ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 2-րդ մրցույթ փառատոնը», որը նվիրված էր հայ անվանի բանաստեղծ Վահան Տերյանի 125-ամյակին, անցկացվում էր ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբՙ ԱԺ-ի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում: Առաջին փառատոնին հանրապետության բոլոր մարզերից, Ջավախքից եւ Արցախից մասնակցել էին 6000 դպրոցականներ, իսկ այս երկրորդին նրանց թիվը հասավ 21 հազարի: Նշենք, որ փառատոնի ժյուրի պատվավոր նախագահն էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը , ժյուրիի նախագահը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը , անդամներՙ բան. գիտ. թեկնածու Կարո Վարդանյանը , գրող-հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը , ՀՀ ժող. արտիստ Գուժ Մանուկյան , Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը , ֆիզմաթ գիտ. թեկնածու լրագրող Գրիգոր Էմին-Տերյանը , արվեստագիտության թեկնածու Վաչե Հովեյանը , փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը , պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը , Կարինե Աճեմյանը , Արտակ Զաքարյանը եւ այլք:
Երեկ երեկոյան Սունդուկյանի անվ. մայր թատրոնում կայացավ փառատոնի գալա-համերգը, որի ընթացքում եզրափակիչ փուլ դուրս եկած 80 ասմունքողներից 18-ը արժանացան ԱԺ նախագահի դիպլոմներին, շնորհակալագրերին: Համակարգիչներ, տնային կինոթատրոններ, հեռուստացույցներ ԱԺ նախագահը հանձնեց 1-3-րդ մրցանակային տեղեր գրավածներին, իսկ 11 խրախուսական մրցանակակիրները եւ 6-ամյա Բենիկ Ասլանյանն արժանացան տեսաձայնագրիչների եւ գրականության հավաքածուի: Գլխավոր մրցանակի արժանացավ Կոտայքի մարզի Բալահովիտի միջն. դպրոցի սան, 15-ամյա Սերինե Մկրտչյանըՙ ԱԺ նախագահից ստանալով հատուկ դիպլոմ եւ notbook: ԱԺ նախագահինՙ նման կարեւոր փառատոն անցկացնելու համար շնորհակալական խոսք ասաց պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ու նշեց, որ այն մեծ նշանակություն է ունենում հայ պոեզիայի զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ շնորհավորեց 18 մրցանակակիրներին, շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին ու ժյուրիինՙ փառատոնը հավուր պատշաճի անցկացնելու համար ու նշեց. «Ուրախ եմ ու հպարտ, որ ասմունքի փառատոնը կայանում է արդեն երկրորդ տարինՙ իր շուրջը համախմբելով 21 հազար հայ պոեզիայի նվիրյալների: Կազմակերպելով այս փառատոնը, մենք կարողացանք մատաղ սերնդի մոտ սեր սփռել, նրանց ուշադրությունը սեւեռել դեպի հայ պոեզիան: Հենց այս սերունդն է, որ պետք է միանա ու մեզ հետ մասնակիցը լինի մեր երկրի կառուցմանն ու բարգավաճմանը: Ուստի այդ գործում մեծ դեր ունեն հատկապես մեր մանկավարժները, հայոց լեզվի ուսուցիչները, որոնց էլ կրկին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը»: Պրն Աբրահամյանը խոստացավ շարունակել մինչեւ իր պաշտոնավարության ավարտըՙ հույս հայտնելով, որ իրենից հետո փառատոնը կշարունակվի նաեւ հաջորդ ԱԺ նախագահի օրոք:
Միջոցառմանը ներկա էին Նավասարդ սրբազանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը պաշտոնատար այրեր, պատգամավորներ, մարզպետներ, հյուրեր: Ողջ երեկո Տերյանի շունչն ու հոգին թեւածում էին բեմում, հնչում էին նրա ստեղծագործությունները, գրողի տողերով գրված երգեր ու տարածվում Երեւանից մինչեւ մարզեր, մինչեւ Ջավախք ու Արցախ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ