Նենսի Փելոսին ենթարկվում է ճնշումների` Հայոց ցեղասպանության բանաձեւը քվեարկության չդնելու պահանջով
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն այսօր կարող է քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձեւի առնչությամբ, որ պետք է քվեարկության դրվեր դեռեւս նախորդ շաբաթավերջին: Քվեարկության հավանական օրը, դեկտեմբերի 17-ին, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` պահանջելով, որ Միացյալ Նահանգների վարչակազմը «մաս դառնա հայկական բանաձեւի հանմանն ուղղված ջանքերին»:
Թուրքական «Անադոլու» գործակալության տեղեկացմամբ, Դավութօղլուն հեռախոսազրույցում ընդգծել է, թե ԱՄՆ վարչակազմը պետք է քայլեր ձեռնարկի` հայկական բանաձեւը քվեարկությունից հանելու հարցում: Քլինթոնն, ըստ նույն աղբյուրի, հավաստիացրել է Դավութօղլուին, թե Միացյալ Նահանգների վարչակազմը կարեւորում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, եւ որ ամեն մի ջանք կգործադրվի Հայկական բանաձեւը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի օրակարգ չմտցնելու համար:
Այս տարվա մարտին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկությամբ այն կարող է մտնել Ներկայացուցիչների պալատ եւ դրվել քվեարկության: Ամեն դեպքում, ուրբաթ օրը չկայացած քվեարկության փոխարեն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կարող է երեքշաբթի կրկին դնել քվեարկության:
Թուրքական լրատվամիջոցներն էլ ամենայն մանրամասնությամբ են անդրադարձել ու մեկնաբանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր քվեարկությանն ու ընդունմանը: Մասնավորապես, «Hyurriyet Daily News»-ը դեռեւս շաբաթ օրը նշել էր, թե Ցեղասպանության բանաձեւի քվեարկությունը կարող է հավանական համարվել, ընդ որում` ավարտվել բանաձեւի ընդունմամբ: Ընդ որում, այդպիսի կարծիք է հայտնել «Արդարություն եւ բարգավաճում» իշխող կուսակցության փոխնախագահ Սուաթ Քոնուքլուօղլուն, նշելով, որ եթե բանաձեւը հասնի մինչեւ պալատի քվեարկությանը, կընդունվի:
Թուրքական պարբերականի դիվանագիտական աղբյուրները, սակայն, հավաստիացնում են, թե Օբամայի վարչակազմը լուրջ ճնշումներ է գործադրում Նենսի Փելոսիի վրա` թույլ չտալու օրակարգային դարձնել բանաձեւի քվեարկությունը: «Որքան ժամանակը շատ անցնի, այդքան ճնշումը Փելոսիի վրա կուժեղանա», նշում են թուրքական դիվանագիտական աղբյուրները: Ամեն դեպքում, հետաքրքրական է, որ միակ դժվար հարց է դիտարկվում բանաձեւը քվեարկությանը դնելը, քանի որ բանաձեւի ընդունման հավանականությունը «հենվում է» նաեւ վերջերս Թուրքիայի հանդեպ ոչ դրական վերաբերմունքի վրա, մասնավորապես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ի տարբերություն պետքարտուղար Քլինթոնի, անուղղակի է անդրադարձել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, որեւէ կերպ չտալով Հայոց ցեղասպանության բանաձեւի անունը, այլ WikiLeaks կայքէջի գաղտնազերծած փաստաթղթերի առնչությամբ էլեկտրոնային հարցազրույց տալով «Հյուրիեթին»:
Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները «առավել քան երբեւէ կարեւոր են», ու թեեւ տվյալ դեպքում որպես ենթատեքստ մատուցվում են WikiLeaks-յան բացահայտումները ամերիկա-թուրքական հարաբերությունների առնչությամբ, հստակ է, որ նախորդ կիրակի արված հարցազրույցը չէր կարող անուղղակի չվերաբերել նաեւ Հայոց ցեղասպանության բանաձեւին:
Այս ամենով հանդերձ, առավելապես վերլուծական գնահատականներում բանաձեւին կողմ քվեարկելու դիտարկումները հենվում են այն մոտեցման վրա, թե ԱՄՆ հայկական լոբբիին կարող են միանալ նաեւ այլ նմանատիպ ուժեր: Այդ պարագայում է, որ թեեւ Ներկայացուցիչների պալատն այս տարի կարող է գումարել իր վերջին նիստը, իսկ հաջորդ տարվանից արդեն Նենսի Փելոսին չի գլխավորի ԱՄՆ Կոնգրեսի այս ստորին պալատը, բայց բանաձեւի ընդունումը կարող է մնալ օրակարգային:
Ամերիկայի հայկական համագումարն, իր հերթին, շարունակում է աշխատել բանաձեւի ընդունման ուղությամբ, հանդիպումներ ու քննարկումներ ունենալով քվեարկության մասնակիցների հետ: Դրա դեմ գործունեություն են ծավալում նաեւ ԱՄՆ-ում գործող թուրքական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք ԱՄՆ-ում բնակվող թուրքերի հետ «ոչ» քվեարկելու պահանջով դիմելու են այն կոնգրեսականներին, որոնք կմասնակցեն Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը:
Միեւնույն ժամանակ, այս ամենին ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններն են փորձում «շաղկապել» ադրբեջանցիները: «Ազերիպրես» գործակալության տեղեկություններով, ԱՄՆ-ում ապրող ադրբեջանցիները հանդես են եկել հաղորդագրությամբ եւ սպառնացել ԱՄՆ-ին, հայտարարելով, թե Ցեղասպանության բանաձեւի քվեարկությունը ոչ միայն կվնասի ԱՄՆ-Թուրքիա, այլեւ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին, այդպիսով սպառնալիքի տակ կդրվեն ամերիկյան շահերը Հարավային Կովկասում: Վրացիներից ավելի ամերիկամետ են, ստացվում է, իրենց զգում ամերիկաբնակ ադրբեջանցիները...