Երեկ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ՌԴ սպորտի եւ տուրիզմի նախարարությունում հանդիպեց ֆուտբոլային երկրպագուների հետ, այդ թվում, ինչպես տարօրինակորեն առանձնահատուկ ընդգծում են ռուսական լրատվամիջոցները` ֆուտբոլի «հյուսիսկովկասցի երկրպագուների հետ»: ՌԴ վարչապետը անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի համակիր Եգոր Սվիրիդովի սպանությանը, որի հետեւանքով, հիշեցնենք, ՌԴ խոշոր քաղաքներում բռնկվեցին ազգամիջյան լուրջ բախումներ` կովկասցիների ու «սլավոնական արտաքինով ռուս ծայրահեղականների միջեւ»: «Սվիրիդովի սպանությունը սոսկալի երեւույթ է», մեկնաբանել է Պուտինը: Այնուհետեւ վարչապետը խոսել է Ռուսաստանում միգրացիոն խնդիրներից եւ պահանջել «եկածներին» հարգել տեղական սովորույթներն ու օրենքները: «Եթե տեղական օրենքներն ու սովորույթները խախտվեն, ապա մենք ստիպված կլինենք վերանայել, այն է` խստացնել ժամանակավոր գրանցման կարգը Ռուսաստանի խոշոր քաղաքներում», ըստ «ՌԻԱ Նովոստի»-իՙ հայտարարել է Պուտինը:
Ի դեպ, երեկ կրկին «պայծառատեսությամբ» հանդես է եկել ՌԴ միգրացիոն վարչությունը` այս անգամ պետի տեղակալ Լեոնիդ Տրյուկինի մակարդակով: Հիշեցնենք, որ օրեր առաջ դաշնային այս գերատեսչության պետ Կոնստանտին Ռոմոդովսկին հայտարարել էր, որ այսօր Մոսկվայում ապօրինի ապրում եւ աշխատում են 200 հազար միգրատներ: Իսկ երեկ նրա տեղակալը նշել է, որ այսօր Ռուսաստանում ապրում են շուրջ 3,5 մլն ապօրինի միգրանտներ: Մնում է միայն երկու «միամիտ» հարցեր ուղղել Տրյուկինին եւս. նախ` ՌԴ միգրացիոն վարչությունը որտեղի՞ց գիտի երկրում ապրող ապօրինի միգրանտների, գրեթե ճշգրիտ թիվը: Չէ՞ որ եթե միգրանտը ապօրինի է, ապա նա այդ երկրում ապրում ու աշխատում է (եթե աշխատում է) գաղտնի` առանց որեւէ տեղ գրանցվելու: Երկրորդ հարցը` եթե ընդունենք, որ միգրացիոն վարչությունը գիտի ապօրինի միգրանտների գրեթե ճշգրիտ թիվը, հետեւաբար` գիտի նաեւ նրանց կարգավիճակի ապօրինի լինելը, սակայն համապատասխան քայլեր չի ձեռնարկում, ապա չի՞ նշանակում դա, որ ՌԴ միգրացիոն վարչությունում առկա է կոռուպցիա: Հետաքրքրական է, այս երկու պատասխաններից ո՞րը կընտրի Լեոնիդ Տրյուկինը, միգուցե` «երրո՞րդը»... որը թերեւս չկա:
Հ. Ա.