Հիլարի Քլինթոնը սոսկ ափսոսանք է հայտնել Ալիեւին WikiLeaks-ի հրապարակման առնչությամբ
Դեկտեմբերի 15-ն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի արտաքին քաղաքականության «հերթական հաջողությունների» տարեգրության մեջ կգրվի ոսկե տառերով: Այդ օրը, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են խանդավառ գրում (հետաքրքրական է` ինչո՞ւ մի քանի օր ուշացումով), Իլհամ Ալիեւին զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ պետքարտուղարն ափսոսանք է հայտնել «Ադրբեջանին վերաբերող հրապարակումների առթիվ, որոնք տեղ են գտել WikiLeaks-ի կայքում եւ հավաստել, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար մնում է «որպես կարեւոր գործընկեր»:
Հիլարի Քլինթոնն, այսպիսով, ակնարկ իսկ չի հնչեցրել, որ «այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում», ինչից հետեւում է, որ նրա զանգը եղել է զուտ արարողակարգային: Ավելի ճիշտ կլինի թերեւս եզրակացնել, որ Վաշինգտոնը պարզապես «հուղարկավորել է» Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական ուղեգիծը, որ մինչեւ վերջին ժամանակներս ընդունված էր համարել «հավասարակշռված», եւ այժմ եկել է «ցավակցելու ժամանակը»:
Ի՞նչ է սպասվում առաջիկայում: ԱՄՆ-ը հավանաբար կփորձի լավագույնս օգտագործել հնարավորությունը: Բայց չպետք է բացառել, որ մյուսները նույնպես ձեռնպահ չեն մնա «գաղտնազերծումների» միջոցով Բաքվին զգուշացումներ անելու առիթն օգտագործելուց: Բացառված է, որ «մի անգամ ուրացողը» չուրանա երկրորդ եւ ավելի անգամ: Այսինքն, եթե ամերիկյան դիվանագետների հետ հանդիպումներում Իլհամ Ալիեւն իրեն թույլ է տվել ոչ պատշաճ արտահայտվել Թուրքիայի կամ Ռուսաստանի հասցեին, ապա ի՞նչ երաշխիք, որ ռուսաստանցի կամ թուրք զրուցակիցների հետ էլ նա նույն կերպ չի վարվել ամերիկացիների հանդեպ:
Մանավանդ որ Օբամայի նախագահության ամենասկզբից հարաբերությունները Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ ակնհայտորեն բարվոք չեն: Հիշենք թեկուզ, որ Իլհամ Ալիեւը չընդունեց հորդորը եւ չմեկնեց Թուրքիա, երբ այնտեղ էր ժամանում Միացյալ Նահանգների նախագահը: Ի դեպ, դա պաշտոնն ստանձնելուց հետո Օբամայի առաջին արտասահմանյան ուղեւորությունն էր, ինչին հետեւեց Վաշինգտոնի կողմից Իլհամ Ալիեւին անտեսելը միջուկային անվտանգության հարցերով խորհրդաժողովի հրավիրյալների մեջ:
Հատկապես այդ շրջանին է համընկնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների որոշակի առաջընթացը: Ուստի գրեթե վստահաբար կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիեւն այդ ընթացքում ռուս դիվանագետների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումներում իրեն թույլ տված կլինի ոչ դիվանագիտորեն արտահայտվել ամերիկյան վարչակազմի հասցեին: Հիշենք նաեւ, որ դա հայ-թուրքական «պատմական հաշտեցման» քայլերի ժամանակաշրջանն էր, եւ պատկերը, կարծում ենք, ավելի առարկայականորեն կուրվագծվի:
Ամբողջ խնդիրն այն էՙ Մոսկվան տեղեկատվական արտահոսք կկազմակերպի՞, թե՞ ոչ: Առայժմ Ռուսաստանը բավական սառնասրտորեն է վերաբերվում ամերիկյան կողմի գաղտնազերծումներին: Սակայն հատկանշական է, որ ՌԴ արտաքին հետախուզության գերատեսչությունն արդեն իսկ սկսել է լրջորեն ուսումնասիրել WikiLeaks-ի հրապարակումները: Իսկ դա ինչ-որ բան նշանակում է:
Մինչ այդ, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցների հոսքերում վերջին օրերին նկատվում է «հավասարակշռության» ընդգծված խախտում` ի վնաս ռուսաստանյան ուղղության: Ճիշտ է, շատ բան արվում է ԵԱՀԿ ՄԽ «անգործության» գաղտնաքողի տակ, բայց բոլորին է հայտնի, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում 2008 թ. ի վեր առաջին ջութակի դերակատարություն ունեցել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ուստի «արդյունքների բացակայությունից» ադրբեջանական կողմի դժգոհության անուղղակի, բայց փաստացի հասցեատերը հենց Ռուսաստանն է:
Պաշտոնական Բաքուն ըստ երեւույթին որդեգրել է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» գործելաոճ: Այդ են վկայում գերազանցապես իշխող կլանի մոտեցումներն սպասարկող «քաղաքագետների» անունից տեղեկատվական տարածք մուծվող որոշ շատ համարձակ թվացող գաղափարներ: Մասնավորապես, օրերս «անհայտությունից կրկին զորակոչված» Վաֆա Գուլուզադեն, անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած անկարգություններին, ասել է, որ «դրանք վկայում են մի բան` իմպերիայի վախճանն անխուսափելի է»: Նա հիշեցրել է, որ ինքը նման կարծիք արտահայտել է դեռեւս տարիներ առաջ: «Կյանքն ապացուցում է, որ ես չեմ սխալվել», եզրահանգել է Գուլուզադեն: Շատ բնութագրական է, որ Գուլուզադեն ըստ էության «քաղաքագիտական հիմնավորում» է տվել Իլհամ Ալիեւի` ՌԴ ղեկավարության մասին ասած «մի կաթսայում երկու գլուխ չի եփվի» բռիությանը, եւ շեշտադրել, որ «Մեդվեդեւը ոչինչ չի որոշում, նա թիմ չունի, բոլոր ուժային կառույցներում նստած են Պուտինի մարդիկ»:
Սա ոչ այլ ինչ է, քան Իլհամ Ալիեւի դեմքը փրկելու փորձ: Կամ գուցե Գուլուզադեն գիտի, որ Իլհամ Ալիեւն արդեն իսկ շատ բան ասել է, որ դեռեւս չեն հրապարակվել եւ, այսպես ասած, «կանխարգելիչ» քայլ է արել. եթե նման բան տարածվի նախագահի անունից, ապա մարդիկ կմտածեն, որ նա ընդամենը «հասարակության մեջ իշխող տպավարությունն է փոխանցել»: Ամեն դեպքում, Գուլուզադեն հազիվ թե այդքան միամիտ է, որ արտահայտի իշխանության մոտեցումներին հակասող տեսակետ, այն էլ` նման դելիկատ խնդրում:
Ավելի հեռուն է գնացել մեկ այլ «քաղաքագետ»` Արազ Ալիզադեն: Վերջինս, հռետորական հարց ուղղելով Ռուսաստանի ղեկավարությանը, բացահայտ ասել է. «Չե՞ք սիրում կովկասցիներին, բարի եղեք բաց թողնել կովկասյան հանրապետություններին: Նրանց ազատություն տվեք, տեսնենք ի՞նչ կմնա Ռուսաստանից: Միայն Մոսկովյան թագավորությո՞ւն»: Մոսկվայում տեղ գտած անկարգությունների շուրջը տեղեկատվական հոսքերում նման կտրուկ եւ ըստ էության սադրիչ երկրորդ տեսակետ մեզ գոնե հայտնի չէ: Իսկ դա չի կարող որեւէ մեկի հիվանդ երեւակայության արդյունք լինել այն պարզ պատճառով, որ Ադրբեջանում ոչ միայն անկախ, այլեւ նույնիսկ անկողմնակալ քաղաքագետ եւ լրատվամիջոց գոյություն չունեն: Միայն այն փաստը, որ Իլհամ Ալիեւի նախագահական տնօրինությամբ գալիք տարի պետական լուրջ օժանդակություն կստանա 32 տպագիր եւ 8 ինտերնետային լրատվամիջոց, շատ բան է ասում:
Պատահակա՞ն է, որ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազանգը համընկնում է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսաստանյան տրամադրությունների անզուսպ պոռթկումներին: Ո՞րն է որին նախորդել կամ հաջորդել: Այս հարցերն, իրոք, «գոյության իրավունք ունեն»: Չի՞ ուրվագծվում, արդյոք, որոշակի գործարք` «դուք մեզ` հակառուսաստանյան տրամադրություններ, մենք ձեզ` ափսոսանք ձեր կոռումպացվածության եւ անբարեկրթության մասին հրապարակումների առթիվ»: Բայց, ինչպես ռուսներն են ասում, «մահակը երկու ծայր ունի»: Եվ կարծես թե «մյուս ծայրն» արդեն իր մասին հիշեցնում է: Օրերս Arannews.ir կայքը տեղեկություն է տարածել, համաձայն որի` իրանական Արդեբիլ քաղաքի գլխավոր մզկիթում ուրբաթօրյա նամազին, որի ժամանակ քաղաքի հոգեւոր առաջնորդը շանթուկրակ է թափել ԱՄՆ կառավարության գլխին, ներկա է գտնվել Իրանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Ի՞նչ է սա, եթե ոչ` որ իրանական կողմը նույնպես Ադրբեջանի դեմ «կոմպրոմատներ» ունի եւ պատրաստ է դրանք ներկայացնել ավելի մեծ ծավալով եւ ընդգրման տիրույթով: Եվ արդյո՞ք ենատեքստ չունի այն, որ ռուսաստանյան որոշ հայտնի լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպում Ադրբեջանին վերաբերող որեւէ նոր բացահայտում:
Տարին, այսպիսով, Ադրբեջանի համար այնքան էլ բարեհաջող չի ավարտվում, եթե ավելին չասենք: Իլհամ Ալիեւը հավակնություններ ուներ «կամուրջ դառնալու Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ», բայց Վաշինգտոնն ամեն ինչ իրար խառնեց: Եվ այսօր նա ավելի շատ նման է շփոթված «կոչնականի», որի առջեւ կարծես բոլոր դռները բաց են, բայց դռներից ներս նրան ոչ ոք չի սպասում:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ