Վարշավայում ավարտված կայծակնային եւ արագ շախմատի Եվրոպայի առաջնություններում Հայաստանը ներկայացրին Զավեն Անդրեասյանը, Հրայր Սիմոնյանը եւ Վահե Բաղդասարյանը: Մասնակիցների թվում էր նաեւ Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը:
Մրցաշարի առաջին օրը 334 շախմատիստներ վիճարկեցին կայծակնային շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Անցկացվեց 13 տուր, ընդ որում մրցակիցները միմյանց հետ հանդիպեցին երկու անգամ սեւ եւ սպիտակ խաղաքարերով: Այս մրցաշարում լավագույն արդյունքի հասավ ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որը 26 հնարավորից վաստակեց 22 միավոր: 2-րդ տեղը գրաված ուկրաինացի Վասիլի Իվանչուկը հաղթողից հետ մնաց 2 միավորով: 3-րդ տեղը 19,5 միավորով զբաղեցրեց ուկրաինացի մեկ այլ գրոսմայստերՙ Ռուսլան Պոնոմարյովը: 18,5 միավորով 4-րդը Սերգեյ Մովսիսյանն էր:
Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Զավեն Անդրեասյանը, որը 17,5 միավորով գրավեց 17-րդ հորիզոնականը: Նա 2 պարտիաներում էլ առավելության հասավ Պաուլինա Կագարայի, Ջուլիա Կոչետկովայի, Վլադիմիր Շմիդտի, Վասիլի Իվանչուկի, Ռենե Սթերնի նկատմամբ: Զավենը 1,5 միավոր վաստակեց Ալեքսանդր Ռյազանցեւի եւ Ալեքսանդր Շիմանովի հետ պարտիաներում: Սերգեյ Մովսիսյանի, Վիտալիս Սամոլինսի, Էռնեստո Ինարկիեւի եւ Դարիուշ Շվիրցի հետ մրցախաղերում Անդրեասյանն իր օգտին մեկական միավոր գրանցեց: Իսկ ահա ադրբեջանցի Վուղար Հաշիմովի հետ երկու պարտիաներում հայ շախմատիստը կես միավոր վաստակեց: Բոլորից անհաջող Անդրեասյանը խաղաց մրցաշարի հաղթող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետՙ 7-րդ տուրում 2 պարտիաներում էլ պարտություն կրելով մրցակցից: Փաստորեն, հենց Անդրեասյանն էլ շատ բանով նպաստեց ֆրանսիացու հաջողությանը, քանի որ բացի նրան 2 միավոր պարգեւելուց, 2 պարտիաներում էլ հաղթել էր Վաշիե-Լագրավի գլխավոր հակառակորդ Վասիլի Իվանչուկին:
Վահե Բաղդասարյանը 14,5 միավորով 94-րդն էր, իսկ Հրայր Սիմոնյանը 14 միավորով գրավեց 114-րդ տեղը:
Մրցաշարի հաջորդ երկու օրերին 723 շախմատիստներ պայքարի մեջ մտան արագ շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Այստեղ պայքարն ավելի թեժ բնույթ կրեց: Անցկացրած 13 տուրից հետո (մրցակիցները միայն մեկ պարտիա էին միմյանց հետ խաղում) միանգամից 6 շախմատիստներՙ հունգարացի Զոլթան Ալմաշին, ուկրաինացիներ Վասիլի Իվանչուկն ու Անտոն Կորոբովը, ադրբեջանցի Վուղար Հաշիմովը, Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը եւ Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչը վաստակեցին հավասարՙ 10,5-ական միավոր:
Մրցակարգի համաձայն, նրանց միջեւ կայծակնային մրցախաղ անցկացվեց: Նախնական փուլում Հաշիմովը հաղթեց Նայդիչին, Շիրովը պարտության մատնեց Կորոբովին: Կիսաեզրափակիչում Ալմաշին առավելության հասավ Շիրովի նկատմամբ, իսկ Հաշիմովը պայքարից դուրս մղեց Իվանչուկին: Եզրափակիչում Ալմաշին հաղթելով Հաշիմովին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 3-րդ տեղը գրավեց Իվանչուկըՙ պարտության մատնելով Շիրովին:
Սերգեյ Մովսիսյանը 10 միավորով գրավեց 12-րդ տեղը: 9,5 միավորով 16-րդ տեղը գրավեց Զավեն Անդրեասյանը: Հրայր Սիմոնյանը 9 միավորով գրավեց 58-րդ տեղը, իսկ Վահե Բաղդասարյանը 8 միավորով զբաղեցրեց 128-րդ հորիզոնականը: