Լույս երկուշաբթի գիշերը Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է կիրակնօրյա նախագահական ընտրությունների արդյունքները: Բոլոր քվեարկությունների մշակումից հետո պարզվել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է քվեների 79,67 տոկոսը: 2006-ի նախագահական ընտրություններում նա ստացել էր 83 տոկոս, նշում է ՌԻԱ գործակալությունը:
ԿԸՀ-ի նախագահ Լիդիա Երմոշինան հայտարարել է, որ ընտրողների 6,47 տոկոսը քվեարկել է բոլոր թեկնածուների դեմ:
Նախագահության մյուս թեկնածուներից Անդրեյ Սաննիկովը ստացել է 2,56 տոկոս, Վլադիմիր Նեկլյաեւըՙ 1,7, Յարոսլավ Ռոմանչուկը եւ Գրիգորի Կոստուսեւըՙ 1,97, Վիտալի Ռիմաշեւսկինՙ 1,1, Վիկտոր Տերեշչենկոնՙ 1,08, Նիկոլայ Ստատկրիչըՙ 1,04, Ալես Միխալեւիչըՙ 1,2, Դմիտրի Ուսըՙ 0,48 տոկոս:
Ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների արդյունքները եւ կիրակի օրվանից բողոքի բազմամարդ ցույցեր է անում: Անկախության պողոտայով անցած եւ կառավարության տան առջեւ հավաքված հազարավոր ցուցարարներին ցրել են հատուկ ջոկատների եւ ներքին զորքերի զինծառայողները:
Բելառուսական կայքերը հաղորդում են, որ ընդդիմադիր թեկնածուների մեծ մասին ծեծել են, կալանավորել, ոմանք հայտնվել են հիվանդանոցներում: Ենթադրվում է, որ նրանց կներկայացվեն պետական հեղաշրժման մեղադրանքներ: Հատուկ ծառայությունները խուզարկություններ են անցկացրել թեկնածուների շտաբներում, իրավապաշտպանների գրասենյակներում, «Խարտիա-97» կայքի խմբագրությունում եւ որոշ այլ խմբագրություններում:
Ցուցարարների եւ օմոնականների բախումների ընթացքում տուժել են մեկ տասնյակ լրագրողներ (այդ թվումՙ ռուսաստանցի), հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը: Երեկ լարված իրադրությունը պահպանվում էր: