Orange-ը եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական եւ մարզական դաստիարակություն:
Բարեգործական ծրագրերի շրջանակներում վերաբացվեցին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 դպրոցի եւ Ջուջեւան գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճները: Ջուջեւան գյուղի մարզադահլիճը վերանորոգվել է USAID-ի միջոցներով, CHF եւ «Շեն» կազմակերպությունների համատեղ ջանքերով, իսկ Նոյեմբերյանի մարզասրահի վերանորոգումն իրականացվել է համայնքի ջանքերով: Մարզադահլիճները վերազինվել են մարզական գույքով Orange-ի միջոցներով` ընկերության ռազմավարական գործընկեր «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ռազմավարական գործընկերության շրջանակներում:
Երկու դպրոցների մարզադահլիճները, որոնք կահավորվել են տարբեր մարզաձեւերի համար անհրաժեշտ պարագաներով եւ մարզասարքերով, այժմ կկարողանան լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները: Ամանորը դպրոցի աշակերտները կդիմավորեն արդեն միանգամայն նոր մարզական միջավայրում, իսկ հաջորդ կիսամյակից սկսած` մարզական գույքի առկայությունը թույլ կտա ոչ միայն լիարժեք կերպով կազմակերպել ուսումնական ծրագիրը, այլ նաեւ ստեղծել տարբեր սպորտային խմբակներ եւ միջոցառումներ:
«Որպես երկրի տնտեսական կյանքում կարեւոր դեր ունեցող ընկերություն` մենք ցանկանում ենք նաեւ մեր ներդրումն ունենալ այլ` «ոչ հաղորդակցային» ոլորտներում, եւ որպես մեր բարեգործական ծրագրերի առանցք սահմանել ենք այն ամենը, ինչ վերաբերում է երեխաներին, ինչպես նաեւ խոցելի գյուղական համայնքներին: Մեզ համար խիստ կարեւոր է այն փաստը, որ այս ծրագրի իրականացման գործում մասնակցություն են ունեցել ինչպես «Շեն» կազմակերպությունը, այնպես էլ համայնքները: Համայնքների ներգրավվածությունը մեզ համար երաշխիք է ծրագրի կենսունակության համար», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան :
Երկու ծրագրերի իրականացման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 5,607,000 դրամ:
Տավուշի մարզի մեկ այլ գյուղում` Սեւքարում, մոտ մեկ ամիս առաջ բացվել է գյուղի մանկապարտեզը` առաջին իսկ օրվանից դիմավորելով 62 սաների: Մանկապարտեզի վերականգնման եւ կահավորման աշխատանքները համատեղ իրականացրել են USAID, CHF, World Vision, UNDP, Orange եւ «Շեն» կազմակերպությունները, ինչպես նաեւ մասնավոր բարերարներ: Աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է բերել նաեւ համայնքը: Orange-ն իր ներդրումն է ունեցել հատկապես մանկապարտեզի կահավորման գործում, որի համար տրամադրել է 4,660,000 դրամ:
«Մեր համագործակցությունն Orange-ի հետ սկսվեց մեկ տարի առաջ, եւ այս ընթացքում մենք միասին կյանքի կոչեցինք տասից ավելի նախագծեր: Մեր մոտեցումները համընկնում են. Հայաստանը ոչ միայն Երեւանն է, այլ նաեւ իր մարզերն ու գյուղերը, այս պատճառով է, որ ուրախ ենք այս համագործակցության համար, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը եւ երկարաժամկետ իրագործումների է ուղղված», ասաց «Շեն»-ի վարչության նախագահ Հայկ Մինասյանը: