ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նշանակված Վիշապի այգու կառուցապատման վերաբերյալ հասարակական լսումները կարելի է համարել չկայացած: Դեկտեմբերի 18ին` 10:30-ին, քննարկման համար Վիշապի այգի էին եկել շրջակա տների բնակիչներ, Բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Սակայն քննարկմանը չհայտնվեցին ոչ «ԿԱԷՌ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որ սկսել էր այգու կառուցապատումը, ոչ Նոր Նորքի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բնակիչների եւ հասարակայնության պահանջով Վիշապի այգում կանգնեցրեց բազմահարկ կառույցի ապօրինի շինարարությունը եւ հայտարարեց. «Մենք կանցկացնենք հասարակական լսումներ այն մարդկանց հետ, ովքեր այստեղ ապրում են, կլսենք նրանց, իսկ դուք կպատմեք, թե ինչ եք ուզում կառուցել, ինչ փաստաթղթեր ունեք: Եթե ստանաք փորձաքննության դրական եզրակացություն, ապա կշարունակեք շինարարությունը»:
Վիշապի այգու համար հասարակայնության պայքարը մեկ ամսից ավելի է` շարունակվում է: 4 հազարից ավելի տարեկան քարե վիշապը շինարարություն իրականացնողները գերեվարել էին, իսկ ծառերը կտրել են ու այրել: Իսկապես, այգու բարեկարգման ակցիայի ժամանակ տնկված ծառերի միջեւ նկատելի էին ծառերի մնացորդներ եւ այրված արմատներ:
Ինչպես նշեց ճարտարապետ Մարինա Փափազյանը, փաստաթղթերը, որոնց հիման վրա ընկերությունը սկսել է շինարարությունը, վկայում են, որ թույլտվությունը տրված է այգու բարեկարգման, այլ ոչ թե բնակելի շենքի կառուցման համար: Սակայն այդ տարածքի սեփականատերը որոշել է բնակելի շենք կառուցել` չունենալով դրա համար օրինական հիմք: «Օրինական հիմք չի եղել նաեւ տարածքը օտարելու որոշման համար», կարծում են բնակիչները եւ հասարակական կազմակերպությունները:
Ավելի քան 200 հոգի, որոնք հավաքվել էին այգու այդ տարածքում, ստորագրեցին կառուցապատման դեմ: Ենթադրաբար անօրինական որոշումը հետ կանչելու դիմումով բնակիչներն ու ակտիվիստները մտադիր են դիմել Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ինչպես նաեւ` ՀՀ կառավարությանը:
Մ. Մ.