամյակը, մեր պարտքն ենք համարում հիշել նրան, փրկել նրա անունը մոռացությունից եւ վերականգնել արդարությունը` հույս ունենալով, որ դրան ուշադրություն կդարձնեն Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4