«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2010-12-17 | #234, 2010-12-18 | #235, 2010-12-21


ՔԵԶ ՏԵՍՆԵՆՔ, ԱՍԱՆԺ

Ինչպես տեղեկացնում է «Գազետա.ռու»-ն, Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Կլաուս Շվաբը հայտարարել է, որ ցանկանում է գալիք տարի համաժողովին հրավիրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: «Իրականում ես պետք է հրավիրեմ Ասանժին` համաժողովին մասնակցելու: Սակայն նրա հնարավոր մասնակցությունը բարդանում է այն հանգամանքով, որ Ասանժը իրավունք չունի լքելու Անգլիան: Ինչեւէ` մենք կսպասենք մինչեւ շվեդական արդարադատությունը արդարացնի նրան», ասել է Շվաբը: Հիշեցնենք` Շվեդիան մեղադրանք է ներկայացրել Ջուլիանին` սեռական բնույթի հանցագործություններ կատարելու հիմքով: Ասանժը դեկտեմբերի 7-ին Սքոթլանդ Յարդ ինքնակամ ներկայացավ եւ դեկտեմբերի 15-ին Լոնդոնի դատարանի, այնուհետեւ` Բարձրագույն դատարանների որոշմամբ գրավի դիմաց ազատվեց: Հունվարի 11-ին Լոնդոնի դատարանը կորոշի` հանձնել Ջուլիանին Ստոկհոլմին, թե ոչ: Ինչ վերաբերում է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, ապա այնտեղ, վստահաբար Ասանժի ներկայությունը չի խանգարի: Ամեն տարի ձմռանը շվեյցարական այս քաղաքում հավաքվում են համաշխարհային քաղաքական ու տնտեսական գործիչներ, եւ քննարկում համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներն ու առկա մարտահրավերների չեզոքացման ծրագրերը: 2011-ին Դավոսի 41-րդ համաժողովը նախատեսվում է անցկացնել հունվարի 26-30-ը, եւ եթե Լոնդոնը Ասանժին չհամաձայնի հանձնել Շվեդիային ու նաեւ լիարժեք ազատ արձակի, կամ դա անի արդեն շվեդական դատարանը, ապա որոշ ժամանակ անց «համաշխարհային տնտեսության նրբությունները հայտնի կդառնան յուրաքանչյուրին, ով համացանցով կբացի WikiLeaks-ը»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4