«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2010-12-17 | #234, 2010-12-18 | #235, 2010-12-21


ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Երեկ Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հիմնական մասնաշենքում տեղի ունեցավ Մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը, եւ խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Արդյունքները, սակայն, ամփոփվեցին կուլտուրայի ֆակուլտետի մասնաշենքում: Կուլտուրայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գեւորգ Թադեւոսյանը տեղեկացրեց, որ խորհրդի նախագահը նիստից հետո լինելու է իրենց մասնաշենքում, որտեղ ուսանողներն ու դասախոսները մեծ ոգեւորությամբ սպասում էին նրան:

Նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը կուլտուրայի ֆակուլտետում էր: Վարչապետը շրջեց վերջերս հիմնանորոգված մասնաշենքում, ծանոթացավ շենքային պայմաններին ու ուսումնական գործընթացին, եղավ պարարվեստի դահլիճում, որտեղ այդ ժամանակ ինքնուրույն աշխատանքի դասաժամ էր: Վարչապետի հետ կուլտուրայի ֆակուլտետ էին եկել նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Այնուհետեւ դահլիճում խորհրդի անդամների, ռեկտորատի կազմի, ֆակուլտետների ներկայացուցիչների` դեկանների, ամբիոնի վարիչների եւ ուսանողների ներկայությամբ ամփոփվեցին քվեարկության արդյունքները:

ՀՀ վարչապետին եւ ներկաներին իրենց կատարումներով ողջունեցին կուլտուրայի ֆակուլտետի երգչախումբն ու փողային նվագախումբը, ապա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օրհնության խոսք ասաց: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը հրապարակեց, որ միաձայն ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Սարգսյանը: Հրավարդ Հակոբյանը վարչապետին հանձնեց ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահի շքանշանը:

  Տ. Սարգսյանը խորհրդի անդամներին հայտնեց իր շնորհակալությունը եւ նշեց, որ Մանկավաժական համալսարանի խորհրդի նախագահ լինելը մեծ պատասխանատվություն է. «Կարծում եմ` առաջին հերթին մեր առջեւ խնդիր է դրված բարձրացնելու Մանկավարժական համալսարանի հեղինակությունը, եւ այս խնդիրը մենք կարող ենք լուծել զուգահեռաբար աշխատելով մի քանի ուղղություններով: Առաջինը, եթե խորհուրդն ու դասախոսական կազմն իր առջեւ դնի բարձր ու վեհ գաղափարներ, եւ ազնվորեն նվիրվի այդ նպատակների իրականացմանը: Ուզում եմ, որ մեր հանրապետությունում փոխվի վերաբերմունքը մանկավարժական համալսարանի հանդեպ, եւ այս համալսարանը հանրապետությունում լինի առաջինը»: Կարեւորելով մանկավարժների ու կրթված հասարակության դերը` վարչապետը նշեց. «Հայաստանում գիտելիքահենք հասարակություն ստեղծելը մեր բարեփոխումների նպատակն է»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4