«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2010-12-16 | #233, 2010-12-17 | #234, 2010-12-18


ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԷԴՈՒԱՐԴ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻՆ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Էդուարդ Տեր-Ղազարյանին նվիրված մեծարման երեկո: Ճեմասրահում Տեր-Ղազարյանի ստեղծած մանրաքանդակների ցուցադրությունն էր:

Երեկոյի ընթացքում Տեր-Ղազարյանին իրենց կատարումներով ողջունեցին «Շելլ» դաշնամուրային տրիոն, Երեւանի կամերային երգչախումբը, Տեր-Ղազարյանի թոռնուհին` Արեւիկը, «Բերդ» պարային համույթը:

ՀՀ մշակույթի նախարարությունը բարձր գնահատելով Տեր-Ղազարյանի գործունեությունըՙ պարգեւատրեց նրան ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Էդուարդ Տեր-Ղազարյանը միկրոքանդակագործ է, ջութակահար, երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ, ծաղրանկարիչ, գիտնական-գյուտարար:

Նրա ստեղծած «հրաշքներից» են «Վիոլա պամպոզա» ալտը, «Չարլի Չապլին»ՙ ասեղի անցքում, գնացքըՙ մարդկային մազի մեջ:

Պարոն Տեր-Ղազարյանը ստեղծել է 1000-ից ավել միկրոքանդակներ, որոնք անզեն աչքով տեսանելի չենՙ ջութակ, ալտ, թավջութակ, նկարել է 1.500.000 ծաղրանկարներ, ունեցել է 30.000 համերգ:

Տեր-Ղազարյան արվեստագետը, գիտնական-գյուտարարը պատրաստում է նաեւ բարդ վիրահատությունների համար բժշկական գործիքներ, անզեն աչքով անտեսանելի բժշկական օղակներ:

Երեկոյի անկաշկանդ, բարեկամական մթնոլորտում Էդուարդ Տեր-Ղազարյանը պատասխանեց հարցերի, պատմեց իր կյանքից զարմանահրաշ, ծիծաղաշարժ պատմություններՙ կապված հայտնի մարդկանց, պետական-քաղաքական գործիչների հետ: Հանդիսատեսը ծափողջույններով ճանապարհեց 20-21-րդ դդ. «հրաշքների» արարչին:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4