Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ ԿԳՆ-ում ամփոփեց 2010-ի ընթացքում կատարված աշխատանքները: Բացի նախարարության իրականացրած աշխատանքներից` լրագրողներին հետաքրքրում էր` Արմեն Աշոտյանը կմնա՞ իր պաշտոնում, թե՞ պաշտոնանկ կարվի: Հարցին նախարարն այսպես պատասխանեց. «Շաբաթ օրը` Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված նիստի ժամանակ երկրի ու կուսակցության նախագահն ուրվագծեց, հաստատեց պետական պաշտոնյայի գործունեության նոր որակական չափանիշները: Վստահ եմ` բոլոր այն պաշտոնյաները, որոնք չեն համապատասխանելու երկրի ղեկավարի պահանջներին, պետք է չաշխատեն: Եթե այդ պաշտոնյան կլինեմ ես, ես նույնպես չպետք է աշխատեմ»:
Անդրադառնալով տարվա ձեռքբերումներին` նախարարը նշեց, որ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շնորհիվ նախարարությունը կարողացել է բացել նախակրթարաններ Արարատի ու Արագածոտնի մարզերի 41 համայնքներում: Արմեն Աշոտյանը խոսելով հանրակրթության որակից` նշեց. «Աշակերտական միջազգային 7 օլիմպիադաներից բերել ենք 7 մեդալներ, ինչը վկայում է հանրակրթության ոլորտի բավականին բարձր որակի մասին»: Նախարարի փոխանցմամբ` շարունակվել են բարեփոխումները ներառական կրթության ասպարեզում: Կրթության ու գիտության ոլորտում համագործակցելու պայմանագրեր են կնքվել տարբեր պետությունների հետ: Այդ պետություններից են Չեխիան, Սլովենիան, Վրաստանը, Իրանը, Թուրքմենստանը եւ այլն: Միջպետական պայմանագրերի համաձայն` այս տարի 220 ուսանողներ հնարավորություն են ստացել շարունակելու իրենց կրթությունը արտերկրում: Նախարարությունն իր հերթին ընդունելություն է կազմակերպել օտարերկրացիների համար, ընդունվել են 420 արտասահմանցի դիմորդներ: Սփյուռքի համար տպագրվել է 50 հազար դասագիրք, որոնք ամբողջությամբ առաքվել են: «Այս տարի մեզ հաջողվեց լուծել Ջավախքի հայկական դպրոցներին դասագրքերով ապահովելու խնդիրը», տեղեկացրեց նախարարը: Լիցենզավորման գործընթացի վերաբերյալ Ա. Աշոտյանը նշեց, որ այս տարի մասնակի կամ ամբողջությամբ կասեցվել են 25 ուսումնական հաստատությունների լիցենզիաները: Բարեփոխումներ են կատարվել նաեւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովում, խստացվել են դոկտորական ու թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության մեխանիզմները: 2010 թվականին Հայաստանում դոկտորական կոչում են ստացել 43, իսկ թեկնածուի կոչում` 485 հոգի:
Ինչ վերաբերում է խնդիրներին, նորություն չէ, որ կրթության ոլորտում ամենամեծ խնդիրը կոռուպցիան է, ինչի վերաբերյալ նախարարն իր դժգոհությունը հայտնեց. «Դժգոհ եմ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի մեր արդյունավետությունից, տեղերում շարունակաբար դրսեւորվող կամայականություններից, ապօրինություններից եւ օրենքների խախտումներից: Բոլորս` սկսած ինձնից, ուզում ենք, որ ամեն ինչ շտկվի եւ ուղղվի հենց հիմա եւ միանգամից, բայց, ցավոք, դա անհնարին էր»: Չնայած թվարկած հաջողություններին` Արմեն Աշոտյանը դժգոհ է իրենց կատարած աշխատանքների ծավալից. «Կարող էինք ավելին անել»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ